ԱՄՆ դեսպանը հորդորում է գազի գնի վերաբերյալ աշխատանքները կատարել առավելագույն թափանցիկ
Այսօր կայացած «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» խորագրով համաժողովին, որը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը չցանկացավ մեկնաբանել լրագրողների այն հարցը, թե արդյոք գազի թանկացումը ՌԴ-ի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոց է: Դեսպան Հեֆերնը նշեց, որ չի տալիս որևէ մեկնաբանություն, քանի որ Հայաստանը և Ռուսաստանը սերտ գործընկերներ են:
«Գազի գնի հետ կապված բանակցությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև են ընթանում, և այստեղ Միացյալ Նահանգները ներգրավված չէ: Սակայն կարևոր հասարակական հնչեղություն ունեցող հարց է, մենք հորդորում ենք, որ այս աշխատանքները կատարվեն առավելագույն թափանցիկության ապահովմամբ»,- ասաց Ջ. Հեֆֆերնը:
Այս առումով դեսպանը կարևորեց էներգետիկայի դիվերսիֆիկացումը, որպեսզի վառելիքի տեսակներից որևէ մեկի գնի տատանումը էլեկտրաէներգիայի գնի վրա ազդեցություն չունենա:
Ջոն Հեֆերնը կարծում է, որ էներգետիկ անվտանգությունը հարաբերական հասկացություն է, և յուրաքանչյուր երկրում էներգետիկ ապահովության և անվտանգության խնդիրներ կան: Յուրաքանչյուր երկիր կամ կառավարություն աշխատում է էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ, որպեսզի դիվերսիֆիկացնի և բազմազան հնարավորություններ ունենա պահանջարկն ապահովելու համար: Հայաստանը, չունենալով հիդրոածխածիններ, գտնվում է դժվար վիճակում: Սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը էներգետիկ ռեսուրսներ չունի:
Դեսպանը նկատի ունի, որ Հայաստանում հիդրոէլեկտրակայանների պոտենցիալ կա, որին համաժողովի ժամանակ անդրադարձավ նաև էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Ջ. Հեֆերնը նշեց, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված է վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, այնպիսի այլընտրանքային աղբյուրների օգտագործմանը, ինչպիսիք են քամին, արևը, ջուրը:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը՝ Հայաստանի կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորման հարցի առնչությամբ ասաց, որ Հայաստանի կառավարությունը պետք է որոշում կայացնի խորհրդարանի և ժողովրդի հետ միասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել