Վարդանաշեն. հորեղբոր որդիները, համայնքապետն ու աշխատակազմի քարտուղարը՝ իրար դեմ
Այսօր Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Թեկնածուները չորսն են`գործող համայնքապետ՝ ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ անկուսակցական Աշոտ Հայրապետյանը, ՀՀԿ-ական Հայկ Սահակյանն ու անկուսակցական Գրիգոր Սահակյանը: Նշենք, որ վերջին երկու թեկնածուները հորեղբոր որդիներ են, որոնք համձայնության չեն եկել, թե նրանցից ով պետք է առաջադրի իր թեկնածությունը եւ երկուսն էլ ինքնառաջադրվել են:
Վարդանաշենում լարվածություն չկար, բացահայտ խախտումներ էլ չկային, բացառությամբ մի քանի դեպքերի, երբ տարիքով մարդիկ գալիս հասնում էին ընտրատեղամաս, սակայն քվեախցին չէին մոտենում: Նստում էին աթոռին եւ իրենց փոխարեն ընտրությունը կատարում էին ազգականները:
Թիվ 20 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գոռ Հովհաննիսյանն, այցելելով տեղամաս, արգելեց նման երեւույթների կրկնությունը եւ թիվ 20/01 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Սուրիկ Խաչատրյանին հորդորեց աշխատել օրենքով եւ չանտեսել նույնիսկ մանրուքները:

Մի քանի դեպք էլ գրանցվեց, երբ ամուսինները չէին թողնում, որ իրենց կանայք միայնակ ընտրություն կատարեն: Նրանք ցանկանում էին միասին մտնել քվեախուց` պատճառաբանելով, թե օգնության կարիք ունեն: Ընդհանրապես ընտրատեղամաս եկած ընտրողների մի ստվար զանգված «օգնության կարիք» ունեին այսօր:
Ակտիվ էր հատկապես հանձնաժողովի նախագահ Ս. Խաչատրյանը: Նա մերթ ընդ մերթ դուրս էր գալիս, ինչ-որ զանգեր կատարում, թվաբանական հաշվարկներ կատարում եւ վերադառնում:
«Ընտրությանը եկել է 400 մարդ, ասա տենամ ձեր թվերով քանի՞սն են մեր օգտին ընտրել»,-ժամը մեկ հեռախոսով հետաքրքրվում էր Սուրիկ Խաչատրյանը: Նշենք, որ նա համայնքապետարանի աշխատող է եւ սատարում էր գործող համայնքապետին:
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, համայնքապետի թեկնածու Աշոտ Հայրապետյանը ընտրատեղամաս էր եկել ընտանիքի անդամների հետ: Նա «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դժգոհ է ներկայիս համայնքապետի վարած քաղաքականությունից, եւ հենց այդ պատճառով էլ առաջադրել է իր թեկնածությունը:
Թեկնածունն ասաց, որ ամեն ինչ չէ, որ քաղաքացին պետք է ակնկալի վերին իշխանություններից, համայնքապետարաններն էլ պետք է զբաղվեն խնդիրների լուծմամբ` սոցիալականից մինչեւ գյուղատնտեսական վարկեր, որը խեղդում է ժողովրդին:
Ողջ օրվա ընթացքում ակտիվություն նկատվեց միայն առավոտվա եւ երեկոյան ժամերին: Կեսօրին ընտրողների հոսքը դադարեց, եւ հանձնաժողովականներն ու դիտորդները անեկդոտներ ու «անցյալից հուշեր» պատմելով էին զբաղված:

Թեկնածուներից մեկը նույնիսկ շոկոլադ ու ծաղիկներ էր ուղարկել ընտրատեղամաս, եւ ծնողի հետ ընտրության եկող բոլոր երեխաներին հանձնաժողովի անդամները շոկոլադ էին բաժանում:
Մինչ կսկսվեր քվեաթերթիկների վերահաշվարկը, թեկնածուների կողմնակիցները հավաքվել էին գյուղի կենտրոնում եւ սպասում ընտրատեղամասից եկող զանգերին:
Այս պահին հանձնաժողովի անդամները հաշվարկում են արդյունքները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել