HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը նախապատրաստական քայլեր է ձեռնարկում «Վերջին զանգի» հանդիսության կապակցությամբ

«Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»: Այս ավանդական, բայց եւ ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն եւ բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որեւէ դիպված չմթագնի օրվա տոնականությունը:

Այս օրերին ոսոտիկանության ստորաբաժանումների անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաեւ ծնողների հետ: Նպատակը մեկն է` համատեղ, համակարգված, միահամուռ ապահովել «Վերջին զանգի» հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգուկանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են երեխաները:

Դա բոլորիս ցանկությունն է, եւ համոզված ենք, որ այդ նպատակին ուղղված աշխատանքներն արդյունավետ կլինեն:

Ոստիկանությունը մայիսի 24-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների եւ օրինականության խախտման ցանկացած դրսեւորման հանդեպ: Այդ խստությունը ոմանց կարող է նույնիսկ անհարկի թվալ, բայց մենք այլ կարծիքի ենք. ավելի լավ է մեզ քննադատեն խստության համար, քան սթափվենք, երբ դժբախտությունն արդեն պատահած կլինի...

ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում կազմակերպվելիք հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:

Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի»,- նշված է ոստիկանության տարածած մամլո հաղորդագրութան մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter