HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նկատառումներ Ջավախքի պայքարի ներկա փուլի վերաբերյալ

Սևակ Արծրունի

Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» ՀԿ միության նախագահ

Հայկական բարձրավանդակում հայության ժողովրդագրական, հետևապես նաև պետական կայացման համար անվիճելիորեն կարևորագույն դեր է խաղալու Ջավախքի հայապահպանման խնդրի ճակատագիրը: Ինչպես և Արցախը, Ջավախքը Հայաստանի Հանրապետությունից դուրս մեր պատմական հայրենիքի բաղկացուցիչ մասն է, որը դեռևս պահպանում է իր հայկական նկարագիրը: Ուստի, Ջավախքի հայկական նկարագրի շարունակականության ապահովումը նվազ կարևոր չէ, քան հայկական Արցախի պահպանումը:

Սակայն հայությունը, ոչ այնքան հասկանալի պատճառներով, ազգապահպանման գործընթացներում որոշակի չափով աչքաթող է անում Ջավախքի հայապահպանության խնդիրը: Եթե այս զգուշավոր վերաբերմունքը մասամբ արդարացված է պաշտոնական Երևանի քաղաքական ուղեգծի պարագայում, ապա խիստ անբացատրելի, անընդունելի և դատապարտելի է հայկական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների մակարդակով: Հայաստանում, Արցախում և սփյուռքում քաղաքացիական հասարակության կառույցների պարտքն է ժամ առ ժամ հետևել ջավախքահայությանը հուզող խնդիրներին և Արցախի ու Հայաստանի Հանրապետության խնդիրներին համաչափ մոտեցումով աջակցել դրանց  լուծմանը:

Ջավախահայությունը և վրացահայությունը

Վրաստանում ապրող հայությունը բաժանվում է երկու մեծ խմբի, որոնք են` ջավախքահայությունը /այդ խմբի մեջ ընդգրկվում է Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի հայ բնակչությունը/ և վրացահայությունը /hիմնականում Թբիլիսիի և շրջակա բնակավայրերի հայ բնակչությունը/: Վրացահայությունը մեծամասամբ հայախոս չէ` վրացախոս և ռուսախոս է, համախմբված չէ, իր ազգային կարգավիճակից բխող իրավունքներին գիտակ չէ և ամենակարևորը` կազմակերպված պայքար չի տանում իր ազգային նկարագիրը պահպանելու համար:

Ջավախքի հայությունն ընդհակառակը` մեծամասամբ հայախոս է, որոշակիորեն կազմակերպված, գիտակցում է իր իրավունքները: Ջավախքահայի մոտ չկա փոքրամասնության կամ հյուր լինելու սինդրոմը, որը մեծապես շեշտված է թիֆլիսահայի մոտ: Ջավախքում Վրաստանը հայաթափման ծրագիր է իրականացնում, իսկ թիֆլիսահայության նկատմամբ տարվող քաղաքականությունը հետապնդում է այն ձուլելու նպատակ:

Հանուն Ջավախքի տարվող պայքարը ունի երկու դրսևորումներ.  առաջինը` պայքար Ջավախքում վրաց իշխանությունների կողմից հաստատված ոստիկանական հալածանքների դեմ, երկրորդը` պայքար հանուն ջավախքահայության ինքնորոշման, այսինքն` նրա քաղաքական, լեզվակրթական, կրոնական, մշակութային իրավունքների իրացման:

Ջավախքի խնդիրը հայ - վրացական ներկա միջպետական հարաբերությունների համատեքստում

Վերջին շրջանում նկատվում են հայ-վրացական միջպետական հարաբերությունների ջերմացման որոշակի միտումներ: Այս միտումները թիֆլիսահայության և Ջավախքից դուրս Վրաստանում ապրող հայության վրա դրական ներգործություն կարող են ունենալ, եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունները այս մերձեցմանը զուգահեռ մշակեն և իրականացնեն Թբիլիսիի հայ համայնքի ինքնակազմակերպման մակարդակի բարձրացմանը, համայնքային կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրեր: Այստեղ մեծ նշանակություն կարող է ունենալ Վրաստանում ՀՀ դեսպանության առավել ակտիվ աշխատանքը:

Հայ-վրացական հարաբերությունների բարելավման այս հերթական շրջանը ջավախքահայության պայքարի ընթացքի վրա որևէ ազդեցություն չի ունենալու, այնպես, ինչպես որևէ ազդեցություն չեն ունեցել անցյալում հայ-վրացական հարաբերությունների որոշակի սառեցման ժամանակաշրջանները:

Ջավախքահայության իրավունքների համար տարվող պայքարը հայ-վրացական պետական հարաբերություններին շաղկապված չի՛ կարող լինել: Այդ պայքարի սուբյեկտներն են մի կողմից` ջավախքահայությունը, մյուս կողմից` Վրաստանի իշխանությունները: ՀՀ իշխանությունները պետք է ու պարտավոր են բարձրաձայնել խնդիրները, սակայն իրավունք չունեն ջավախքահայության փոխարեն ստանձնել նրա դատը, նա՛մանավանդ վրաց իշխանությունների հետ բանակցություններում զիջումներ կատարել ջավախքահայության ազգային իրավունքների հաշվին:

Նման բանի մենք ականատես եղանք ՀՀ նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին, երբ ռուս-վրացական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի իշխանությունները Ջավախքի հաշվին կատարեցին անիմաստ և անընդունելի զիջումներ, որոնց ջավախքահայության հոգեվիճակի վրա բացասական ազդեցությունն առկա է առ այսօր:

Հայ-վրացական միջպետական հարաբերությունները երկու պետությունների` կարճաժամկետ, միջին և երկարաժամկետ շահերի վրա կառուցվող, փոփոխվող երևույթներ են: Ջավախքի հարցը բոլորովին այլ է: Այնտեղ ընթացող զարգացումները հայության համար շատ ավելի լուրջ և ճակատագրական նպատակների և շահերի հետ են կապված:

Ջավախքի խնդիրը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում

Հայաբնակ Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակությունը բխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացներում Վրաստանի առանցքային դերից: Հասկանալի և ողջունելի պատճառներով միջազգային և տարածաշրջանային ուժերը փորձում են Ջավախքը զերծ պահել անդառնալի զարգացումներից: Դա թելադրվում է տարածաշրջանով անցնող էներգակիրների անվտանգության ապահովման հրամայականով և Հայաստան – Ադրբեջան – Թուրքիա քաղաքական զարգացումներով:

Սակայն Ջավախքում կայունությունն ամեն գնով ապահովելու ձգտումն այսօր հանգեցրել է նրան, որ արևմտյան տերությունները և միջազգային կառույցները, արձանագրելով ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների խտրական քաղաքականության դրսևորումները, որևէ գործնական քայլ չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ: Ջավախքահայությունը մնում է ոստիկանական ռեժիմի մամլիչի տակ, ոտնահարվում են նրա տարրական իրավունքները, իսկ միջազգային կառույցները, աչք փակելով այդ փաստերի վրա, թմբկահարում են Ջավախքում նորանոր սոցիալ-տնտեսական և կոմունիկացիոն ծրագրերի իրականացման մասին: Արդյունքում խնդիրները մնում են չլուծված, իսկ իրավիճակը կայունանալու փոխարեն հետզհետե էլ ավելի է սրվում ու մտնում փակուղի:

Ջավախքը ներվրացական քաղաքական գործընթացներում

2012 և 2013 թվականներին Վրաստանում հաջորդաբար անցկացվելու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սաակաշվիլին վերջին ընտրություններում կարողացել է հաղթել ջավախքահայության և ադրբեջանաբնակ շրջանների բնակչության ձայների ճնշող մեծամասնությունը ստանալու հաշվին: Սակայն, հակառակ դրան, կենտրոնական իշխանությունները ջավախքահայության լեզվի, քաղաքական ներկայացվածության և կրոնական պահանջներից և ոչ մեկի ուղղությամբ որևէ զիջում չեն կատարել:

Այս անգամ ևս, ջավախքահայության ձայնը կարող է վճռորոշ լինել Վրաստանի ընտրական գործընթացների համար: Ջավախքահայությունն ունի բոլոր հնարավորությունները էթնիկ իրավունքների պահանջներով որպես մեկ ընտրազանգված ներկայանալ մրցակցող ուժերին:

Հարց է ծագում. իսկ ի՞նչն է խանգարում դրան: Ինչո՞ւ ջավախքահայությունը չի կարողանում իր իրավունքների օգտին շահարկել իր ընտրական ձայները: Պատճառը վրաց իշխանությունների քաղաքականությունն է, որի տարրերն են` ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչների հետապնդումը, Ջավախքում հայկական կուսակցության գրանցման արգելքը, հայկական եկեղեցուն կարգավիճակ չտալը, Ջավախքում հայկական համալսարանի ստեղծման մերժումը, տեղական ուժային կառույցների միջոցով վախի մթնոլորտի տարածումը:

Արդեն հասկանալի է` տարիներ շարունակ Ջավախքում արմատավորված այս երևույթներն ունեն մեկ նպատակ` զերծ պահել ջավախքահայությանը քաղաքական գործոն դառնալու հնարավորությունից, որովհետև այդ քաղաքական լծակը կարող է վճռորոշ լինել ամբողջ տարածաշրջանում իրականացվող գործընթացների վրա:

Դրանով պետք է բացատրել նաև Ջավախքում Սաակաշվիլիի վարչակարգի կողմից կատարվող բոլոր անիրավությունների և անօրինականությունների նկատմամբ Վրաստանում արևմտյան կառույցների լուռ մեղսակցությունը: Այսօր Վրաստանի հայ բնակչությունը վրաց իշխանությունների հակաժողովրդավարական քաղաքականության թիրախ է, և այդ քաղաքականության անպատժելիությունը երաշխավորում են Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը և այլ ամերիկյան կառույցներ:

Ջավախքահայությունը` տեր իր քաղաքական ճակատագրին

Ջավախքահայության պայքարը, անցնելով կորուստների միջով, այսօր զգալի ձեռքբերումներ է արձանագրել: Ամենակարևորը` փոփոխվել է իրավիճակի գնահատումը, վերացել են բոլոր հնարավոր թյուրիմացություններն ու թյուրըմբռնումները: Հայությանն այսօր հայտնի է հակահայ գործընթացին մասնակից Թբիլիսիի կամակատար հայ մանկլավիկների անունները, և պարզ է, թե Ջավախքի ներսում ովքեր են իրական ուժերը, ովքեր` միֆ: Վրաստանում 2010թ. մայիսին կայացած վերջին ՏԻՄ ընտրությունների ջավախքահայության կողմից զանգվածային բոյկոտելը սրա արդյունքն էր: Իրավիճակի այս թափանցիկությունը մեծ հեռանկարներ է բացում նոր սերնդի գործիչների համար: Ջավախքի քաղաքական շրջանակները հասունացել են և այլևս զերծ են մնում չկշռադատված, պառակտողական, ծայրահեղական միջոցառումներից և զոհ չեն գնում անիմաստ սադրանքներին:

Մյուս կողմից միջազգային հանրությունը միանշանակ գիտակցել է, որ ջավախքահայության դժգոհության հիմքում ընկած են ոչ թե սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ Սաակաշվիլիի հակաժողովրդավարական, մենատիրական, ոստիկանության սվինների վրա հենվող վարչակարգի խտրական քաղաքականությունը ջավախքահայության նկատմամբ: Համացանցում մեծ քանակությամբ միջազգային զեկույցներ կան Ջավախքում տեղի ունեցող անօրինական գործընթացների մասին: Դիմակները պատռվել են:

Սակայն, ի հակադրություն այս ամենին, վրաց իշխանություններին հաջողվել է Ջավախքում իրենց հայ մանկլավիկների միջոցով բանտարկել, երկրից արտաքսել կամ մեկուսացնել  ջավախքահայ ազգային-քաղաքական հիմնական գործիչներին:

Վահագն Չախալյանին բանտարկելով և Շիրակ Թորոսյանի մուտքը Ջավախք արգելելով` Թբիլիսին փորձեց և մասամբ կարողացավ գլխատել ջավախքահայության քաղաքական ուժը: Վահագնի պարագայում սակայն, հաջողվեց իրավիճակը շրջել. այսօր ոչ թե Վահագն է վրացական պետության պատանդը, այլ ընդհակառակը, Սաակաշվիլիի վարչախումբն է իր անօրինական քայլի պատանդը դարձել:

Եվրադատարանում Վահագն Չախալյանի գործի սպասվող քննությունը կարող է ավելի ևս շեշտավորել այս իրողությունը: Հայկական կողմը պարտավոր է հասնել նրան, որ վրաց իշխանությունների համար նույն ծանր հետևանքներն ունենա նաև Շիրակ Թորոսյանին Վրաստան մուտք գործելն արգելելու փաստը: Սպասելի է նաև, որ շուտով ջավախքյան իրականության մեջ կհայտնվեն նաև նոր սերնդի գործիչներ, որոնք թրծված կլինեն Ջավախքում և Ջավախքի շուրջ վերջին տասնամյակում ընթացող բավականին հարուստ քաղաքական գործընթացների արդյունքում:

Ներկայումս ջավախքահայը շփոթված է վրացական ուժային կառույցների ճնշումների առջև, նա չգիտի ում դիմել իր տարրական իրավունքների խախտման դեպքում, քանի որ որևէ վստահություն չունի վրաց կառույցների նկատմամբ: Համապատասխան հմտություններ և փորձ ունեցող հայկական իրավապաշտպանական կառույցները պարտավոր են տեղում ծրագրեր իրականացնել` ուղղված ջավախքահայության իրավագիտակցության և իրավական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը: Այս ուղղությամբ կա գործունեության անսահմանափակ դաշտ: Համոզված եմ, որ մոտ է ժամանակը, երբ հայ քաղաքական, լեզվակրթական, կրոնական և մշակութային իրավունքների համար տարվող պայքարի կենտրոնը Երևանից նորից կտեղափոխվի Ջավախք:

Ապագա միտումներ

Խորհրդային իշխանությունների ազգային քաղաքականության արդյունքում կազմավորված բազմազգ Վրաստանն անկախություն ձեռք բերելուց հետո ցանկանում է դառնալ ազգային միատարր պետություն: Սա ինչքան անտրամաբանական, նույնքան անիրականանալի նպատակ է, քանի որ իրենք` վրացիները, փոքրամասնություն են կազմում երկրի էթնիկ այլ տարրերի /հայեր, ադրբեջանցիներ, մեգրելներ, աջարներ, սվաններ և այլն/ նկատմամբ: Վրաստանի` որպես բազմազգ պետության զարգացումը կարող է ընթանալ երկու մոդելով` լիբանանյան կամ շվեյցարական: Առաջինի դեպքում երկրի բաղկացուցիչ ազգություններն անդադար փորձելու են իրենց կամքը պարտադրել մնացածների վրա, հայտնի հետևանքներով: Երկրորդի պարագայում յուրաքանչյուր էթնիկ խումբ իրականացնելու է սեփական զարգացման առաքելությունը` առանց վտանգելու ընդհանուրի կայունությունը: Ներկա պահի դրությամբ Վրաստանն ընթանում է Լիբանանի ճանապարհով և, այդպիսի պայմաններում, ջավախքահայությունն իր ազգային ինքնուրույնության համար պայքարի ուղին ընտրելուց բացի այլընտրանք չունի: Ջավախքը չի հայաթափվելու, այնտեղ կամ ապահովվելու են ջավախքահայության բնականոն զարգացման պայմանները, կամ իրավիճակը մտնելու է ավելի  թեժ փուլ` ներքաշելով տարածաշրջանն անկանխատեսելի զարգացումներով հղի նոր հակամարտության մեջ: Հայությունը պետք է անի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի խուսափի վերջին սցենարով իրավիճակի զարգացումից:

Մեր ազգային գերխնդիրն է, որպեսզի ջավախքահայությունը տարածաշրջանի խնդիրներով շահագրգիռ քաղաքական ուժերին ներկայանա իր ազգային իրավունքներին գիտակից, ընդունելի և տեսանելի ծրագրերով, կայուն և կանխատեսելի գործելաոճով և իր ձեռքը վերցնի Ջավախքի աշխարհաքաղաքական ներուժը տնօրինելու լծակները` հանուն Ջավախքի հայապահպանման ու բարօրության:

 

Ապրիլ 2011թ.

Մեկնաբանություններ (2)

@nkerner
Es lriv dzez het hamamit em NUNE JAN, xndrum em nuyn ejum grel ete hetaqrqrvats eq hamagortsakcelu Sevak Arzarunu dem payqarum
Նունե
Վեհ բաներից խոսելուց առաջ լավ կլիներ մի ձեզ նաեյք ու ձեր գործերին: Ստելու ու լավ ներկայանալու փոխարեն ի վերջո մարդ դառեք պրն Արծրունի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter