«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա». ձայնագրվել է 60 հայ կոմպոզիտորի ստեղծագործություն
«Արս լունգա» դուետն իրականացրել է «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա (մաս I. ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար)» նախագիծը, որը հայ երաժշտության պատմության մեջ իր ձևով ու բովանդակությամբ միակն է, քանի որ թավջութակի և դաշնամուրի համար հայ կոմպոզիտորների գրած ստեղծագործությունների մեծ մասը երբևիցէ չի կատարվել կամ էլ կատարվել է տասնամյակներ առաջ, և ձայնագրություններն արդեն վերականգնման կարիք ունեն:
«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի ստեղծման և իրականացման գաղափարը «Արս լունգա» դուետինն է՝ ի դեմս Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի: Ծրագիրը ներառում է հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական միտքն ու ավանդույթները 20-րդ դարասկզբից մինչև մեր օրերը, այդ թվում՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների, ովքեր, մասնակցելով ծրագրին, իրենց ստեղծագործությունները նվիրել են «Արս լունգային»:
Դուետը ծրագրի շրջանակներում հավաքել է 20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորի՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործություններ, կատարել և ձայնագրել ձայնագրման ժամանակակից պահանջներին համապատասխան: Արդյունքում թողարկվել են ձայնագրությունների ժողովածուներ, որոնցից կազմված յուրաքանչյուր հավաքածու (12 ձայնասկավառակ) ամփոփվում է այդ շարքում ընդգրկված հեղինակների կենսագրականները ներառող գրքույկում:
Թողարկված ձայնագրությունների ժողովածուները նախատեսված չեն վաճառքի համար: Դրանք կտրամադրվեն աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին, երաժշտական փառատոներին, քոլեջներին, բուհերին, կոմպոզիտորների միություններին, դասական երաժշտություն քարոզող ռադիոկայաններին:
Սեփական ձայնադարան ունեցող յուրաքանչյուր երաժշտական հաստատություն ևս կստանա այս ձայնագրությունների ժողովածուն' երաժշտության գրականության և պատմության դասընթացներում օգտագործելու համար:
«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագիրը բաղկացած է մի քանի մասից: «Արս լունգա» դուետը նախատեսում է շարունակել ձայնագրությունների շարքը' համալրելով այն հայ կոմպոզիտորների այլ կամերային ստեղծագործություններով՝ դաշնամուրային տրիո, կվարտետ, կվինտետ և այլն:
Ծրագրին աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը, հովանավորել են «ՎիվաՍել» ընկերությունը և «Երևան ինթերնեյշնլ ռոտարի» ակումբը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել