Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Գալուստ Գյոդելի (Գեոդելեքյանի) նկարը կցուցադրվի լոնդոնյան հայտնի ցուցասրահում



Ամերիկաբնակ արվեստագետ Գալուստ Գյոդելի "Cityscape #147" նկարը կցուցադրվի բրիտանացի աշխարհահռչակ կոլեկցիոներ Չարլզ Սաաչիի ցուցասրահում:

Ամերիկաբնակ, ազգությամբ հայ արվեստագետ Գալուստ Գյոդելի նկարը Սաաչիի պաշտոնական կայքում, մրցակցելով 3300 այլ նկարիչների աշխատաքների հետ, անցնելով քվեարկության մի քանի փուլերով՝ ընդրգրկվել է լավագույն տասնյակի մեջ:

Տասնյակից ընտրվել է երկու նկար, որոնք կտեղափոխվեն Լոնդոն: Գյոդելի նկարը երկրորդն է: Նախորդ զրույցս Գալուստի հետ տեղի էր ունեցել 2012-ի մարտին: Կապ հաստատեցի նաեւ այսօր:

Նախ կխնդրեի` պատմեք ՍաաչիիShowdown” մրցույթի մասին:

Չարլզ Սաաչին վերջին 30 տարիներ ամենաազդեցիկ եւ կարեւոր մարդկանցից է արվեստի աշխարհում, ունի անձնական հավաքածու եւ, նկարիչը, ում աշխատանքը մտնում է այդ շարքի մեջ, կարեւորվում է արվեստասեր հանրության շրջանակներում եւ շուկայում բարձրանում է արժեքը:

Սաաչին Լոնդոնում ժամանակակից արվեստի մի հսակայական թանգարան ունի, որտեղ ցուցադրվում են իր այլ կարեւոր հավաքածուներ, սրան զուգահեռ աշխատում է նրա կայքը, որը ղեկավարվում է Լոս-Անջելոսից: 

Թանգարանի տնօրենը` Ռեբեկա Ուիլսոնը, որը միաժամանակ ղեկավարում է նաեւ կայքը (ամեն շաբաթ երկու օրով ժամանում է Նահանգներ եւ վերադառնում Լոնդոն` արդեն չորս տարի անընդմեջ) եւ հնարավորություն է տալիս բոլոր նկարիչներին իրենց գործերն անձամբ տեղադրել կայքում եւ ցուցադրել հանրությանը:

Այս ամենին զուգահեռ կայքում տեղադրված են նաեւ հատուկ ծրագրեր, որոնք նախատեսված են նկարիչներին աջակցելու համար: Այդպիսի մի ծրագիր է "Showdown" լայնամասշտաբ մրցույթը:

Մինչ մրցույթի ընթացքի մասին պատմելը, ինչո՞ւ ներկայացաք հենց "Cityscape #147" նկարով: 

Հիմնական պատճառը մրցույթի թեմատիկան էր` "Bright Lights, Big City" («Պայծառ լույսեր, Մեծ քաղաք»): 

Նկարն արված է ոչ ավանդական նյութերով` վերցրված կենցաղից, այս դեպքում օգտագործված է vinyl (վինել), որը թափանցիկ նյութ է, իսկ գույների հիմնական մասը դրված են հետեւի կողմից:

Սա ամբողջությամբ փոխում է նկարչության մեջ եղած ավանդական մոտեցումը, որովհետեւ մենք հիմնականում այլ նկարիչների մոտ տեսնում ենք վերջին շերտը, եւ գնալով նվազ երեւում են նախորդ շերտերը:

Այս դեպքում հակառակն է: Ես գույներն ստանալուց հետո տեղափոխում եմ կարծր մակերեսի վրա. vinyl-ը եւ ակրիլից ներկը ճկուն են, երկուսն էլ ուժեղ կպչելու հատկություն ունեն:

Ձեւերը (ֆորմաները) կտրտելուց հետո դրանք ամրացնելուց առաջ հետեւի մասում ներկ եմ դնում եւ տեղադրում ուզածս տեղում` ճնշում գործադրելով մակերեսի վրա. այդ ժամանակ տակի ներկը դուրս է մղվում եւ առաջացնում ուրվագիծ: 

Անդրադառնալով մրցույթին` ինչպիսի՞ն էր գնահատման կարգը, ո՞վ կամ ովքե՞ր էին որոշում կայացնում:

Մրցույթը բաղկացած էր մի քանի փուլից: Նախ՝ ինքնաառաջադրվել էին 3300 նկարիչ: Առաջին փուլի արդյունքում մրցակցության մեջ մնաց 300 աշխատանք, որից 50-ը` հանարային (օն-լայն), իսկ 250-ը` Սաաչիի թիմի քվեարկության արդյունքում:

Վերջին 30 աշխատանքների հիմնական ընտրողը Ռեբեկա Ուիլսոնն էր: 

Այնուհետեւ հրավիրվեց ամերիկացի շատ հայտնի նկարիչ Էդդի Մարտինեզը, ով վերջին փուլի համար առանձնացրեց 10 աշխատանք:

Այս 10 նկարից միայն 2-ը հնարավորություն ստացան ցուցադրվելու Լոնդոնում` “Saatchi Gallery”-ում: Հուրախություն ինձ` իմ նկարը 2-րդն էր: 

Ի՞նչ ակնկալիքներ ունեք Լոնդոնից:

Դեռ չգիտեմ: Սպասում եմ քննադատության, քանի որ անտարբերությունն ինձ համար ավելի սարսափելի է: 

Մեր զրույցից անցել է մեկ տարուց ավելի: Տեսնում եմ` շատ բան է փոխվել: Անհատական, խմբակային ցուցահանդեսներ, այս վերջին հաղթանակը... Հետաքրքիր է` ստեղծագործական մոտեցման սկզբունքը, ինչպես նշել էիք դեռ այն ժամանակ, պայմանավորված է փիլիսոփայությամբ եւ հոգեբանությամբ: Կցանականայի նկարագրեք այժմյան ստեղծագործական վիճակը: 

Անհատական ցուցահանդեսից հետո մեծ տեղաշարժ տեղի ունեցավ. որոշեցի զսպվածությունից դուրս գալ եւ նոր փորձեր անել` տեսնելու համար, թե ուր կարող եմ հասնել:

Խոսքը վեջրին 8 ամսիների մասին է: 

Եվ... 

Եվ չգիտեի, որ այսքան գժություն կա մեջս: 

Էդդի Մարտինեզի վերջնական որոշումից հետո նրա էջում տեղադրվեցին Սաաչիիում ցուցադրվելիք երկու նկարները:

Գալուստ Գյոդելի ստեղծագործությունը բազմաթիվ մեկնաբանությունների արժանացավ: Թարգմանաբար ներկայացնում եմ նրանցից երկուսը: 

Fei Anagnostopoulu Mentzari (Հունաստան). «Մակերեսը, շերտավորումը, ներկի հաստությունը` համատեղված թափանցիկ նյութի գործածության հետ, նյութերի խառնվածքը, ուժը եւ ձեւերի հատուկ ուրվագծերը, որոնք հիմնական մակերեսից են դուրս պրծնում… Սիրեցի այս աշխատանքը»: 

Cristina Popovici (Ավստրալիա). «Շնորհավորում եմ այս հնարամիտ արվեստագետին, որին հաջողվում է շարունակաբար գերել դիտողին, շարժել հետաքրքրասիրությունը եւ ակտիվացնել մեր վերաբերմունքը արվեստի նկատմամբ: Ավելի պարզ հասկանալու համար խորհուրդ եմ տալիս կարդալ նաեւ նրա արվեստի թեզը»:

Հ.Գ. Ստեղծագործության լուսանկարը` saatchionline.com կայքից:
Գալուստ Գյոդելի աշխատանքները` Սաաչիի պաշտոնական կայքում:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ