ԱԺ-ում գազի սակագնի քննարկումները չավարտվեցին
ԱԺ-ում քիչ առաջ ավարտվել է գազի գնի թանկացման վերաբերյալ քննարկումը, որին ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ լսումը, ըստ էության, ավելի շատ հարց ու պատասխան է եղել: Ելույթ են ունեցել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Պատգամավորն ասաց, որ հարցի քննարկումը չի ավարտվել, պարզապես ընդմիջվել է, եւ հավանաբար այլ ձեւաչափով լսումները կշարունակվեն առաջիկա տոներից հետո:
Ի դեպ, Ռուբիկ Հակոբյանը չգիտեր, որ քննարկումը եղել է բաց, այդ իսկ պատճառով սկզբում խուսափում էր մեր հարցերին պատասխանելուց` պատճառաբանելով, թե չի ցանկանում փակ քննարկման վերաբերյալ տեղեկություններ հաղորդել:
«Այն պատասխանները, որ տրվեցին, գուցե կիսատ էին, ամբողջական չէին, բայց մի բան ինձ համար պարզ է, որ ցանկացած պատասխան չի կարող արդարացնել գազի գնի բարձրացումը այն պարզ պատճառով, որ գազը պետության կենսագործունեության ոլորտն ուղղորդող ոլորտ է: Բայց բոլոր դեպքերում ամբողջական կարծիք կարելի է հայտնել բանակցություններից հետո: Ըստ տեղեկությունների` բանակցությունները դեռ շարունակվում են եւ շուտով կավարտվեն: Երբ հստակ լինեն բանակցությունների արդյունքները, լսումներն էլ ավարտվեն, այդ ժամանակ պարզ կլինի, թե ինչ է կատարվում»,-ավելացրեց Ռուբիկ Հակոբյանը:
Նշենք, որ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ կազմակերպված լսումը նախատեսված էր անցկացնել փակ, սակայն քաղաքացիական ակտիվիստների պահանջով այն բացվել է: Թույլատրվել է նիստին մասնակցել հավատարմագրված լրագրողներին եւ 5 ակտիվիստների, սակայն ԱԺ մտել են 2 ակտիվիստ եւ15 րոպե մնալուց հետո դուրս են եկել` պատճառաբանելով, թե իրենք ակնկալում էին լինել դահլիճում, այլ ոչ լրագրողների համար նախատեսված օթյակում:
Ընդդիմադիր պատգամավորներից մեկը, ով չցանկացավ անունը հրապարակել` «քավության նոխազ» չդառնալու համար, նշեց, որ իր համար անհասկանալի էր ակտիվիստների շտապ դուրս գալը ԱԺ-ի շենքից, քանի որ վերջիններս պետք է մնային, հավաքեին անհրաժեշտ տեղեկատվություն եւ իրենց պահանջներն առաջադրեին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
«Ի վերջո, գազի գինը որոշում է ոչ թե Ազգային ժողովը, այլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Իրենց պահանջները պետք է հենց հանձնաժողովին ուղղեն»,-ավելացրեց պատգամավորը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել