Ազգային ժողովի պատգամավորների հայտարարություններն այսօրվա նիստում
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հայտարարությունը
Ծնելիության մակարդակի աստիճանական նվազումը ժողովրդագրական լուրջ խնդիր է մեզնից ավելի հզոր ու հարուստ պետությունների համար: Հայաստանի պարագայում դրա հետևանքներն անհամեմատ ավելի վտանգավոր են: Իսկ ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությունը այս մարտահրավերներին դիմակայելու համար: Կառավարության ծրագիրն առաջարկում է այն քայլերը, որոնք բազմիցս ապացուցել են իրենց անարդյունավետությունը: Ապացուցել են Հայաստանում: Ապացուցել են հարյուրապատիկ ու հազարապատիկ ավելի մեծ հնարավորություններ ունեցող երկրներում:
Այդ փաստաթղթում առաջարկվում են քայլեր, որոնք կամ խիստ որոշակի են և նույնքան որոշակիորեն անօգուտ կամ խիստ վերացական են ու նույնքան թերի: Այսպես, երեխայի ծնվելու կապակցությամբ նախատեսվող միանվագ նպաստների համակարգը բազմիցս ապացուցել է իր անարդյունավետությունը՝ ծնելիությունը խթանելու գործում: Իսկ միջազգային փորձը, երկրում առկա միտումների իմացությունն ու պարզ տրամաբանությունը հուշում են, որ հայասանցիների վերարտադրողական վարքում դեռևս ոչ ճակատագրական, սակայն կարևորագույն փոփոխություններ են տեղի ունեցել:
Այս ուղղությամբ արդյունավետ պետական քաղաքականությունը պահանջում է գերակայություններ սահմանելիս հաշվի առնել ժամանակակից գիտական և վերլուծական ամենավերջին ձեռքբերումներն ու փաստական տվյալները: Քաղաքական նման համեմատաբար կենսունակ միջամտության օրինակ է աշխատաժամանակի ճկուն համակարգի ներդրումը ողջ երկրում, ինչը հնարավորություն կընձեռի կանանց և տղամարդկանց ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաների խնամքին` առանց տնտեսության և հասարակության համար բեռ դառնալու վտանգի:
Վստահեցնում եմ, որ պատշաճ վերլուծության և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում լուծումներ շատ կգտնվեն: Կարծում եմ նաև, որ անհրաժեշտ է նպաստել 35-ից բարձր տարիքի կանանց ծնելիության բարձրացմանը, դրա համար անհրաժեշտ տեխնոլոգիական, ենթակառուցվածքային և մշակութային փոփոխություններ կատարելու միջոցով: Անհրաժեշտ է օր առաջ միջոցներ ձեռնարկել երկրորդային անպտղություն առաջացնող մի շարք վարքագծային պատճառները վերացնելու և մեր կանանց ու տղամարդկանց համար իրավամբ չարիք դարձած այս երևույթի դեմն առնելու համար:
Բազմաթիվ այլ մարտահրավերների հաղթահարման գործում մեր կատարած շատ ու շատ սխալներ ժամանակը հաճախ ներում է: Սակայն, բնակչության և զարգացման, մասնավորապես ծնելիության հարցերում ժամանակն անողոք է: Մեր կատարած ոչ մի սխալ, ոչ մի բացթողում անպատիժ չի թողնելու ժամանակը: Եվ պատժելու է ոչ միայն մեզ, այլև մեր զավակներին, մեր սերունդներին: Սխալներ կատարելու իրավունք չունենք: Ծնելիությանը, կանանց և տղամարդկանց վերարտադրողական իրավունքների իրականացմանը նպաստելու քաղաքականությունը չպետք է դառնա պոպուլիզմի գերին: Հարցի գինն անչափ բաձր է: Սխալների համար թանկ ենք վճարելու: Վճարելու ենք բոլորս:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը
Հայ մեծանուն գրող Ռաֆայել Պատկանյանի «Վարդապետարան Հայաստանի Ազատության» աշխատությունը, որը լույս է տեսել 1889 թվականին, պատասխանում է այսօր մեզ հուզող մի շարք հարցերի: Մեջբերում եմ`
«Ամոթ, հավիտենական ամոթ հայերին: Կիսագազան սևամորթ ստրուկը հիմնեց իր անկախ Լիբերիա պետությունը ու դարերով հալածված ջհուդը փողի ուժով իրեն սեփականություն դարձրեց Պաղեստինի 2/5 մասը, իսկ անհոգ հայերն իրենց հարազատ դրախտ Հայաստանի մեջ մեկ թիզ անկախ խորշ չունին...
Հարց. Ի՞նչ պատճառով հայոց անկախությունը 4 անգամ կորսվեց:
Պատասխան. Հայերի անկախության 4 անգամ կորչելու պատճառները միևնույնն էին. Նախ՝ Հայաստանի հողը պատկանում էր 300-400 մեծամեծերի (նախարարների) և ոչ թե իր միլիոնավոր ժողովրդին, և երկրորդ՝ հայերի խելքը չկտրեց ազգային դրական օրենքներ հորինելու: Հայոց ազգը չուներ ոչ սեփական հող և ոչ օրենք:.. Հայ ազգի համար օտարների լուծը ոչնչով ավելի ծանր ու դառը չէր, քան համազգի նախարարների լուծը:
Հարց. Ո՞րն է ավելի շատ արյան և փողի զոհ պահանջում հայերից՝ թշնամու հետ պատերազմը, թե՞ այժմյան խաղաղ ստրկական վիճակը:
Պատասխան. Այն ստոր, արտասվելի, անընդունելի վիճակը, որի մեջ են այժմ հայերը, ավելի շատ արյան և փողի (նյութական) զոհ է պահանջում հայերից, քան դեմ առ դեմ պատերազմը թրքերի, քրդերի ու չերքեզների հետ: Տարեցտարի հազարավոր հայեր են մորթվում և միլիոնների փող և ապրանք են կողոպտվում, հափշտակվում, գողացվում, փչացվում անպաշտպան, փոքրոգի հայերից:
Հարց. Միթե կարող է Հայաստանը երբևիցե հայերի սեփականությունը դառնալ:
Պատասխան. Այո´, կարող է. անշուշտ կդառնա նա հայերի սեփականությունը, եթե բոլոր հայերը՝ այր ու կին, հարուստ ու աղքատ, ծեր ու պատանի այնպես բաղձան ու ձգտեն Հայաստանի ազատության, ինչպես քաղցածը ձգտում է հացին ու ծարավածը՝ ջրին:
Հարց. Ճշմարի՞տ է, որ ասում են, թե ազգը ստրկությունից ազատելու համար պետք է մեծամեծ վտանգների ենթարկվել ու պետք է ահագին փող վատնել:
Պատասխան. Այո´, շատ ճիշտ է: Եթե ազատագրողները 2-3 հոգի լինեն, վտանգը շատ մեծ է ու կորուստն՝ անխուսափելի, զոհերն էլ՝ մարդկային ուժից վեր, բայց եթե ամբողջ ազգը մասնակցի, այն ժամանակ և´ վտանգը, և´ զոհողությունն այն աստիճան կթեթևանան, որ ամեն մի անհատին գրեթե անզգալի կթվան…»-մեջբերման ավարտ:
Այսօր մեր ժողովուրդը քաղցած է և ծարավ, նրան խեղդում է ազատության ծարավը: Նրա գիտակցության մեջ տեղի է ունեցել հեղափոխություն, նա գիտի իրեն հուզող հարցի պատասխանը. «Ինքը՝ հայ ազգը, պիտի ազատէ Հայաստանը օտարների ձեռքէն»:
Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը
2008 մարտի 1-ին տեղի ունեցած ոճրագործությունը, երբ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները հրաման տվեցին կրակելու սեփական ժողովրդի վրա, ստեղծել է բարոյական ջրբաժան, որը թույլ չի տալու մեր հասարակությանն առաջ շարժվել այնքան ժամանակ, մինչեւ չեն պատժվել մարդասպանները եւ նրանց հրաման տված պաշտոնյաները:
Մարտի 1-ի հանցագործությունը ջրբաժան է ստեղծել ժողովրդի եւ պետական իշխանության միջեւ: Որեւէ իշխանություն երբեք չի կարողանա լեգիտիմ լինել եւ վայելել ժողովրդի վստահությունը, եթե մինչեւ վերջ պարզված չլինեն սպանությունների հանգամանքներն ու պատժված չլինեն հանցագործները: Այդ է պատճառը, թե ինչու Հայ Ազգային Կոնգրեսը հետեւողականորեն հետապնդում է մարտի 1-ի բացահայտման դատը:
Իրավապահ մարմինների ապօրինություններն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով ստեղծելու՝ Կոնգրեսի օրինագիծը ստացավ հանրության եւ խորհրդարանում ներկայացված ուժերի լայն աջակցությունը: Հասկանալով նախագծի մերժման պատասխանատվությունը ստանձնելու հետեւանքները, ՀՀԿ-ն դեկտեմբերի 3-ին հրապարակային երաշխիք տվեց, որ կհամաձայնվի հանձնաժողովի ստեղծմանը, եթե օրինագծից հեռացվեն քաղաքականացման տպավորություն առաջացնող դրույթները եւ հարցի քննարկումը տեղափոխվի ընտրություններից հետո, նույնպես այն նպատակով, որ նախագահական ընտրությունների նախօրեին հարցը չդառնա քաղաքական շահարկումների առիթ: Հայ Ազգային Կոնգրեսը ղեկավարվելով ճշմարտությունը բացահայտելու անհրաժեշտության գիտակցումով, ինչպես նաեւ ընդդիմախոսների դիրքորոշումը որեւէ տրամաբանական հիմնավորումից զրկելու նպատակով, համաձայնեց ՀՀԿ-ի տված երաշխիքներին:
Մայիսի 20-ին երկարատեւ բանակցություններից հետո ՀՀԿ-ն բացեիբաց դրժեց իր իսկ հրապարակայնորեն տրված խոստումները, առաջ քաշելով նոր պայմաններ, որոնք արժեզրկում էին հանձնաժողովը որպես ճշմարտության բացահայտման գործիք: Սրանով ռեժիմը ցույց տվեց, որ սարսափում է ճշմարտության բացահայտումից եւ օրինագծին դեմ քվեարկած պատգամավորների միջոցով իր վրա վերցրեց մարտի 1-ի հանցագործության եւ նրա պարտակման ամբողջ պատասխանատվությունը:
Ըստ էության, Հայ Ազգային Կոնգրեսը, ելնելով հանրության շահերից եւ ունենալով ընդդիմադիր այլ ուժերի աջակցությունը, առաջին անգամ ԱԺ-ում պայմանավորվածություն ձեռք բերեց ՀՀԿ-ի հետ: Վերջինիս պահվածքը, սակայն, ցույց տվեց, որ մենք գործ ունենք անսկզբունքային, սեփական խոսքը չհարգող, անհուսալի մի քաղաքական ուժի հետ:
Հրապարակայնորեն տրորելով բարոյականության բոլոր նորմերը՝ ՀՀԿ-ն խաբեց ոչ թե ընդդիմությանը, այլ՝ ամբողջ հանրությանը, որի առջեւ պարտավորվել էր նպաստել մարտի 1-ի հանցագործության բացահայտմանը: ՀՀԿ-ն եւս մեկ անգամ ցույց տվեց, որ նրա հետ որեւէ բանակցություն անիմաստ է: Այսուհետեւ զարմանալի չէ, որ անգամ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը ձեռք է բերել անհուսալի գործընկերոջ համբավ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հայտարարությունը
Ավարտվեց ընտրական մարաթոնը։
Հետաքրքիր եզրահանգումների են բերում ընտրական արդյունքների վերլուծությունները։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ որոշ քաղաքական ուժերի կողմից շահարկվեց համամասնական-մեծամասնական ընտրակարգի հարցը։ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ էին պահանջում այն քաղաքական ուժերը, ում կուսակցական ցուցակները անգամ չնչին սատարում չստացան Երևանու ավագանու ընտրություններում։ 100 տոկոսանոց համամասնական ցուցակներով անցկացվող երևանյան ընտրությունները բացահայտեցին այդ նույն քաղաքական ուժերի իրական վարկանիշը։ Փորձը ցույց տվեց, որ համամասնական-մեծամասնականի շուրջ թվացյալ պայքարն ընդամենը տեխնոլոգիա է, որ ժամանակ առ ժամանակ փորձում են հրապարակ բերել այն կուսակցությունները, ում թիկունքին ընտրազանգված չկա, և շատ հաճախ ընտրական անցումային շեմը հաղթահարելու խնդիր ունեն:
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների վերահաշվարկ։ Որոշ կուսակցությունների պնդմամբ բացվեցին քվեատուփերը, և կատարվեց ձայների վերահաշվարկ։ Արդյունքում հենց նույն ուժերը հայտնվեցին ծիծաղելի վիճակում. ոչ թե ավելացան իրենց օգտին գրանցված ձայները, այլ պակասեցին։ Մենք համբերատար ենք և կարող ենք կատարել ընդդիմության ցանկացած քմահաճույք ու կապրիզ։ Միայն խորհուրդ՝ նրանց. պետք չէ էներգիան վատնել պարապ գործերի վրա, այն կարելի է կիրառվել ավելի արդյունավետ աշխատանքի և օգտակար արդյունք ստանալու համար։
Ցավալիորեն պետք է նշել, որ հայաստանյան որոշ ընդդիմադիրների մոտ ձևավորված չէ այն տարրական գիտակցությունը, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է գործեն ոչ թե իրար դեմ, այլ ի շահ պետության ու հասարակության։ Հավանաբար ձեռնտու չէ ընդունել ժողովրդավարության այդ պարզագույն ճշմարտությունը։
Քանի տարի է՝ ընդդիմության գլուխկոտրուկը մեկն է՝ թե ով է իրական ընդդիմություն և ով՝ իշխանության հետ համագործակցող կամ, ինչպես իրենք են ասում, իշխանության շահերը սպասարկող։ Եվ իրենց գործունեության հիմնական ժամանակը ծախսում են նման պարապ վերլուծությունների վրա։ Իսկ ընդդիմություն լինելն էլ ինքնանպատակ չպետք է լինի, գոնե այս 2 օրերի ընթացքում մենք պետք է տեսնեինք ոլորտ առ ոլորտ նրանց կողմից առաջարկվող այլընտրանքային ծրագրեր, լուծումներ, որոնք այդպես էլ չեղան։ Նրանք ցույց տվեցին, որ բացի քննադատելուց, պիտակավորելուց, իրենց մոտ ոչինչ չի ստացվում։ Եվ այնուհանդերձ, որ թևից էլ լինեն կառուցողական առաջարկներ, մենք միմիայն կողջունենք դրանք։
Վերևում նշեցի տեխնոլոգիաների մասին, որոնք կիրառվում էին ընտրական գործընթացներում։ Իրենց չարդարացրած տեխնոլոգիաները փորձում են բանեցնել նաև հետընտրական պրոցեսներում։ Երկիրը պահել մշտական լարված մթնոլորտում, ապակայունացնել վիճակը, գերլարել նյարդերը, ջուր պղտորել, խաղալ մարդկանց ամենանուրբ լարերի հետ. ահա սա է այդ տեխնոլոգների գործելաոճը։ Մանիպուլյացիոն դաշտը անցել է բարոյական բոլոր նորմերը։ Սա մարդկային այն տեսակն է, որ երբեք ոչնչի առաջ կանգ չի առնում։ Ովքե՞ր են կանգնած դրանց հետևում. նրանք մեր մեջ են, մեր կողքին, և պետք է սթափ ու խելամիտ լինենք՝ թույլ չտալու նրանց ավերիչ գործողությունները։
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը
Հարգելի խորհրդարան,
Քաղաքական գարունը հարուստ էր իրադարձություններով: Տեղի ունեցան մայրաքաղաքի ավագանու ընտրություններ, որին մասնակցեցին նաեւ համապետական ընտրություններին հայտ չներկայացրած ուժերը: Այս ընտրություններով մեր երկրում ավարտվեց ընտրական մի ողջ ցիկլ: Թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական եւ թե՛ մայրաքաղաքի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկրում խոսքի ազատությունը, քաղաքական բազմակարծությունը եւ ժողովրդավարական արժեքներն այլեւս անշրջելի են:
Բնականաբար, իմ այս դիտարկման հետ համամիտ չեն լինի մեր ընդդիմադիր եւ այլընտրանքային որոշ գործընկերներ: Ինչպես ասում են, ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը՝ աշխատում: Այս ընթացքում մենք ականատես եղանք քաղաքական բազմաթիվ ու բազմաժանր ներկայացումների, որտեղ գրեթե բոլորն իրենց իսկ սեփական բացթողումները տեսնելու եւ շտկելու փոխարեն մրցակցության մեջ էին մտել, թե ով ավելի ուժգին կքննադատի իշխանություններին:
Վստահությունից խոսում էին մարդիկ, ովքեր կորցրել էին վստահությունն իրենց իսկ երբեմնի համախոհների մոտ: Իշխանության որակից խոսում էին նրանք, ովքեր վեր են ածվել այլ քաղաքական ուժի վերջին վագոնի: Մի հռետորական հարց. խոսում եք իշխանության որակից, իսկ ո՞վ է խոսելու ընդդիմության որակից: Արդյունքում այդ ուժերից շատերը հասարակության թեթեւ ձեռքով հայտնվեցին քաղաքական լուսանցքում:
Հարգելի գործընկերներ,
Այո, իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր են: Մենք չենք կոծկում մեր թերությունները եւ մեր իսկ սխալների պատճառն այլ քաղաքական ուժերի մեջ չենք փնտրում: Մենք հոռետես չենք, այլ դժվարություններով հանդերձ հավատում ենք, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու մեր ժողովրդի համար:
Ինչպես ասում են, լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություն, իսկ հոռետեսը յուրաքանչյուր հնարավորության մեջ` դժվարություն:
Լինենք լավատես, դա է միակ ճիշտ ճանապարհը:
Շնորհակալություն:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայտարարությունը
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Հայտարարությանս կարիքը, թերևս, չէր լինի, եթե Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում չհնչեին գնահատականներ և կարծիքներ, որոնք հնչեղ են, բայց շատ ժամանակ անպատասխանատու և անվստահելի:
Բազմիցս հնչեց «թաղային խուժան» արտահայտությունը: Դուք իրո՞ք կարծում եք, որ մեր ժողովուրդը ձեր իսկ կողմից բնորոշված «խուժաններին» լսող է և հետևող: Չեմ կարծում...
Հնչեց, որ Կառավարության ծրագիրը կենացների ժողովածու է և երկրի ղեկավարի ելույթի խմբագրված տարբերակը: Հնչեցին այնպիսի կոպիտ բնորոշումներ, ինչպիսիք են «խաբող», «քցող», «եկել եք, ծրագիր եք ներկայացնում, որ ի՞նչ անեք»:
Որ երկիրը տանենք դեպի զարգացում:
Շահարկվեցին բոլորիս համար ցավալի իրողություններ՝ կարկուտից տուժած գյուղացիներ, գազի գնի թանկացում, անգամ շատ ողբերգալի միջադեպ՝ սպանություն բանակում:
Որևէ ուժի քաղաքական կշիռը չի ավելանում պոպուլիստական արտահայտություններից (չեմ ասում ամբոխահաճո, քանզի չեմ դիտում սեփական ժողովրդիս իբրև ամբոխ):
Կառավարության ծրագիրը տրամաբանական է: Ճիշտ է, այն կայծակնային բարելավումներ և ամբիցիոզ ծրագրեր չի ներառում, ինչին արդարացիորեն ապասում է ժողովուրդը, սակայն իրատեսական է և կշռադատված:
Այս պայմաններում, երբ Կառավարության կազմը գրեթե նույնն է, արհեստական կլիներ ռադիկալ փոփոխություններ առաջարկող մի ծրագիր, իսկ այս ծրագրում առաջ քաշված առաջնահերթությունները (աշխատատեղերի ստեղծում, արտագաղթի, աղքատության հաղթահարում), պետք է իրականացվեն հետևողական աշխատանքի արդյունքում: Միասնական աշխատանքի արդյունքում:
Իսկ միասնական ազնիվ աշխատանքով, կարծում եմ, կհասնենք նաև այդքան նշված «վստահության միջավայրի» ձևավորմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել