HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ` փրկել Գանձասարն այլանդակումից

Երեկ Facebook սոցիալական ցանցում լուսանկարիչ Արեգ Բալայանը տեղադրել է լուսանկարներ, որոնք պատկերում են հայկական ճարտարապետության գոհարներից մեկի՝ Արցախում գտնվող 13-րդ դարի Գանձասարի նշանավոր վանական համալիրի պարիսպների այլանդակումը մարմարե սալիկներով։

Գանձասարը 2000-2002 թթ. նոր շունչ էր ստացել մոսկվայաբնակ հայ գործարար Լևոն Հայրապետյանի միջոցներով: Վերջինս ծնունդով այդ վայրերից է, և Գանձասարը մշտապես պահում է իր ուշադրության կենտրոնում: Անկասկած, Գանձասարն այսօր Արցախի ամենաբարեկարգված հնադարյա սրբատեղին է: Ցավոք, հայ մեծահարուստների կողմից իրենց ծննդավայրի հանդեպ նման վերաբերմունքի դրսևորումներ հազվադեպ են հանդիպում:

Գանձասարի վանական համալիրը շրջափակող 13-րդ դարի պարսպի երեսպատման լուսանկարներն երեկ մեծ աղմուկ բարձրացրին Facebook սոցիալական ցանցում և բլոգերների շրջանում: Երեկոյան պարզաբանումներով հանդես եկավ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը: Նա նշեց, որ դեռ մարտ ամսին վարչությունը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որում նշվում էր այդ գաղափարի իրականացման համար միջոցներ տրամադրողի` Լևոն Հայրապետյանի անունը:

Սարգսյանի խոսքերով` վարչությունը նման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տվել, որովհետև «այն կվնասի պատմական միջավայրը»: Սարգսյանը հայտնել է նաև, որ երեսպատումն անօրինական է արվում: Նրա կարծիքով` պատերի երեսպատումը կարող է խոչընդոտ դառնալ նաև համալիրը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հարցում:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հակված է ենթադրելու, որ Լևոն Հայրապետյանը, ում վստահված անձինք իր միջոցներով իրականացնում են 13-րդ դարի պարսպի «երեսպատումը», պարզապես տեղյակ չէ տեղի ունեցող խայտառակության մասին: Կոչ ենք անում մոսկվայաբնակ հայ գործարարին հրահանգել շտապ կասեցնել Գանձասարում իրականացվող վանդալիզմը, ինչպես նաև զգուշորեն հեռացնել այդ անճաշակ մարմարե սալիկները` վերադարձնելով պարսպին իր պատմական տեսքը:

Մեկնաբանություններ (1)

haykUS
Same thing is in the Haghartsin, even worse. Shame on Minitry of Culture and Armenian church for destroying our culture, legacy and history. Bunch of primitive prople!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter