HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվեց հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու հարցը

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Շամիրամ համայնք, որտեղ գյուղապետի, համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին համայնքի ընթացիկ խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքներին, անասնաբուծության զարգացմանը, համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը կանգ առավ նաեւ Օշականում, այցելեց համայնքի երաժշտական դպրոց, որի հիմնանորոգումն ավարտվել է օրերս` Հայ օգնության ֆոնդի  ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում: Դպրոցի հիմնանորգման ծրագիրը ֆինանսավորել է ամերիկահայ բարերար Նատիա Փոլատյանը:  Փոխվարչապետը շրջայց կատարեց դպրոցում, ծանոթացավ  պայմաններին: Նշելով, որ համայնքներում ենթակառուցվածքների զարգացման միջոցով որակյալ ծառայությունների մատուցման հասնելը կառավարության առաջնահերթ խնդիրներից է` նա  գոհունակություն հայտնեց, որ տարբեր կազմակերպություններ եւ անհատներ նույնպես աջակցում են այդ նպատակին: Դպրոցն արդեն վերաբացվել է, եւ 65 սաներն այսուհետ երաժշտական կրթություն կստանան հարմարավետ ու բարեկարգ պայմաններում:

Փոխվարչապետն այցի ավարտին խորհրդակցություն անցկացրեց Արագածոտնի մարզպետարանում, որի ընթացքում քննարկվեց մարզում արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցը: Խորհրդակցությանը մասնակացում էին մարզպետը, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ, պատասխանատու այլ անձինք:

Զեկուցվեց, որ մարզում առկա է ընդհանուր առմամբ 50 հակակարկտային կայան, որոնցից 30-ը տեղադրված է պետական ծրագրով, իսկ մյուս 20-ը` այլ հիմունքներով: Նշվեց, որ մարզի ցանքատարածություններն ու այգիները կարկուտից պաշտպանելու համար հակակարկտային կայանների թվի ավելացման անհրաժշտության կա: Քննարկվեցին համայնքային ենթակայության կայանները միասնական ցանցին միացնելու, ինչպես նաեւ նոր կայաններ տեղադրելու հնարավորությունները:

Խորհրդակցությանը Կարբի եւ Օհանավան համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին նաեւ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին եւ եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով համայնքների  գյուղատնտեսությանը հասցված վնասին վերաբերող հարցեր:

Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգին չպատկանող հակակարկտային կայաններն ընդհանուր համակարգին միացնելու նպատակահարմարության հարցն առաջիկայում կքննարկվի նաեւ Շիրակի մարզում, որից հետո փոխվարչապետի ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբն առաջարկություններ կներկայացնի կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter