HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Արմավիա»-ի աշխատակիցները պահանջում են իրենց 7-8 ամսվա աշխատավարձը

«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները` օդաչուները, ինժեներ-տեխնիկները, բորտուղեկցորդները ՀՀ նախագահի նստավայրի առջև այսօր բողոքի ցույց էին անում: Նրանց խնդիրն այն է, որ աշխատանքը կորցնելուց բացի` չեն ստացել վերջին 7-8 ամսվա աշխատավարձը, նաև` վերջնահաշվարկը:

Բորտուղեկցորդներն իրենց (թվով արդեն երկրորդ) նամակը հանձնեցին նախագահի նստավայրի դիմումների եւ նամակների ընդունման բաժին:

Նամակում, մասնավորապես, գրված էր, որ նախագահի պատասխան նամակը չէր պարունակում խնդրի լուծման տարբերակ և հասցեագրված էր «Արմավիա» ավիաընկերության նախագահին (սեփականատիրոջը), որն իր հերթին այդ նամակի բովանդակությունը դարձրել էր ծաղրի և հեգնանքի առարկա` հարցնելով նամակը ստորագրողներին` արդյո՞ք օգնեց ձեզ ձեր նախագահը:

Բորտուղեկցորդները «Հետքի» հետ զրույցում նշեցին, որ իրենց առաջին նամակը նախագահին հանձնելուց հետո ավիաընկերության նախագահը առաձնազրույցներ է ունեցել իրենցից յուրաքանչյուրի հետ և խոստացել պատժել նամակի տակ ստորագրածներին` աշխատավարձը ամենավերջում վճարելով:

Բորտուղեկցորդները բողոքում էին նաև վերջին երկու տարվա ընթացքում ավիաընկերության կողմից իրենցից գանձված սոցվճարները կենսաթոշակային ֆոնդին չփոխանցելու կապակցությամբ: 

Ու քանի որ ավիացիայում աշխատողների թոշակը հաշվվում է ժամավճարով, ստացվում է, որ իրենք զրկվելու են ոչ թե երկու, այլ, մոտավորապես, տասը տարվա թոշակից:

Օդաչուները նույնպես մասնակցում էին բողքի ակցիային, սակայն նրանց թիվը անհամեմատ ավելի քիչ էր, քանի որ հայկական միակ ավիափոխադրողի բարձր որակավորում ունեցող նախկին օդաչուների մեծ մասն այժմ աշխատում է ռուսական, եվրոպական և Մերձավոր Արևելքի տարբեր ավիաընկերություններում: 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter