HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստն ավարտվեց, բողոքի ակցիան սկսվեց. Մինյոնի արձագանքը ակցիային (ֆոտո)

Այսօր, երբ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստը, հյուրանոցի առջև սկսեցին բողոքի ակցիա անցկացնել ՀԱԿ համակիրներն ու բանակում զոհված զինծառայողների մայրերը:

Նրանք վանկարկում էին «Ազատություն», «Ազատ, անկախ Հայաստան», «Սերժիկ, հեռացիր», «Պայքար, պայքար մինչև վերջ» և այլն:

Ակցիայի մասնակիցները պահել էին հայալեզու և անգլալեզու պաստառներ՝ «Ազատություն Հայաստանի քաղբանտարկյալներին», «Մենք Հայաստանում ուզում ենք ազատ հեռուստատեսություն», «Մարտի 1-ի մարդասպանները դեռ անպատիժ են», «ԵԽԽՎ, բավական է գովես կեղծված ընտրությունները», «Դուք ժողովրդավարությա՞ն, թե՞ ուզուրպատորի հետ եք», «ԵԽԽՎ-ն՝ Սարգսյանի ռեժիմի պահապա՞ն» և այլ գրություններով:

Ոստիկանությունը նկարահանում էի ակցիայի մասնակիցներին, իսկ մի ոստիկան հեռախոսով ասում էր, թե ակցիայի մասնակիցները քանի պաստառ են պարզել, ինչ է գրված դրանց վրա, ինչ մեծության են պաստառները:

«Արմենիա Մարիոթի» անվտանգության աշխատակիցները փակել էին հյուրանոցի մուտքը և լրագրողներին թույլ չէին տալիս ակցիան լուսանկարել ոչ մուտքի մոտից, ոչ էլ մուտքի կողքին գտնվող թեքահարթակի վրայից:

Բողոքի ակցիայի ժամանակ ընթերցվեցին ՀԱԿ երիտասարդական միության հայտարարությունը և պահանջները՝ ուղղված ԵԽԽՎ մշտական հանձնաժողովին: Ըստ այդմ, երիտասարդական միությունը պահանջում է. 1. պահանջել ՀՀ-ում գործող իշխանություններից ձեռնարկել կոնկրետ քայլեր 2008թ. մարտի 1-ի սպանդը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, 2. անհապաղ արձագանքել 2013թ. Երևանի ավագանու ընտրություններում տեղ գտած ապօրինություններին, 3. դատապարտել իշխող ՀՀԿ-ի կողմից բոլոր տեսակի ընտրությունների հետևողական կեղծումը, քաղաքացիների ահաբեկումը, ընտրակաշառքի բաժանումը, 4. պահանջել դադարեցնել քաղաքական հետապնդումը ՀԱԿ-ի ակտիվիստների նկատմամբ, անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին:

«Տվյալ արատավոր երևույթների հանդուրժումը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին ենթադրելու, որ ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը Սերժ Սարգսյանի ոչ օրինական իշխանության հետ ձեռք է բերել հանցավոր համաձայնություն՝ Հայաստանը թալանելու գործում»,- հայտարարությունն ընթերցեց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը:

ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին մասնակցած խորհրդարանականներից ոմանք, առանց որևէ բան ասելու, անցան ակցիայի մասնակիցների կողքով:

ՀԱԿ անդամ, ակցիայի մասնակից Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ իրենք նախատեսել են, որ ԵԽԽՎ խորհրդարանականները կարող են դուրս գալ հյուրանոցի ետնամուտքից: «Իրենք եթե համարում են, որ սա որևէ առնչություն ունի, կգան, կտեսնեն: ԵԽ-ն մեր կազմակերպությունն է, մենք անդամ ենք: Մենք անում ենք մեր բնակչության, մեր ժողովրդի համար, որ տեսնեն, որ խնդիրները, որ կան, լուծում չեն ստանում: Այսինքն՝ այնպես չի, որ մենք պետք է եվրոպացիների հետևից ընկնենք»,- «Հետքին» ասաց Վլադիմիր Կարապետյանը:

«Ըստ էության, ԵԽ-ն աչք է փակում Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտումների վրա... ԵԽ արձագանքը ժողովրդավարության և մարդու իրավունքների խախտումներին համաչափ չէ իրողությանը»,- իր հերթին ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի համազեկուցողներ Ֆիշերը և Պրեսկոտը, մոտ մեկ տարի է, չեն կատարում իրենց աշխատանքը և ընդհանրապես չեն զբաղվում Հայաստանով:

Լևոն Զուրաբյանը լրագրողներին հայտնեց, որ նիստի ավարտից հետո ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին տեղեկացրել է ՀԱԿ-ի երիտասարդական միության ծրագրած բողոքի ակցիայի մասին, և բացատրել, թե ինչու է ծրագրված ակցիան: «Ինքը, բնականաբար, այդ մեղադրանքները չի ընդունում»,- Ժան-Կլոդ Մինյոնի հետ զրույցի մասին ասաց Լևոն Զուրաբյանը:

Մշտական հանձնաժողովի նիստի ավարտից անմիջապես հետո ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին լրագրողները ևս ասացին, որ այժմ ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում հյուրանոցի առջև: ԵԽԽՎ նախագան արձագանքեց, որ միանգամայն նորմալ է, երբ ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում: Շատ երկրներում ևս ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում:

Երբ լրագրողները նշեցին, որ ընդդիմության պնդմամբ՝ Հայաստանում քաղբանտարկյալ կա, և ԵԽԽՎ-ն անտեսում է Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումները, Ժան-Կլոդ Մինյոնը պատասխանեց, որ որևէ երկրում իրավիճակի մասին ԵԽ-ում դատում են՝ ըստ զեկուցողների զեկույցների, ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարի պարբերական զեկույցների, Ընդդեմ խոշտանգումների կոմիտեի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի:

«Մենք այստեղ ենք՝ հարգելու օրենքները, և որևէ անձնական դատողություն որևէ մեկի վերաբերյալ Խորհրդարանական վեհաժողովում կլինի ամբողջովին կարգից դուրս»,- ասաց Ժան-Կլոդ Մինյոնը:

Անդրադառնալով հայաստանյան ընդդիմության այն պնդումներին, որ վերջին 3 ընտրությունը ամբողջովին կեղծվել է՝ ԵԽԽՎ նախագահն ասաց, որ միջազգային դիտորդները, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացրել ընտրություններում, համամիտ չեն այդ տեսակետին:

Երբ լրագրողներն ասացին, որ ըստ հայաստանյան ընդդիմության՝ Հայաստանի ներքին խնդիրների հարցում ԵԽ-ի լռությունը ՀՀ իշխանությունների հետ գործարք է, որի նպատակն է լուծել Ղարաբաղի համակարտությունը՝ ԵԽԽՎ նախագահն ասաց, որ ամենևին էլ գործարք չկա, և ԵԽԽՎ-ն լռություն չի պահպանում որևէ հարցում:

«Ես կարծում եմ, որ հավանաբար ձեր ընդդիմությունը լավ չի հասկանում՝ ինչ է ասվում: Կամ գուցե մեր ձայնը չի լսվում: Կարծում եմ՝ մենք պետք է կարդանք ԵԽԽՎ-ի պատրաստած զեկույցները. մենք ասում ենք այն, ինչ պետք է ասել: Երբ մտահոգություն է առաջանում մեր հիմնարար արժեքների վերաբերյալ՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ապա մենք պետք է որոշակի խոսք ասենք: Անշուշտ, որևէ երկրի ներքաղաքական խնդիրները այն բանը չեն, որն ուղղակիորեն առնչվում է ԵԽ-ին»,- ասաց Ժան-Կլոդ Մինյոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter