Քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական 2-րդ համաժողովի հետ կապված հարցեր
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին: Քննարկվեցին այս աշնանը կայանալիք ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական երկրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:
Համաժողովը նախատեսվում է անցկացնել Ֆրանսիայի Վալանս քաղաքում, նպատակը երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության խորացման ուղղությունների քննարկումն է:
Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված մակարդակով գործակցության զարգացմանը: Երկու երկրների մի շարք համայնքների միջեւ բավականին գործնական փոխգործակցություն է հաստատվել. ՏԻ մարմինների ներկայացուցիչների ակտիվ շփումները, փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ֆրանսիական գործընկեր համայնքների կողմից տարբեր ծրագրերի իրականացումը Հայաստանի համայնքներում իրենց դրական ազդեցությունն են ունենում ինչպես ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետության բարձրացման, այնպես էլ համայնքների զարգացման վրա:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համաժողովի աշխատանքների նախապատրաստման եւ կազմակերպման նպատակով շահագրգիռ մարմինների եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Դեսպանի խնդրանքով փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց նաեւ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերում վերջին տարիներին կատարված աշխատանքների եւ նախատեսվող բարեփոխումների մասին: Ընդգծելով, որ ոլորտի զարգացման խնդիրները մնում են ՀՀ կառավարության առաջնահերթ հարցերի շարքում, փոխվարչապետն առաջիկա բարեփոխումների թվում նշեց Տարածքային զարգացման հիմնադրամի ստեղծման եւ համայնքների խոշորացման ծրագրերի իրականացումը: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել