«Տիկին Ֆրեյզեր, ես ցավում եմ, որ Դուք զբաղվում եք հակամարտություններով` խեղաթյուրելով հակամարտության ոգին ու փաստերը»
Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել Տալինում ընթացող` ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից կազմակերպված` «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումների ժամանակ: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք իմ ելույթը սկսել արձագանքելով Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հայտարարությանը: Տիկին Ֆրեյզեր, ես ցավում եմ, որ Դուք զբաղվում եք հակամարտություններով` խեղաթյուրելով հակամարտության ոգին ու փաստերը: Դուք հայտարարում եք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը հավասարապես կիրառում են ռազմական հռետորաբանություն, երկուսն էլ սպառնում են պատերազմով: Դուք, մեղմ ասած, ճիշտ չեք: Դուք չեք կարող բերել որեւէ օրինակ, երբ ՀՀ առաջին դեմքերը օգտագործած լինեն ռազմական հռետորաբանություն, չկա նման բան: Այո, մենք պատերազմ չենք ուզում, սակայն մեզ պատերազմով վախեցնել հնարավոր չէ:
Հարգելի՛ գործընկերներ, մեկ բան հստակ է` Լեռնային Ղարաբաղը երբեք, որեւէ ձեւաչափով չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, եւ ինչքան շուտ դա հասկանա Ադրբեջանն ու նաեւ դուք` այստեղ նստածներդ, այնքան մենք շատ ավելի արագ կկարողանանք ունենալ խաղաղ, կայուն զարգացող տարածաշրջան: Սակայն, Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում ընդունել այդ պարզ ճշմարտությունը, այլեւ գլխիվայր է շուռ տալիս փաստերն ու իրողությունները եւ փորձում է վերախմբագրել միջազգային նորմերն ու սեփական հայեցողությամբ վերաշարադրել ՄԱԿ-ի հայտնի բանաձեւերը:
Այո, չնայած համանախագահող երկրների գործադրած ջանքերին, վերջին տարիներին այդպես էլ չհաջողվեց առաջընթաց արձանագրել ղարաբաղյան խնդրում, քանզի Ադրբեջանը մեկը մյուսի հետեւից մերժում էր միջնորդների առաջարկները: Ինչպես ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը, մենք եւս ափսոսում ենք, որ չնայած կոչին` հնչած 2011-ին Դովիլում, չնայած կազանյան սամիթից սպասումներին, այդպես էլ որեւէ դրական տեղաշարժ չեղավ` Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Մեկ բան հստակ է` Ադրբեջանը ցանկանում է դուրս բերել բանակցային գործընթացը Մինսկի խմբի ֆորմատից եւ տեղափոխել այլ ֆորմատ, ցանկանում է փոխել միջնորդներին:
Այդ երկրի համար այլեւս սովորական է դարձել ետ կանգնել անգամ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից: Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը, որ պետք է մշակեն հստակ մեխանիզմներ` հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քննելու համար, Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ամեն ջանք գործադրեց այդ նախաձեռնությունը տապալելու համար: Ավելին, սպառնաց կիրառել վետո` ԵԱՀԿ-ի ընդհանուր բյուջեի նկատմամբ: Ադրբեջանը, հայտնի է, որ համառորեն հրաժարվում է նաեւ շփման գծից ետ կանչել դիպուկահարներին:
Հարգելի՛ գործընկերներ, համանախագահողներն իրենց աշխատանքը կառուցում են երկու անչափ կարեւոր ուղղություններով` հիմնարար սկզբունքներ եւ որ նույնպես անչափ կարեւոր է` վստահության մթնոլորտի ձեւավորում: Վստահության մթնոլորտի ձեւավորումը ենթադրում է խիստ կոնկրետ քայլեր, ինչի մասին ես խոսեցի: Կոնկրետ քայլեր անելը, ինչը կբերի վստահության մթնոլորտի կառուցմանն ու լարվածության թուլացմանը, Ադրբեջանին ձեռնտու չէ: Ավելին, այդ երկիրը գնում է լարվածության ակնհայտ մեծացման, ուռճացնելով իր ռազմական բյուջեն, առաջին դեմքերի մակարդակով սպառնալով պատերազմով: Եւ եթե Ադրբեջանին թվում է, որ իր սպառնալիքներով որեւէ մեկին կարող է վախեցնել, ապա դա իրենց հերթական մոլորությունն է: Ադրբեջանցի զինվորի ոգին մենք բազմիցս ենք տեսել: Հերթական անգամ այդ ոգին ողջ աշխարհը տեսավ Բուդապեշտում, երբ արդբեջանցի սպան գազանաբար կացնահարեց քնած հայ սպային: Ահա սա է իրական ադրբեջանական ոգին:
Հարգելի՛ գործընկերներ, չնայած Ադրբեջանի ապակառուցողական դիրքոշորմանն ու քայլերին, Հայաստանը շարունակելու է իր ջաքներն ուղղել ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների ու դրույթների վրա:
Եւ վերջում` դուք այստեղ խոսում եք Ղարաբաղի մասին` երբեւէ չլինելով այնտեղ: Դուք չգիտեք, թե ինչպես են ապրում Ղարաբաղում մարդիկ, ինչ հոգսեր ու խնդիրներ ունեն: Մի՛ վախեցեք գնալ Ղարաբաղ: Գնացեք ու վստահեցնում եմ, կտեսնեք խաղաղ ապրող ժողովուրդ, որը հետեւողականորեն կառուցում է իր ժողովրդավարական ապագան: Կտեսնեք պետություն, ուր բավականին արդյունավետ աշխատում են իշխանության ինստիտուտները: Եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ դրանից հետո, առանց որեւէ լսումների էլ դուք կհասկանաք, որ Ղարաբաղի անկախությանը չկա ու չի կարող լինել որեւէ այլընտրանք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել