HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կստեղծվի կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման կենտրոն

ԼՂՀ կառավարության նիստում

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը:

Կառավարության որոշմամբ կստեղծվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի իրազեկման  կենտրոն, որը կիրականացնի կենսաթոշակային բարեփոխումների մասին հանրային իրազեկում: Կառավարության ղեկավարը կարևորեց կենտրոնի ստեղծումը և նշեց, որ անհրաժեշտ է բարեփոխումների ընթացքի մասին առաջին հերթին ծանոթացնել պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին:

Նիստում շահագրգիռ քննարկում ծավալվեց վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգի շուրջ:Քաղաքացիների իրավունքները չսահմանափակելու նպատակով վարչապետը առաջարկեց լրացուցիչ քննարկել այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց` հաշվի առնելով պատերազմական գորոծողությունների հետևանքները:

Մանկական մահացության և ծնունդների գրանցման ու դասակարգման   հիմնախնդիրների հետ կապված իրավիճակի բարելավմանն էր վերաբերում գործադիրի ընդունած հաջորդ որոշումը, որով նախատեսվում է համապատասխանեցնել կենդանածնության, մեռելածնության և պերինատալ շրջանի հիվանդությունների սահմանումները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների դասակարգմանը:

Գործադիրի հավանությանն արժանացավ «Շուշի քաղաքի թանգարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է «Շուշիի պատկերասրահ» և «Շուշի քաղաքի թանգարանների տնօրինություն» կազմակերպությունները միաձուլել մեկ կառույցի ներքո: Սրանով թանգարանային ոլորտում հիմք կդրվի կառավարման նոր համակարգի ձևավորմանը:

Մեկ այլ որոշմամբ Հադրութի շրջանում կստեղծվի «Դրախտիկի պետական մանկապարտեզ» ՊՈԱԿ-ը: Մանկապարտեզը կգործի հուլիսի 1-ից, շուրջ 23 երեխաների ընդգրկմամբ: Վարչապետը` նիստին ներկա շահագրգիռ մարմինների ուշադրությունը հրավիրեց մայրաքաղաքում նախադպրոցական հիմնարկների ցանցի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին, հորդորեց, որպեսզի դրանք իրականացվեն որակով և արվարտվեն  նախատեսված ժամկետներում:

Կառավարությունը հաստատեց շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների բնագավառի զարգացմանն ուղղված ընթացիկ տարվա չորսծրագիր, որոնք ներառում են ԼՂՀ ընդերքի ուսումնասիրության, պետական անտառային ֆոնդի, բնության հուշարձանների անձնագրերի կազմման, ինչպես նաև կենդանական աշխարհի պահպանության և վերարտադրության միջոցառումները:

 Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով Ճանկաթաղի, Վարդաձորի, Ներքին Հոռաթաղի և Վարդաձորի պետական և համայնքային սեփականության հողերի մի մասը փոխադրվեց արդյունաբերության, ընդերքօգտագործման և արդյունաբերկական նշանակության հողերի կատեգորիա:Կառավարության ղեկավարի պահանջով` ներկաներին հակիրճ տեղեկատվություն ներկայացվեց տարածքում գույքային որոշ հարաբերությունների վերաբերյալ:       

Նիստում քննարկվեց «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցված մի շարք տարածքների տալ համայնքների կամ բնակավայրի կարգավիճակ: Բնակավայրերի տարածքային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է նաև վերակազմավորել կամ ստեղծել նոր համայնքներ: Օրինագիծը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:

Նիստում սահմանվեցին նաև ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու, ինչպես նաև պետական պարգևների ներկայացնելու կարգը, ստեղծվեց միջգերատեսչական հնագիտական հանձնաժողով, ընդունվեցին մի շարք որոշումներ ևս: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվությանև հասարակայնության  հետկապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter