HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոտ 2 ամիս է՝ խմելու ջրի փոխարեն մատակարարվում է կոյուղու կեղտաջուր

Արդեն մոտ 2 ամիս է՝ «Հայջրմուղկոյուղու» Ալավերդու տեղամասն անտեսում է  Ալավերդու Ս.Սարահարթ թաղամասի 2/26 շենքի բնակիչների բողոքը 2/26,2/27 և հարակից շենքերի բնակարանների ծորակներից հոսող խմելու ջրի անսովոր գույնի հետ կապված: Մինչդեռ այսօր պարզվել է, որ այս շենքերի բնակիչները արդեն երկու ամիս է՝ կոյուղու կեղտաջրեր են խմում և օգտագործում:

Ս.Սարահարթի 2/26 շենքի բնակչուհի Լենա Մանյանն ասում է, որ ջուրն օգտագործելուց հետո բնակիչները սուր փորացավ են ունենում: Սկզբում բնակիչներին թվացել է, թե ծորակներից հոսող ջրի գունափոխումը անձրեւների պատճառով է: Սակայն ոչ անձրևային օրերին եւ ջրի գույնը չի փոխվել:

Անցած 2 ամիսներին բնակիչների ահազանգերը, ուղղված «Հայջրմուղկոյուղու» Ալավերդու տեղամասին, արդյունքներ չեն տվել: Ավելին, մայիսի 26-ին տեղամասի պետ Արթուր Կոլոլյանը բնակիչներին հայտնել է, որ ջուրը գունափոխվել է 2/26 շենքի տակով հոսող պայթած ջրագծերի հետևանքով, որի վթարային վիճակը պարտավոր է վերացնել Ալավերդու քաղաքապետարանը:

Խնդրով սկսել է զբաղվել նաև ավագանու անդամ Ռուբեն Ծատինյանը: Նրա և բնակիչների համառ պահանջից հետո տեղամասի աշխատակիցները մի քանի օր առաջ 2/26 շենքի բնակարանների ջրի ծորակներից փորձանմուշներ են վերցրել` լաբորատոր ուսումնասիրություններ կատարելու համար: Բնակիչ Լենա Մանյանին այսօր տեղամասի լաբորատորիայի աշխատակցուհին հայտնել է, որ 2/26 շենքի ջուրը կեղտոտ է. խմելաջին խառնված են նաև կոյուղու կեղտաջրեր: Տեղամասի նույն լաբորանտը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ 2/26 շենքին մատակարարվող ջուրը կեղտոտ է և խմելու համար ոչ պիտանի:

«Հայջրմուղկոյուղու» Ալավերդու տեղամասի պետ Արթուր Կոլոլյանից պարզաբանումներ ստանալ մեզ չհաջողվեց: Տեղամասի աշխատակցուհին սկզբում հայտնեց, որ Կոլոլյանը տեղում է, սակայն մի քանի րոպե անց պատասխանեց, որ տեղում չէ: Մնում է հուսալ, որ «Հայջրմուղկոյուղին» հրատապ միջոցներ կձեռնարկի Ալավերդու Ս.Սարահարթ թաղամասի 2/26 և հարակից շենքերի բնակիչների խմելու ջրի անվտանգությունն ապահովելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter