Ալեն Ղևոնդյան. «ՀԱՊԿ ակադեմիան ենթադրելու է քաղաքացիական և ռազմական կրթության բաղադրիչների յուրահատուկ համադրություն»
Դեռևս այս տարվա հունվարին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ստորագրել են հուշագիր` ՀԱՊԿ ակադեմիա ստեղծելու մասին, որի նստավայրը լինելու է Երևանը: ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման վերաբերյալ «Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, ք.գ.թ., դոցենտ Ալեն Ղևոնդյանը:
Ըստ Ձեզ` ինչո՞ւ է ակադեմիայի ստեղծման համար ընտրվել ՀԱՊԿ անդամ երկրներից մասնավորապես Հայաստանը:
ՀՀ-ն ավանդաբար ակտիվ դերակատարում է ունեցել ինչպես ՀԱՊԿ-ի ձևավորման, այնպես էլ նրա հետագա գործունեության ծավալման մեջ: Մենք առաջամարտիկ ենք եղել հավաքական անվտանգության կազմակերպության գործունեության ամենատարբեր ոլորտներում: Այսօր ՀԱՊԿ-ն որոշել է կրթական բաղադրիչ ներառել անվտանգության իր քաղաքակնության մեջ: Մենք, բնականաբար, որպես կազմակերպության ակտիվ անդամ, չենք կարող պասիվ կարգավիճակ որդեգրել:
Ժամանակակից աշխարհում ռազմաքաղաքական դաշինքների զարգացման ներկա տրամաբանությունը ենթադրում է, որ այդ կազմակերպություններն իրենց գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև սեփական կադրերի պատրաստման, վերապատրաստման նպատակով կազմակերպության զարգացման որոշակի փուլում մեծ ուշադրություն են դարձնում կրթական բաղադրիչին: Դրա վառ օրինակը ՆԱՏՕ-ն է, որն ունի մի շարք գիտական և կրթական հաստատություններ կազմակերպության անդամ տարբեր երկրներում:
ՀՀ-ը ընտրվեց այն պատճառով, քանի որ ակտիվ է, և այստեղ կադրերի վերապատրաստման, կրթության նկատմամբ վերաբերմունքը բավականին ամուր հիմքի վրա է դրված: Սակայն Երևանի ընտրությունը առանձնահատուկ հանգամանք չէ: Դա կարող էր բխել նաև ՀԱՊԿ աշխատանքային տրամաբանությունից:
Եթե կազմակերպության կառուցվածքային մի շարք մարմիններ գտնվում են անդամ-երկրների մայրաքաղաքներում, ապա նույն տրամաբանությամբ ակադեմիան որոշվել է տեղակայել Երևանում: Իմ կարծիքով` կարևորը այս պարագայում այն է, որ ՀԱՊԿ-ն ռազմավարական երկարաժամկետ խնդիրների լուծման նպատակ է դրել իր առջև, իսկ ակադեմիայի ստեղծումը Երևանում այդ գործընթացին էականորեն կօժանդակի:
Իսկ արդյոք մեր կրթական համակարգը թույլ չի՞ տալիս համապատասխան կադրերի պատրաստում, քանի որ կան թե գիտական կենտրոններ, թե առանձին ռազմական կրթօջախներ:
Պետք է տարբերակել քաղաքացիական կրթությունը այն կրթությունից, որը նախատեսում է տալ ՀԱՊԿ ակադեմիան: Չնայած այդ գաղափարի իրացումը դեռ գործարկման փուլում է, սակայն ակնհայտ է, որ նոր ձևավորվող կառույցը դեռ անցնելու է իրավափաստաթղթային և ներքին կառուցվածքային որոշակիացման գործընթաց, որի շրջանակներում հստակեցվելու են ակադեմիայում ստեղծվելիք ֆակուլտետները, դասավանդվող մասնագիտությունների ու մասնագիտացումների բնույթը և այլ հարցեր:
Այս հարցում պետք է հաշվի առնել ՀԱՊԿ-ի յուրահատկությունը: Այն հավաքական անվտանգության ապահովման բազմաբաղադրիչ կազմակերպություն է: Դա ենթադրում է առանձնահատուկ տիպի կրթական ունակություններ պահանջող և կրթական գործընթաց ենթադրող կառույց:
ՀՀ-ն ունի քաղաքացիական և ռազմական կրթական համակարգ: Դրանցից յուրաքանչյուրն ունի հստակ ուղղվածություն: Իմ պատկերացմամբ` ՀԱՊԿ ակադեմիան ենթադրելու է քաղաքացիական և ռազմական կրթության բաղադրիչների յուրահատուկ համադրություն:
Այս պարագայում հարկ է կարևորել մեկ հանգամանք. ակադեմիան հնարավորությունեն կտա, որ ՀԱՊԿ անդամ-երկրների զինված ուժերի ներկայացուցիչները, քաղաքացիական ծառայողները հնարավորություն ստանան վերապատրաստվելու ՀԱՊԿ ներքո գործող կրթական կառույցում, որը համահունչ կլինի կազմակերպության հիմքում դրված հավաքական անվտանգության ապահովման գերակայություններին:
Սա, բնականաբար, կամրապնդիր կազմակերպության տեղն ու դերը հետխորհրդային տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից:
Բացի կադրերի պատրաստումը և վերապատրաստումը, ուրիշ ի՞նչ խնդիրներ պետք է լուծի ակադեմիան:
Ցանկացած կրթական հաստատություն առանց գիտահետազոտական կոմպոնենտի չի կարող հեռանկար ունենալ: ՀԱՊԿ-ի ակադեմիայի ձևավորման արդյունքում, կարծում եմ, որոշակի փուլից հետո պետք է նաև մշակել գիտահետազոտական գործունեության ռազմավարություն` ՀԱՊԿ-ի առջև դրված անվտանգային խնդիրներն ավելի առարկայական լուծելու, առկա խնդիրների լուծման նոր, այլընտրանքային մոդելներ ներկայացնելու տեսանկյունից: Առանց գիտավերլուծական բաղադրիչի կազմակերպությունը կզրկվի զարգացման կարևոր գործոնից:
Ինչո՞վ է բացատրվում ակադեմիայի հիմնումն այս ժամանակահատվածում:
Ցանկացած կազմակերպություն ունի իր զարգացման բնականոն ընթացքը: Լինում է իրավիճակ, երբ նկատվում է ակտիվացում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով, լինում է ժամանակահատված, երբ նկատվում է ընդգծված պասիվություն: Այնպիսի կազմակերպությունները, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հիմնախնդիրների հետ, օրինակ` ՆԱՏՕ-ն, ունեն վերապատրաստման, գիտահետազոտական կենտրոններ:
Ընդ որում` Հայաստանը ակտիվ ներգրավվածություն ունի այդ կառույցներում: Նա իր սպայական, քաղաքացիական ներկայացուցիչներին պարբերաբար գործուղում է վերապատրաստման ՆԱՏՕ-ի անդամ-երկրների նշյալ կենտրոններ:
Այսօր ՀԱՊԿ-ի շրջանակներում հասունացել է նման կառույցի ստեղծման անհրաժեշտությունը, ուստի կազմակերպությունը այդ ուղղությամբ գործնական քայլեր է ձեռնարկում:
Դուք որքանո՞վ եք կարևորում ակադեմիայի ստեղծումը:
Մենք պետք է ունենանք անվտանգային ոլորտի բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որպեսզի ակտիվ, արդյունավետ ներգրավվածություն ունենանք ՀԱՊԿ-ում, ինչպես նաև կարողանանք առավելագույն փոխշահավետ համագործակցություն ապահովել կազմակերպության շրջանակներում: Ակադեմիան այդ ուղղությամբ կարևոր հերթական քայլն է:
Այն կարևոր է նաև մեր ուժային, քաղաքացիական կառույցների ներկայացուցիչների վերապատրաստման համար, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ընկալումը տեղայնացնելու տեսանկյունից, որովհետև հաճախ ՀԱՊԿ-ն դիտարկվում է որպես «աբստրակտ» կառույց: Մինչդեռ այն շատ հրատապ, արդիական խնդիրներ է լուծում ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում:
Ակադեմիան կարող է նպաստել ավելի հստակ պատկերացնելու ՀԱՊԿ-ի գործառույթները, գործունեությունը և խորացնելու հավաքական անվտանգությանն ուղղված փոխգործակցությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել