HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրեցիների բաց նամակը նախագահին. «Մի իրականացրեք «Մեղրին՝ առանց մեղրեցու» քաղաքականությունը»

«Մեղրու տարածաշրջանում այժմ շահագործվում են Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու, Ագարակի պղինձ-մոլիբդենի, Լիճքի պղինձ-մոլիբդենի, Այգեձորի պղինձ-մոլիբդենի (Թխկուտի և Կենտրոնական տեղամասեր) հանքավայրերը…

Այժմ երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում Խաչքար-Փարավանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, ՎերինՎարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք և Կալեր գյուղերի շրջակա տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի և Նռանաձորի պղինձ-ոսկու հանքաերևակումներում…»

Այս տեղեկատվությունը վերցված է ՀՀ նախագահին ուղղված Մեղրու համայնքի ավագանու 25.01.2013թ. ուղերձի պատասխանից, որը ստորագրված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանի կողմից: /27.03.2013 № 5/33/50851/Վերոհիշյալ հանքավայրերի շահագործումը աղետալի վիճակի կհանգեցնի Մեղրիի տարածաշրջանի առանց այդ էլ անբարենպաստ էկոլոգիան: Այս ամենին ավելացնենք նաև այն հանգամանքը, որ Մեղրի գետի վրա այժմ կառուցվում են 9 ՀԷԿ-եր, որոնց գործարկման պայմաններում կոչնչանա զգալի տարածքով բուսածածկույթ: Ովքե՞ր են տերերն այս կառույցների

Մեղրու տարածաշրջանի նման ստրատեգիական տարածքի վրա նմանատիպ էկոլոգիական գրոհը հղի է աղետալի հետևանքներով. հրաշալի բնակլիմայական պայմանների և մեղրեցու քրտնաջան աշխատանքի արդյունքում ստեղծված մրգի այգիներն այսօր վերացման վտանգի տակ են: Չորանում են ընկուզենիները, թթենիները, կեռասենիները, դեղձենիները: Ծիրանենիները վաղուց ի վեր եզակի ծառատեսակներ են մեր տարածաշրջանում: Գյուղատնտեսությամբ զբաղվելն ապարդյուն և անօգուտ է. մեղրեցին լքում է իր հողը, որը տարիներ ի վեր նրան պահում էր սահմանային այս տարածքում:

Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ նշում են, որ զգալիորեն լավ են զգում Մեղրիից դուրս. կարգավորվում է արյան ճնշումն՝ առանց դեղորայքի կամ դեղերի նվազագույն դեղաչափերի օգտագործման, վերանում է հոդերի առավոտյան կարկամությունը, անցնում է գլախացավը, և վերականգնվում է մարդկանց աշխատունակությունը: Այս հանգամանքը ևս մարդկանց ստիպում է լքել Մեղրին…

Վերոհիշյալ էկոլոգիական իրավիճակը տագնապ է առաջացնում և կրկին ու կրկին հաստատում այն մտահոգությունը, որ ահագնացող այս վտանգը հղի է լուրջ հետևանքներով. Մեղրին արդեն անպիտան կլինի որպես բնակավայր, կդատարկվեն համայնքերը և կիրականան ազգի թշմանիների վաղեմի երազանքները. տեսնել Մեղրին ամայի տարածք և օգտագործել այն ընդամենը որպես միացման ճանապարհ:

Որպես վերջաբան հիշեցնում ենք Վազգեն Սարգսյանի «…Եվ նրանց ոտնահետքերով սկսվում է պատմությունը» ստեղծագործությունից հատված. «Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք, նույնիսկ Ղարաբաղը: Մեղրին իր քարուքռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալը՝ սուտ է: Մեծ, համաշխարհային սուտ… Եթե տան, ավելի վատ: Որովհետև իրենք շատ են, իրենք այսօր մեզնից ուժեղ են: Տվեցին, գալու են ու մեզ ուտեն: Իրենց թվով: Իրենց տնտեսությամբ: Իրենց փողով: Իրենց խելքով: Իրենց շահով»:

Մեղրեցիները մտահոգված են տարածաշրջանի նկատմամբ վարվող այս սպառողական քաղաքականության աղետալի հետևանքներով: Մարդկային կյանքերի և տարածքների ամայացման գնով մի իրականացրեք անհատներին հարստացնելու և «Մեղրին՝ առանց մեղրեցու» քաղաքականությունը:

Մեկնաբանություններ (3)

Gayane
Այդ ծրագիրը կոչվում է : Այս յալվարագրերով մենք մեզ համոզում ենք, թե պայքարում ենք մեր երկրում ապրելու իրավունքի համար, բայց սա ինքնախաբեություն է:
Գագիկ
1. Ինչ դաժանություն, ինչ անմարդկային վերաբերմունք Հայաստանի ամենագլխավոր դարպասի նկատմամբ: Ավելի լավ ու ճիշտ չէր լինի արդյոք միանգամից մի թղթի կտոր ստորագրեին ու Մեղրին վաճառեյին կամ Պարսիկներին, կամել Նախիջևանին ու պրծնեյին? Էլ ինչու էք եդ խեղճ Մեղրեցիներին հազար ու մի հիվանդություններով ու վիրուսներով վարակում նոր տեղահան անում չեմ հասկանում?Եդ խեղճերին ու ցիվիլիզացիայից, գազից ու մնացած բարիքներից զրկված լինելը հերք չէր, լռիվ էշի տեղեն դրել էս ժողովրդին: Ափսոս որ սրանից հետո էլ քաղաքի շուկաներում գեղեցիկ մրգերի վրա մեծատառերով գրված “ՄԵՂՐՈՒ” բառը էլ չենք տեսնի, քանի որ դա արդեն ոչ թե պատիվ կբերի ու գիննել համեմատած այլ մարզի մրգերի բարձր, այլ անպատվություն ու վտանգ, որովհետև այդ մրգերը արդեն վարակված կլինեն Ուրանով և բազմաթիվ այլ չափազանց վտանգավոր վիրուսներով:
Գագիկ
2. Ինձ որպես Նախկին Մեղրու բնակիչ շատ է մտահոգել այս հարցը, բայց ես եղել եմ, կամ և կմնամ միայն մի համոզման, որ այս ամեն ինչում միակ մեղավորը ոչ թե պետությունն է, կամ օլիգարխները, այլ հենց իրենք Մեղրեցիները: Այ երբ որ ամենաառաջին տրակտորները հայտնվեցին այդ գեղեցիկ ու գողտրիկ վայրերում ու սկսեցին իրենց ՍԵՎ ԳՈՐԾԸ, մի խումբ մեղրեցիներ պետք է գիշերով գնային ու այդ տրակտորները միայն իրենց ձեռքի ուժով շրջեյին ու գլորեյին ձորը ու Պարսկարստանը Հայաստանին կապող միակ ճանապարհը քարերով փակեյին ու թույլ չտային որ ոչ մի Պարսկական համարներով մեքենա անցներ, որ էս վիճակին չհասներ, չէ որ լավ է ասված “գյուղ կանգնի գերան կջարդի”? Այ այս դեպքում ոչ ոք այլևս չեր համարձակվի այդ գեղատեսիլ վայրերը վայրագորեն ու առանց որևէ ափսոսանքի ու սրտացավի իրենց գրպանները լցնելու համար եդպես վայրենաբար քանդուքարաբ անեյին ու կեխտ ու զիբիլն ել լցնեյին այդ մի փոքր ու համարյա վերջին շնչի վրա գտնվող առվակի մեջ, որը կոչվում է ԳԵՏ ՄԵՂՐԻ: Բայց սա միայն ցուցանակի վրա է այն արդեն համարյա թե չկա: Թե չէ սպասել սպասելեն բանը բանից անցելա նոր քնից զարդնել ու նախագահինել “բաց նամակ” են գրում ու մի հատել մեղմ ու փափուկ վերնագիր դնում, «Մի իրականացրեք «Մեղրին՝ առանց մեղրեցու», սա նախկինում կարելի էր գրել բայց հիմա արդեն շատ ուշ է, հիմա արդեն ուրիշ վերնագիր կսազեր իմ կարծիքով…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter