HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դարերի խորքից դեպի Տիեզերք». կարդա՛լ է պետք, կարդա՛լ

Վերջապես լույս տեսավ Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիրքը: Գիրքը հեղինակի երկար տարիների մանկավարժական աշխատանքի յուրահատուկ հանրագումարն է: 

«Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի մասին անցած տարի եղան շատ հրապարակումներ, որոնց «մեխը» գրքի կարեւորության, նրա տպագրության եւ դպրոցներում տարածելու խիստ անհրաժեշտության բարձրաձայնումն էր: Կարծիքներով եւ գնահատականներով կիսվեցին Ավետիք Գրիգորյանին ճանաչող, նրա գործունեությանը ծանոթ, հրատարակվելիք գրքի մասին իմացող մասնագետներ, գործընկերներ եւ նրա նախկին աշակերտներ: 

Ճիշտն ասած, սկզբում մի քիչ թերահավատորեն էի վերաբերվում գրքի մասին շռայլվող գնահատականներին: Ու մտածում էի՝ դե գիրք է էլի, հա՛, հավանաբար՝ լավ գիրք, բայց այդքա՜ն լա՞վը… 

Վերջը սկսեցի կարդալ (համացանցում գրքից մի քանի գլուխ հասանելի են)…

Ու այստեղ հասկացա, որ գովեստի խոսքերը քիչ են եղել: Բայց դե ինչ էլ գրեին, ինչպես էլ գրեին՝ դժվար թե հաջողվեր գիրքը բառերով հավուր պատշաճի ներկայացնել: Կարճ ասած՝ կարդա՛լ է պետք, կարդա՛լ: Հիմա ես էլ եմ ուզում գրքի մասին տպավորություններով կիսվել ու դժվարանում եմ… 

Նախ ասեմ, որ գրքի ցանկացած գլխի ընթերցանությունը կլանում է՝ աննկատ դադարում են գործել բոլոր արգելակները, շեղող ազդակները եւ որոշ ժամանակ անց նկատում ես, որ սահուն կերպով հասել ես տվյալ գլխի ավարտին:

Հեղինակին հաջողվել է փոքր ծավալում համապարփակ եւ հանրամատչելի տեղեկություններ մատուցել տարբեր խնդիրների վերաբերյալ: Ցանկացած թեմայի ներկայացումը հարուստ է օրինակներով, պատկերներով, խնդրի՝ դեռեւս «դարերի խորքից» մինչ մեր օրերը պատմական զարգացման նկարագրությամբ՝ գիտնականների եւ գյուտարարների հիշատակումով:

Նյութի խորությունը, խտությունը, մատչելիությունը, հետաքրքրությունը, բացառիկ են:

Կարճ ասած՝ կարդա՛լ է պետք, կարդա՛լ… 

Գիրքը ԿԳՆ-ի կողմից անցել է փորձաքննություն եւ երաշխավորվել որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ հանրակրթական դպրոցների համար: Ողջունելի է իհարկե: Որովհետեւ, թող ամպագորգոռ չհնչի՝ բայց «Դարերի խորքից դեպի Տիեզերք»-ը երկրում կրթվածության ընդհանուր մակարդակը բարձրացնելու գործում ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ դեր կարող է ունենալ:

Բայց պարզվեց, որ տպագրության համար գումար չի՛ք… 

Պարոն Աշոտյա՞ն: Գումար չկա՞ր նախարարությունում: Բյուջեով նախատեվա՞ծ չէր: Բա վարչապետից խնդրեիք, պահանջեիք… 

Պարոն վարչապե՞տ: Գումար չկա՞ր կառավարությունում: Բյուջեով նախատեվա՞ծ չէր: Կարդացել եք, չէ՞ երեւի «Արամը, Դուք, Ավետիքը եւ Տիեզերքը»: Մի անգամ էլ կարդացեք, եթե դժվար չէ: Չէի ուզում բերանս բացել, բայց հե՛նց այսօր խոստովանեցիք, որ 100 մլն-անոց 2 բիոզուգարանների գնումն անարդյունավետ էր: Պարո՛ն վարչապետ, Ձեզ միամիտ լոռեցու տեղ եք դնու՞մ: Կույրն էլ կտեսներ, որ այդ գնով զուգարան գնելը էն գլխից անարդյունավետ է: Ուրեմն Դուք անկեղծորեն հավատում էիք, որ դբա ապահով Հայաստան տանող ճանապարհը 50-60 մլն-անոց բիոզուգարաններով երկիրը լցնե՞լն է: Գիտեք, չէ՞ գիտության դոկտորն ինչքան աշխատավարձ է ստանում՝ մոտ 80 հազար դրամ: Պարզ է, չէ՞, որ այդ մի զուգարանի գինը մոտավորապես հավասար է 50-60 գիտության դոկտորի տրվող տարեկան աշխատավարձին: Հիմա գիտելիքահե՞նք ենք, թե զուգարանահենք… Ձեռ եք առնու՞մ… Աղքատության տոկոսը տվել անցել ա, հրես գազ, լույս, տրանսպորտ, ամեն բան թանկանալու ա, իսկ դուք՝ «Այժմ հարց է առաջանում, ինչպես պետք է լուծել ՀՀ-ում զուգարանների պրոբլեմը»: Թախանձագին խնդրում եմ՝ ավելի թանկը չգնեք… 

Լավ, վերադառնանք գրքին: Ըստ երեւույթին, կառավարությունում ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ասելով հասկանում են գնահատանքի ոչ արժանի, անպետք բան: 

Բա ամո՞թ չի: Էդ ո՞նց եղավ, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ), որի 100 մլն-անոց բյուջեով նույնպես նախատեսված չէր, հաջողացրեց հատկացնել գրքի տպագրության համար անհրաժեշտ գումարի մի մասը:

Ցանկությու՛ն է պետք, պարոնայք մինիստրներ…

Ապրի՛ ԵԳԱԾ ղեկավար մարմինը: 

Գիրքը լույս է տեսնում 2000 տպաքանակով, որը ակնհայտորեն քիչ է: Անհրաժեշտ է անպայման վերահրատարակել այն: Հաջորդ տարվա բյուջեում դա նախատեսելու ժամանակ կա՛… Մենակ թե չորոշեն զուգարանախեղդ անել… 

Իսկ այդ տպաքանակը քիչ է այն պատճառով, որ բացի դպրոցականներից, այն հաստատ օգտակար կլինի նաեւ մեծերի, ուսուցիչների, ուսանողների համար, կարելի է այն որպես օժանդակ ձեռնարկ ներդնել նաեւ բանակում: 

Ես, գործի բերումով, ահագին ժամանակ փնտրել, հետաքրքրվել եմ նմանատիպ գրքերով՝ (մեծ մասը ռուսերեն) եւ կարող եմ հավաստել, որ իրոք, Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիրքը իր տեսակի մեջ եզակի է: 

Հ.Գ.1. Անցած տարվանից բաժանորդագրվել եմ «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի 2 օրինակ ձեռք բերելու համար: Մտադրվեցի ստանալուց հետո դրանք նվիրել պարոնայք Տիգրան Սարգսյանին եւ Արմեն Աշոտյանին: Գուցե գիրքը տեսնելով, շոշափելով, կարդալով՝ փոխեն վերաբերմունքը: 

Հ.Գ.2. Տեսնես որեւէ մեկը պատժվե՞լ է (պատժվելու՞ է) այդ «անարդյունավետ» բիո գործարքի համար: Դժվար թե… 

Ստեփան Գյոզալյան

Լուսանկարը՝ Ավետիք Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter