HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կառավարության օգնությունը` դդումի, եգիպտացորենի, ձմերուկի սերմերի տեսքով

Մայիսի 12-ի կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել է 87 մլն դրամ արժողությամբ 24.028 կգ տարբեր մշակաբույսերի սերմացու:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կառավարության տրամադրած սերմացուները համայնքներին բաժանելու գործընթացը սկսվել է 2 օր առաջ եւ ավարտման փուլում է: Գյուղացիներին հիմնականում բաժանվում է լոլիկի, վարունգի, սեխի, ճակնդեղի, դդմի, արեւածաղկի, առվույտի եւ եգիպտացորենի սերմեր:

«Բացի այն համայնքներից, որտեղ միայն պտուղն է ցրտահարվել, մյուս բոլոր համայնքներին սերմացու տրամադրվել է»,-ասաց Ա. Այվազյանը:

Ֆերիկի համայնքապետ Նորիկ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց համայնքին 100 կգ եգիպտացորենի եւ 6 կգ էլ վարունգի սերմացու են հատկացրել:

Համայնքապետի խոսքերով` օգնությունը եղել է պետության հնարավորությունների սահմաններում եւ իրենք այնպես կանեն, որ բոլոր գյուղացիներին հասնի սերմացուն, թեեւ խոստովանում է, որ հատկացվածը քիչ է:

Նորիկ Հայրապետյանի հաշվարկով, յուրաքանչյուր տնտեսությանը հասնելու է մոտ 100 գրամ վարունգի սերմ, իսկ եգիպտացորեն` ով ցանկանա:

«Իհարկե, ոչ բոլորը կցանկանան եգիպտացորենի սերմացու, որովհետեւ կիրառվող չի: Մեր կողմերում ցանքաշրջանառության մեջ եգիպտացորեն գրեթե չկա: Բացի այդ, եթե նույնիսկ հիմա եգիպտացորենը ցանեն, շոգերը տալու է ու փչացնի, չի հասցնելու, դրա համար էլ ուզող չի լինի կամ էլ շատ քիչ: Մեզ հիմնականում վարունգի սերմացու է պետք եւ բոլորն էլ կցանկանան, որովհետեւ մեկ ամիս հետո աշնան վարունգ են ցանելու»,-ասաց համայնքապետը:

Ըստ Նորիկ Հայրապետյանին`իրենց առաջարկել են նաեւ լոլիկի սերմացու, բայց դրա պահանջարկն իրենք չունեն: Գյուղացիներն իրենց ուժերով արդեն երկրորդ անգամ լոլիկի սածիլ են դրել, եւ եթե հիմա այդ սերմացուն ցանեին, մինչեւ այն դառնա սածիլ եւ սածիլը տեղափոխեն հողամաս արդեն շատ ուշ կլինի:

Շենավանի համայնքապետ Արթուր Մկրտչյանն էլ ասաց, որ իրենց համայնքին հատկացրել են ձմերուկի, լոլիկի, եգիպտացորենի եւ արեւածաղկի սերմեր:

Հարցին, թե ինչ սկզբունքով է սերմացուն բաժանվել գյուղացիներին, համայնքապետը պատասխանեց. «Այ ախպեր, ասենք 2 կգ պոմիդորի սերմ է եղել, ի՞նչ սկզբունքով պիտի բաժանեինք: Դե, պիտի մի բան անենք, որ բաժանենք, գյուղում հիմնականում այգիներն են շատ, բայց դե ժողովուրդն ուզում է, ծառատերն էլ է գալիս ուզում, ի՞նչ անեմ: Այս ժողովրդին ինչ էլ տաս, էլի քիչ է, գալիս ուզում են: Հիմա կան մարդիկ ում սերմացու չի հասել, հայտ եմ ներկայացրել մարզպետարան, որ այսօր 2 կգ էլ տան, մյուսներին էլ բաժանենք»,-ավելացրեց Արթուր Մկրտչյանը:

Արեւիկ համայնքին հատկացվել է առվույտի, ձմերուկի, սեխի, պոմիդորի եւ վարունգի սերմեր:

«Մենք 100 կամ 200 գրամով սերմերը չենք բաժանելու: Մարդ կա գալիս ասում է` ինձ պոմիդոր պետք չի, վարունգ տվեք կամ ձմերուկ, եթե նրան պիտի տայի 100 գրամ, հիմա կտամ 300 կամ 400 գրամ: Երեւի մի քիչ սեխի սերմացուն կարող է քչություն անի, բայց զգուշացրել են, որ պակաս լինելու դեպքում էլի կտրամադրեն»,-ասաց համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը:

Ըստ նրան` գյուղացիներն այս պահին գոհ են, սակայն հարցը միայն սերմացուն չէ, եւ գյուղացին ավելի շատ սպասում է մյուս օգնություններին, օրինակ` վարկերի սառեցմանը:

Նշնք, որ այս համայնքները 100 տոկոսով տուժել են կարկտահարությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter