HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թերթերի խմբագիրների հայտարարությունը

Հաշվի առնելով լրատվական դաշտում առկա իրավիճակը, երբ մամուլում հրապարակված լուրերն ու հոդվածները գրեթե վայրկյաններ անց հայտնվում են համացանցում` շատ հաճախ առանց պատշաճ հղումների, ինչի արդյունքում ոչ միայն ոտնահարվում է լրագրողների եւ լրատվամիջոցների հեղինակային իրավունքը, այլեւ մենք ֆինանսական կորուստներ ենք ունենում, սույն հայտարարությունը ստորագրած թերթերի գլխավոր խմբագիրներն անհրաժեշտություն համարեցին հանդես գալ միասնական ճակատով` սկսելով բազմաշերտ պայքար լրատվական դաշտում հեղինակային իրավունքի խախտումների դեմ:

Կարեւորելով լրատվական դաշտում խոսքի (արտահայտվելու) ազատության, բազմակարծության, փոխադարձ հարգանքի, իրավահավասարության, օրինականության եւ փոխըմբռնման սկզբունքները` անհրաժեշտ է վերջ դնել լրատվական դաշտում եւ հատկապես համացանցում արմատավորված մի շարք արատավոր երեւույթների: Հատկապես մտահոգիչ է, որ մամուլի հրապարակումներն առցանց լրատվամիջոցների կողմից օգտագործվում են առանց հղումների` չհիշատակելով տվյալ նյութի սկզբնաղբյուրը, իսկ հղումն էլ շատ հաճախ լինում է ոչ տեսանելի` ընթերցողներին մոլորության մեջ գցելու աստիճան: Մամուլի տեսությունը, մեր կարծիքով, ենթադրում է մամուլում հրապարակված մի քանի նյութի անոնս, որը պետք է մեջբերվի ոչ ամբողջությամբ, եւ պետք է մատնանշվի, որ ամբողջական տարբերակը կարելի է կարդալ տվյալ թերթում:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ մի շարք առցանց լրատվամիջոցներ չարաշահում են մամուլից օգտվելու հնարավորությունը եւ մեր աշխատանքի արդյունքներից անարգել օգտվելով` ընթերցողական լսարան են ձեռք բերում ու ֆինանսական եկամուտներ ապահովում (դեպի կայք մուտքեր« գովազդ), ուստի մենք որոշել ենք կանոնակարգել մամուլի հրապարակումներից օգտվելու սկզբունքները: Մենք պատրաստ ենք պայմանագրեր կնքել այն լրատվամիջոցների հետ, որոնք ցանկանում են օգտվել մամուլից` մամուլի տեսության կամ այլ եղանակով: Երկկողմանի պայմանագրերը կհիմնվեն հետեւյալ երեք սկզբունքի վրա.

     ա) ցանկացած մեջբերում անել հղումով` տեքստի մեջ հիշատակելով թերթի անունը,

      բ) թերթից կատարել ընդամենը մեջբերում (ազատ ընտրությամբ)` վերջում հավելելով «Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ ® թերթի այսօրվա համարում»,

      գ) թերթի նյութերից այլ հոդվածների մեջ արված մեջբերումների ժամանակ մատնանշել ինֆորմացիայի սկզբնաղբյուրը:

Պայմանագրերը կարող են պարունակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մանրամասներ: Հուսով ենք` այս հայտարարությունը կօգնի պաշտպանել լրատվական հրապարակումները եւ հնարավորինս կարգավորել դաշտը:

Հայտարարության հեղինակներն են`

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

Հայտարարությանը միացել են`

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը

«Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը

«Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանը

«Հայոց աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը

«Նովոյե Վրեմյա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանը

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը

«Օրակարգ» թերթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը

Մեկնաբանություններ (1)

henri
Սա ոչ միայն իրաւունք է այլ միջազգային լրագրութեան ամենատարրական սկզբունք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter