HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարև Երևան». «Վարչական դատարանի պատճառաբանությունը ձևապաշտական և բովանդակազուրկ է»

Մայիսի 15-ին «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը Վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու մասին:

Հայցադիմումը բաղկացած էր 52 էջից և ներառում էր Երևանի 13 ընտրատարածքից 10-ում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակներ՝ ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի: Աղյուսակներում ամփոփված տվյալները հաստատող փաստական նյութը՝ քաղված բացառապես չորս աղբյուրից (ՏԸՀ գրանացամատյաններ, հատուկ կարծիքներ և արձանագրություններ, վերահաշվարկի գործընթացում արձանագրված դիտարկումներ, Transparency Internatiօnal ՀԿ դիտորդների վկայություններ) Վարչական դատարան էր ներկայացվել 9 հատորով՝ շուրջ հազար էջ ընդհանուր ծավալով:

Մայիսի 17-ին կայացած դատական նիստում նախագահող դատավոր Կ. Ավետիսյանը նշեց, որ ԿԸՀ 112-Ա որոշումը «Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրության արդյունքների վերաբերյալ»՝ բաղկացած 9 էջից, որով գնահատվել է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքը, ընտրության արդյունքների վրա ընտրախախտումների ազդեցությունը, ընտրությունների վերաբերյալ վարչական ակտ չէ, այդքանով էլ ենթակա է մեկ դատավորի կազմով քննության:

Այնուհետև դատավոր Կ. Ավետիսյանը դատավարության ընթացքում հրաժարվեց անդրադառնալ ներկայացված փաստական ապացույցների անվերջանալի ծավալին, որով ոչնչացվում էին ընտրությունների օրինականության մասին ԿԸՀ պնդումները: Եթե նախորդ ընտրություններին իշխանություններն ասել են, թե ընդդիմությունը չի ներկայացնում ընտրախախտումների փաստեր, այս անգամ հավաստի աղբյուրներից քաղված հարյուրավոր փաստերը, հազար էջից ավելի ծավալով, ներկայացված էին դատարան:

Ամեն գնով խուսափելով ընտրախախտումների մասին փաստական նյութին անդրադառնալուց՝ Ավետիսյանը պատճառաբանեց, իբր գրանցամատյաններում առկա ընտրախախտումների գրառումներին, բողոքներին, քրեական արարքների մասին հաղորդումներին ԸԸՀ-ներն անդրադարձել են որոշումներով, և այդ որոշումների առանձին-առանձին չբողոքարկվելը թույլ չի տալիս դրանցում առկա պնդումներին անդրադառնալ ԿԸՀ ամփոփիչ որոշման վիճարկման գործում:

«Սույն ձևապաշտական և բովանդակազուրկ պատճառաբանությամբ դատարանը հրաժարվեց ընտրությունների արդյունքի վրա աներկբա ազդեցություն գործած համատարած, զանգվածային, պարբերական և համակարգված բնույթ կրած ընտրախախտումներին անդրադառնալ»,- հայտնում է «Բարև Երևան» դաշինքի մամուլի ծառայությունը:

Վարչական դատարանի մայիսի 20-ին հրապարակված որոշումն էլ կառուցվել է նույն տրամաբանությամբ՝ անկախ նրանից, թե ինչ ծավալի և բնույթի ընտրախախտումներ են արձանագրվել, դրանց վերաբերյալ ինչ փաստական նյութեր են ներկայացվել Վարչական դատարան, ԿԸՀ 112-Ա որոշումը հենվել է ԸԸՀ չվիճարկված, այդքանով էլ իրավաչափ համարվող որոշումների վրա, հետևաբար իրավաչափ է:

Դատավոր Կ. Ավետիսյանն իր որոշման մեջ, անգամ հայցադիմումի պահանջների շարադրման հատվածում չի նշել և շրջանցել է Վարչական դատարան հայցվորի ներկայացրած հարյուրավոր ընտրախախտումների աղյուսակներն ու գրավոր ապացույցների շուրջ մեկ տասնյակ հատորները՝ հարյուրավոր էջեր ծավալով:

Վարչական դատարանի որոշումից հետո «Բարև Երևան» դաշինքի կողմից ԿԸՀ ներկայացված հայցադիմումի առնչությամբ հաջորդ քայլերը կլինեն քրեական արարքների մասին առկա նյութերը ՀՀ ոստիկանություն ուղարկելը, վարչական իրավախախտումներ կատարած ՏԸՀ ղեկավարներին օրենքով սահմանված կարգով տուգանելուն հետամուտ լինելը, իսկ դատավոր Կ. Ավետիսյանի գործողություներից և որոշումից դժգոհությունը ՀՀ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնախմբին հասցեագրելը:

Մեկնաբանություններ (1)

Դարդ-անելի
,,Ժառանգություն,,-անը և մնացյալ ընդդիմադիրներին. հարկավոր է ԱԺ-ում հարց բարձրացնել ՙՙԴատարանի աշխատակազմ՚՚ ՊՈԱԿ-երում վերահսկելու և ստուգելու գործավարության կարգի պահպանումը։ Ընդհանրապես, բոլոր ոլորտներում, բարձիթողի վիճակում է այդ խնդիրը, որը կոռուպցիայի հիմնական սերմնացանն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter