HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դրախտիկ գյուղի համայնքային կենտրոնը բացվեց

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում շարունակվում են ավարտված ենթակառուցվածքների բացումներն ու այցելություններն ընթացիկ ծրագրեր:

Այսօր Հիմնադրամի շուրջ քառասուն հոգուց բաղկացած պատվիրակությունը` կազմված տեղական մարմինների ատենապետերից, ներկայացուցիչներից եւ բարերարներից, Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ հանդիսավորությամբ բացեց ԼՂՀ Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի նորակառույց համայնքային կենտրոնը: Բացման արարողությանը ներկա էին նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու ներկայացուցիչ Շահե վարդապետ Անանյանը, Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանը, համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր: Համայնքի բնակիչների մեծ բազմությունը ոգեւորությամբ էր սպասում բացման արարողությանը:

«Մեր բարերարների շնորհիվ այս համայնքն իսկական դրախտի է վերածվում»,- իր շնորհավորական խոսքում ասաց Պարգեւ սրբազանը:

Դրախտիկի համայնքային կենտրոնը կառուցվել եւ կահավորվել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ  /բարերար Պերճ Լիւլէճեան/: Կենտրոնում  /283քմ մակերեսով/ կգործեն բուժկետը,  ծննդասենյակը, հանդիսությունների դահլիճը,  համակարգչային կենտրոնը, գրադարանն ու գյուղապետարանը:

Համայնքային կենտրոնը Հիմնադրամի կողմից կյանքի կոչված չորրորդ ենթակառուցվածքային ծրագիրն է ավելի քան 430 բնակիչ ունեցող Դրախտիկ համայնքում: Սփյուռքի տարբեր համայնքների ջանքերի շնորհիվ այսօր գյուղն ունի որակյալ խմելու ջուր /Ռուսաստանի հայ համայնք/, գեղեցիկ նորակառույց մանկապարտեզ /Ֆրանսիայի հայ համայնք/ եւ գյուղտեխնիկայի կայան  /ԱՄՆ արեւելյան շրջանի համայնք/: Գյուղը տարածված է Հիմնադրամի կառուցած Հյուսիս-հարավ ճանապարհի երկայնքով:

«Շատ ուրախ եմ, որ այսօր այս տարածքում եւս մեկ  ենթակառուցվածք ենք բացում: Հուսով եմ, որ համայնքային կենտրոնի շնորհիվ կյանքն այստեղ առավել կաշխուժանա, եւ մասնավորապես,  փափագում եմ, որ այս բուժկետում հնարավորինս քիչ հիվանդներ սպասարկվեն, փոխարենը` շատ կանայք մայրանան: Անում ենք ամենը, որպեսզի Արցախում ընտանիքներն ավելանան եւ բնակչության թիվն աճի»,- ողջույնի  խոսքում ասաց Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը եւ շնորհակալություն հայտնեց տորոնտոյաբնակ սարկավագ բարեշնորհ Պերճ Լիւլէճեանին, ում նվիրատվության շնորհիվ հնարավոր դարձավ միաժամանակ լուծել համայնքի համար մի շարք կարեւոր խնդիրներ: 

Վաղը Հիմնադրամի պատվիրակությունը կայցելի Շուշիի շրջանի Քարին Տակ համայնք, որտեղ վերակառուցվում է խմելու ջրի համակարգը: Այս  ծրագրով շարունակվում է միասնական ջանքերով ծրագրեր իրականացնելու Հիմնադրամի կողմից որդեգրած միտումը: Ջրամատակարարման համակարգը վերակառուցվում է Հիմնադրամի Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի, Արգենտինայի, Բրազիլիայի տեղական մարմինների եւ ՀՕՄ-ի համատեղ ջանքերով:Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» հիմնադրամի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter