HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Առանց բառերի «AVLOS»-ը` ֆիլմ գոյի եւ ունայնության մասին

«AVLOS»-ը` լավագույն հեղինակային ֆիլմ «Նոֆի» 3-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում

Հոլանդիայում բնակվող արվեստագետ Ալիկ Ասատրյանի «AVLOS» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը հաղթող է ճանաչվել «Նոֆի» 3-րդ ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատանի շրջանակներում:

Կապ հաստատեցի Ալիկ Ասատրյանի հետ. «Արդեն 5 տարվա փորձ ունեի ֆիլմերում աշխատելու, երբ որոշեցի իմ առաջին ֆիլմը նկարել, որը կոչվեց «AVLOS»: Մի զգացողություն ունեի, որը շատ աբստրակտ էր` տեսիլքի ու երազի նման: Երբ որոշեցի սցենար գրել, վերցրեցի թուղթ ու գրիչ եւ տեսա` գրելու բան չկա, ուղղակի պետք է նկարել»:

Ֆիլմը նկարահանվել է 1991 թ., Երեւանին կից Նուբարաշենի աղբանոցում: «AVLOS»-ը մի անհայտ կնոջ մասին է, որը հոգու դատարկությունից սկսում է հորինել իր երազը: Ինչպես նշում է ֆիլմի սցենարիստ եւ ռեժիսոր Ալիկ Աստարյանը, հենց այդպես գուցե նաեւ իմաստավորվում է մեր ապրած ժամանակն ու կյանքը:

«Այս անգամ այդ անհայտ կնոջ երազը մի մեծ երաժշտական գործիք էր` ավլոսը: Այն եղել է առաջին փողային գործիքը, որն ստեղծվել է Հունաստանում (համարվում է ֆլեյտայի նախահայրը): Եվ ֆիլմի հերոսուհին աղբանոցում հավաքում է խողովակներ, իրար միացնելով ստեղծում է մի մեծ գործիք, որի վրա նվագում է, կամ գործիքն է նվագում իր համար: Այդ գործիքը կարող է ընկալվել որպես կնոջ երազների տղամարդը, որի գոյությունը կրկին շատ կարճ է տեւում, եւ նա գնում է նոր երազ որոնելու»,- ֆիլմի մասին պատմում է Ալիկը:

Ալիկ Ասատրյանը` հերոսուհու փնտրտուքների եւ նկարահանման ընթացքի մասին 

Սկսեցի փնտրել դերասանուհի: Հիշեցի մի անգամ ընկերոջս արվեստանոցում հանդիպած մի կնոջ, որը մեծ տպավորություն էր գործել ինձ վրա (չգիտեի նույնիսկ, որ դերասանուհի է):

Սկսեցի փնտրել այդ կնոջն ու գտա մեկ ամիս անց: Շատ զարմացա, երբ իմացա` դերասանուհի է, խոսեցի հետը, առաջարկեցի նկարահանվել ֆիլմում: Հիշում եմ, որ Մարինեն հարցրեց` իսկ չեմ ցանկանում ուրիշ դերասանների էլ փորձել: Ես ասացի` ոչ. այդ կինը դու ես, եւ վերջ: Ու հենց այդպես էլ եղավ:

Հետո գնացի օպերատոր, ռեժիսոր Աշոտ Մկրտչյանի մոտ, պատմեցի գաղափարի մասին, Աշոտին հետաքրքրեց: Ֆիլմի նկարիչն էլ դարձավ արվեստագետ ընկերներիցս մեկը` Վահրամ Գալստյանը:

Գաղափարով կիսվեցի նաեւ Հարություն Խաչատրյանի հետ, ով այն ժամանակ Հայֆիլմում ուներ իր առանձին ստուդիան` «Մերոնք» էր կոչվում:Նա հավանեց ֆիլմի գաղափարը եւ հնարավորություն ստեղծեց նկարելու համար:

Ֆիլմը ցուցադրվել է եվրոպական մի շարք փառատոնների ընթացքում. 1993-94 թթ. Շվեյցարիայի “Leppards of Tomorrow” փառատոնում համարվեց տարվա լավագույն ֆիլմերից մեկը եւ ներառվեց հատուկ հավաքածուի մեջ:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հատկացրելեն ժամանակ եւ աշխատել ֆիլմի վրա, նաեւ Արտաշես Հովհաննիսյանին, ով համարյա թե ստիպեց ինձ, որը ֆիլմը ցուցադրվի «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոնի ընթացքում: 

Մարինե Պետրոսյան` գլխավոր հերոսուհի 

«AVLOS»-ի մասին պատմելիս մեկ նախադասությամբ չեմ կարող սահմանափակվել՝ չնայած, որ ֆիլմը տասը րոպե է: Այն մարդ արարածի մի ամբողջ կյանքի ընթացք է, որտեղ եւ պատրանք կա, եւ երազանք, եւ ունայնություն, եւ նյութի մերժում: Իմ կարծիքով` ամեն ինչ:

Ալիկի հետ երկու րոպե զրուցելուց հետո համաձայնեցի նկարահանվել: Այն ժամանակ ես ընտրում էի` որտեղ եւ ինչ աշխատանքների մեջ հատկապես մասնակցություն ունենամ: Սցենարն ինձ շատ դուր եկավ, եւ սկսեցի հաճույքով համագործակցել:

Այս փառատոնին ներկայացնելուց հետո ինձ համար երկրորդական էր` ֆիլմը մրցանակ կստանա՞, թե՞ ոչ, որովհետեւ արդեն հաջողված էր: Բայց այն գնահատվեց եւ դարձավ հաղթողը` «Լավագույն հեղինակային ֆիլմ» անվանակարգում: Ուրախ եմ շատ Ալիկի համար. նա անկասկած տաղանդավոր արվեստագետ է թե նկարչի, թե ռեժիսորի, թե սցենարիստի կարգավիճակում». Մարինե Պետրոսյան:

Հ. Գ. Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, փառատոնի վերջնական փուլ են անցել 45 ոչ կոմերցիոն ֆիլմ՝ աշխարհի 24 երկրներից:

«Նոֆի» 2013 փառատոնում հաղթած եւ առավելագույն միավորներ հավաքած հայկական ֆիլմերը «կմեկնեն» UNICA-75 Համաշխարհային Անկախ ֆիլմերի փառատոն:

Լուսանկարները` Ալիկ Ասատրյանի արխիվից

«AVLOS» ֆիլմի ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter