Ղեկավար կարող ես չլինել, սակայն քաղաքացի լինել պարտավոր ես
Կրկին անդրադառնալով գազի սակագնի առաջիկա բարձրացմանը` անհնար է չզարմանալ (եթե ոչ ավելին), թե ինչպես է ՀՀ կառավարությունը պատրաստվում միայն սոցիալապես անապահով ընտանիքներին գազի ծախսերի գծով որոշակի նպաստներ հատկացնելու միջոցով մեղմել երկրի բնակչության ճնշող մեծամասնության համար նման անընդունելի և կործանարար գործողության աղետալի հետևանքները:
Չեմ ուզում հավատալ, որ Կառավարության անդամների մեծ մասը չի հասկանում, թե ինչ հետևանքներ կունենա գազի, էլեկտրաէներգիայի, ջրի և կենսական անհրաժեշտության այլ ապրանքների ու ծառայությունների գների փոփոխությունը երկրի բնակչության կենսամակարդակի վրա: Եթե հարգարժան պարոնայք կարծում են, թե սոցիալապես անապահով ընտանիքներին ինչ-որ կերպ փոխհատուցելով թանկացած գազի արժեքը` կարող են կանգնեցնել բոլոր ապրանքների և ծառայությունների գների բարձրացման շղթայական ռեակցիան, ապա նրանք չարաչար սխալվում են:
Բացի օգտագործած գազի դիմաց վճարելուց, անհրաժեշտ է պահպանել բնակչության միջին և աղքատ շերտերը ներկայացնող մեր հայրենակցի ֆիզիկական գոյությունը, որպեսզի նա ի վիճակի լինի օգտվել տրանսպորտից, դիմել բժշկական հաստատություններ և, թերևս, իրականացնել կրթության իր իրավունքը: Այս պայմաններում ավելորդ է խոսել երկրի միջին վիճակագրական քաղաքացու բարձր մտավոր մակարդակի մասին, ինչով մենք այդպես հպարտացել ենք ոչ վաղ անցյալում:
Լսելով «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավարի հետ հեռուստահարցազրույցը գազի սակագնի սպասվող թանկացման վերաբերյալ` ապշում ես երկրի բնակչության սոցիալական վիճակի մասին մակերեսային այնպիսի գնահատման վրա, ըստ որի՝ բնակչության կողմից կապույտ վառելիքի պահանջարկի նվազումը պայմանավորված է կլիմայի գլոբալ տաքացմամբ: Տարօրինակ է: Հանդիպե՞լ է, արդյոք, այս պաշտոնյան երկրի շարքային, համեստ կենսամակարդակ ունեցող բնակիչների՝ քաղաքաբնակների (հատկապես փոքր քաղաքների) և գյուղաբնակների հետ, որոնք ստիպված գազ չեն օգտագործում՝ իրենց ցածր վճարունակության պատճառով:
Եվ կրկին այդ մենաշնորհային (գերատեսչական) մոտեցումը. բարձրացնել իրենց ճյուղի աշխատակիցների աշխատավարձը՝ երկրի բնակչության ճնշող մեծամասնության խղճուկ միջոցների հաշվին: Նույն իրավիճակն է տիրում նաև բանկային ոլորտում, դատական համակարգում և շատ այլ ճյուղերում:
Մյուս կողմից, Կառավարությունը շահագրգռված է իր ֆինանսական կապիտալի ընդլայնմամբ, ինչին, որպես կանոն, կարելի է հասնել տնտեսության արդյունավետ զարգացման շնորհիվ: Դրա մասին շատ ենք խոսում, սակայն տնտեսությունը չենք զարգացնում, քանի որ բնական պաշարների գիշատիչ շահագործմամբ և կենսական անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների անընդհատ թանկացմամբ հնարավոր չէ բարձրացնել տնտեսության արդյունավետությունը, բարելավել պետական կառավարման համակարգը: Առավել ևս, որ բնակչության որոշակի հատվածի վճարունակությունն ապահովվում է ազգականների՝ արտերկրում վաստակած գումարից մասնավոր փոխանցումների շնորհիվ:
Տեղին է հարցը. ինչպե՞ս է մեր Կառավարությունը կարգավորում այս հիմնախնդիրները: Եվ պատասխանը շատ պարզ է` ոչ մի կերպ: Քանի որ ինքը`Կառավարությունը, բնակչության 10 տոկոսանոց մեծահարուստ շերտի արգասիքն է և կոչված է պաշտպանելու նրա շահերը:
Սրա հետ մեկտեղ զարմանք է հարուցում մեկ այլ հանգամանք: Ընտրարշավների ընթացքում (հատկապես Երևան քաղաքի ավագանու ընտրությունների) շատ կուսակցություններ ու քաղաքական միավորումներ, դժգոհ լինելով ընտրությունների արդյունքներից, հիմնականում բողոքում էին իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսների չարաշահումից և բնակչությանը կաշառելուց: Անվիճելի է, որ այդ արատավոր երևույթներն այս կամ այն չափով տեղ են գտել ընտրական գործընթացներում: Սակայն, հարգելի պարոնայք, ժողովրդի վստահությունը շահելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով պաշտպանել նրանց շահերը, այլ ոչ թե երթեր ու միտինգներ կազմակերպել միայն ընտրությունից ընտրություն:
Եթե ժողովրդի ճնշող մեծամասնությունն զգար այս կամ այն քաղաքական ուժի իրական աջակցությունը, ապա վերաբերմունքը բոլորովին այլ կլիներ այդ ուժի նկատմամբ: Ժողովրդավարության, արդար իշխանության, մարդու իրավունքների մասին խոսքերի և այլ գեղեցիկ հասկացությունների փոխարեն ավելի լավ է «երբեմն ճնճղուկ ունենալ ձեռքում, քան կռունկ՝ երկնքում»:
Հանրապետությունում շուտով հանրային լսումներ կլինեն գազի սակագնի բարձրացման շուրջ: Հետաքրքիր է, թե ո՞ր կուսակցությունները՝ ի դեմս հայրենական տնտեսական մտքի իրենց ներկայացուցիչների, կմասնակցեն այդ քննարկումներին: (Մնում է հուսալ, որ մասնակիցներն այդ քննարկումները չեն վերածի քաղաքական շոուի):
Համացանցում ծանոթանալով գազի սակագնի բարձրացման հիմնավորման վերաբերյալ «ՀայՌուսգազարդ» ընկերության առաջարկներին` զարմանք ես կտրում, թե ինչպե՞ս կարելի է այդպես մակերեսորեն հիմնավորել ցանկացած առաջարկ` նախօրոք իմանալով, որ քննարկվող հարցերի շրջանակում հիմնականում ընդգրկված են լինելու ներկայացված զուտ տեխնիկական ցուցանիշները:
Հայտնի է, որ արտադրական միավորի (ձեռնարկություն, տրեստ և այլն) գործունեության արդյունքները կարող են գնահատվել տարբեր ցուցանիշներով, ինչպիսիք են՝ արտադրանքի ծավալ, իրացման ծավալ, շահույթ և այլն: Նկարագրելով ֆինանսական կամ արտադրական արդյունքը` վերոնշյալ ցուցանիշները չեն կարող գնահատել արտադրության արդյունավետությունը: Դրանց ճշգրիտ մեկնաբանության և արդյունավետության գնահատումը կարող է իրականացվել այլ ցուցանիշների հետ համատեղ, որպիսիք են՝ շահույթի նորմ, զուտ շահույթ, շահութաբերություն, արտադրության զարգացման և արտադրական ենթակառուցվածքների մեջ եկամտի բաժնեմասի ներդրում և այլ ցուցանիշներ, որոնք միասին կարող են բնութագրել «ՀայՌուսգազարդի» գործունեությունը վերջին երեք տարիների ընթացքում և նախատեսված ժամկետում (ցանկալի է նաև տեղեկություններ ունենալ ԱՊՀ այլ երկրներում գործող նման կառույցների գործունեության մասին):
Որքան էլ տարօրինակ է, սակայն հանրային քննարկմանը «ՀայՌուսգազարդի» ներկայացրած նյութերում այս ցուցանիշները բացակայում են (դրանք համացանցում չեմ գտել), և ամենակարևորը` առկա չէ «ՀայՌուսգազարդի» և «Գազպրոմի» միջև կնքված համաձայնագիրը:
Վերոնշյալի հետ մեկտեղ նպատակահարմար կլիներ պաշտոնապես ներկայացնել համաձայնագրի (Ռուսաստանի գազը Հայաստանի Հանրապետություն մատակարարելու) բովանդակությունը, որպեսզի բոլորին պարզ դառնա, թե ինչպես է գնահատվում ռազմավարական գործընկերությունն այս պահին:
Պետք է արժանին հատուցել Վարչապետին, որն ի պատասխան պատգամավոր Բագրատյանի հարցապնդմանը (21.05.2013 թ. ՀՀ Ազգային ժողովում Կառավարությանն ուղղված հարց ու պատասխանի ժամանակ), ներկայացրեց տեղեկություն այն մասին, որ Հայաստանը, ինչպես նաև Բելառուսը Ռուսաստանի Դաշնությունից գազը կստանան ամենացածր գնով: (Հուսանք, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը): ՀՀ կառավարության ղեկավարը գոնե իր այս հայտարարությամբ վերջ դրեց հյուսիսային հարևանի կողմից ճնշումների վերաբերյալ ամեն տեսակ շահարկումներին:
Սակայն 1 խոր. մ գազի գնի հետագա ավելացումն իրականացվելու է «ՀայՌուսգազարդի» կողմից՝ Կառավարության լուռ հավանությամբ՝ որոշակի արտոնություններ ստանալու ակնկալիքով: Գազի գնի բարձրացումը ծանր սոցիալ-տնտեսական հետևանքներ կունենա Հանրապետության ողջ բնակչության համար և հանրային լսումների արդյունքներից շատ բան է կախված երկրի միջին վիճակագրական քաղաքացու ապագայի պլանավորման գործում:
Լևոն Ներսիսյան
«Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ տնօրեն
23.05.2013թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել