HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքական ծագման օֆշորային ընկերությունները դեղ են առաքում Հայաստան

«Պոլիժենը» վիտամինային կոմպլեքս է: Այն առանց բժշկի դեղատոմսի առաջարկում են գրեթե բոլոր դեղատներում, երբ գնորդը «լավ վիտամին» է ուզում: Դեղատներից մեկում Տիգրանին էլ է այն առաջարկվել` գարնանային ֆիզիկական թուլությունը հաղթահարելու համար: 

«Ներդիրի մեջ նշված էր, որ դեղամիջոցն առանձնապես լուրջ հակացուցումներ չունի, եւ ես՝ ուրախ-ուրախ, որոշեցի հաջորդ օրվանից սկսել ընդունել այն: Հասնելով տուն՝ ես սկսեցի ավելի մանրակրկիտ ուսումնասիրել տուփն ու ներդիրը, եւ մի բան ինձ մոտ շատ մեծ կասկած առաջացրեց: Այն է` տուփի վրա նշված էր, որ ընկերությունն ամերիկյան է, սակայն ներդիրը պնդում էր, որ այն բրիտանական է»,- պատմում է Տիգրանը: 

Տիգրանին այս ամենը տարօրինակ է թվացել, և նա դիմել է google-ի օգնությանը: Շատ արագ պարզել է, որ «Պոլիժենը» բավականին շատ մարդկանց մոտ առաջացրել է սրտխառնոց, ցան և այլ տհաճ զգացողություններ: Հետո եկել է այն եզրակացության, որ World Medicine-ն ամենեւին էլ աշխարհահռչակ եւ հանրահայտ ընկերություն չէ, ինչպես ներկայանում է: 

«Պոլիժեն» դեղը արտադրում է Ե.Ի.Պ.Ի.Քո. ընկերությունը Եգիպտոսում` World Medicine-ի համար: World Medicine-ը դեղ չի արտադրում, պատվիրում և առաքում է տարբեր երկրներ։ 

«Պոլիժենը» Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է 2005թ. հոկտեմբերից` Եգիպտոսից, առաքել է անձամբ World Medicine ՍՊԸ-ն: Սկսած 2006-ի հունիսից՝ ներկրվել է Վրաստանից: Առաքել են World Medicine-ն ու Global Pharm-ը: World Medicine-ը 2007-ին Հայաստանում գրասենյակ է բացել, մինչդեռ իր գործունեության մասին առողջապահության նախարարությանը տեղեկացրել է 2011-ին: Շուտով World Medicine-ի գրասենյակը փակվել է: Այժմ «Պոլիժենը» ՀՀ ներմուծում են «Տոնուս Լես», «Էսկուլապ», «Ալֆա ֆարմ», «Նատալի ֆարմ» ընկերությունները:

ՀՀ առողջապահության նախարարությունը մեր գրավոր հարցմանը, թե կարո՞ղ էր «Պոլիժենը» սրտխառնոց առաջացնել, պատասխանել է, որ ներդիր թերթիկում որպես կողմնակի երևույթ սրտխառնոց առաջացնելու վերաբերյալ տեղեկություններ չկան: Իսկ ալերգիկ ցանավորում կողմնակի ազդեցության զարգացման վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն տեղեկություն է ստացել 2009-ին: 

«Տոնուս լես» ընկերության տնօրեն Լևոն Հակոբյանն ասում է, որ «Պոլիժենն» այս ընթացքում «իրեն դրսևորել է բավականին էֆեկտիվ և լավ դեղ», իսկ սրտխառնոց կարող էր առաջանալ այն դեպքում, եթե հաբը բժշկի նշանակումից շեղումներով է ընդունվել կամ նախատեսված մեկ հաբից ավելին է ընդունվել: Ըստ Լ. Հակոբյանի՝ որպեսզի սրտխառնոց չառաջացնի, պետք է խմել օրումեջ: Նշենք, որ դեղամիջոցը առանց բժշկի դեղատոմսի է վաճառվում` յուրաքանչյուր ցանկացողի: 

World Medicine-ն իր պաշտոնական կայքում ներկայանում է որպես բրիտանական դեղագործական ընկերություն, որը սկիզբ է առել ԱՄՆ-ից: Ընկերությունը, թերևս, այնքանով է բրիտանական, որ գրանցված է բրիտանական օֆշորում: Ընկերության պաշտոնական կայքում պաշտոնական հասցե նշված չէ: Երբ սկսեցինք ուսումնասիրել World Medicine-ի գործունեությունը, պաշտոնական կայքում տեղադրված էր ստորև տեղադրված նկարը որպես ընկերության գրասենյակի քարտեզ: Ինչպես երևում է այս նկարից, ընկերության գրասենյակը Ստամբուլում է գտնվում: 

World Medicine-ի կայքում նշված էլեկտրոնային հասցեով նամակ գրեցինք` պարզելու, թե որ երկրներ է արտահանվում «Պոլիժենը», որտեղ է իրականում գործում ընկերությունը, ովքեր են սեփականատերերը: Նմանատիպ նամակ ուղարկեցինք նաև Ե.Ի.Պ.Ի.Քո. ընկերությանը: Ապրիլի 13-ին ուղարկած մեր նամակին դեռևս որևէ պատասխան չենք ստացել: Պատասխան չենք ստացել նաև եգիպտական դեղարտադրողից:

World Medicine-ի գրասենյակի հասցեի ստամբուլյան քարտեզն այժմ հանված է կայքից: «Մեր մասին» բաժինը դատարկ է: Սակայն մեր թուրք և արտասահմանցի գործընկերների միջոցով որոշ հետաքրքիր փաստեր, այդուհանդերձ, կարողացանք պարզել: 

World Medicine-ը, ինչպես արդեն նշեցինք, գրանցված է բրիտանական օֆշորում: Տնօրեններն ու սեփականատերերը թուրք գործարարներ են: Ռուշան Թահիյին (Raushan Tahiyeu) և Զաֆեր Քարամանը (Zafer Karaman) նշվում են որպես տնօրեններ: Ռուշանը Բելառուսի քաղաքացի է, որն ապրում է Թուրքիայում: Զաֆեր Քարամանը թուրք է։ Ռուշանը և մեկ այլ թուրք՝ Սոհրաբ Մամադովը (Raushan Tahiyeu, Sohrab Mammadov), Ստամբուլի գրասենյակի տնօրեններն են եղել: Այս անձինք բազմաթիվ այլ դեղագործական ընկերությունների տնօրեններ են: Նույն անձինք տնօրեն և բաժնետեր են նաև քույր՝ «Ռոտաֆարմ» (Rotapharm) ընկերությունում: Սա հաստատվում է նաև Ստամբուլի առևտրի պալատից (որտեղ գրանցվում են ընկերությունները) նրանց ստացած սերտիֆիկատով, որը մենք ձեռք ենք բերել։ World Medicine-ը Ստամբուլում իր գործունեությունը գրանցել է 2003-ին, «Ռոտաֆարմը»՝ 2007-ին: 

Ղրղզստանի խորհրդարանական հանձնաժողովը բողոք է քննում «Ռոտաֆարմի» կողմից Ղրղզստանին վատորակ դեղամիջոցներ մատակարարելու վերաբերյալ: Ղրղզստանի բժիշկները պնդում են, որ «Ռոտաֆարմի» դեղամիջոցները կողմնակի հետևանքներ են առաջացնում հիվանդների մոտ:  Դիալիզի ենթարկվող հիվանդին տրվել է «Ռեպրետին» դեղամիջոցը, որը վատ հետևանքներ է երևան բերել հիվանդի մոտ: Այս դեպքին անդրադառնալով՝ բրիտանական «Գարդիան» պարբերականը գրել է, որ  Rothapharm-ի, ինչպես նաև World Medicine-ի գործունեությունը բրիտանական որևէ առողջապահական կառույց չի վերահսկում, բայց ընկերություններն օգտվում են բրիտանական օֆշորի գաղտնիությունից և օրենքների սողանցքներից: Ընկերություններն իրենց դեղորայքը առաքում են հիմնականում հետխորհրդային աղքատ երկրներ: 

Ընկերությունները բրիտանացի աշխատողներ չունեն, հիմնական դեղերը գնում են եգիպտական նշված ընկերությունից և կազմակերպում մատակարարումը: Չեն բացահայտում իրենց բաժնետերերին, ո՛չ ֆինանսական հաշվետվություններն են հրապարակում, ո՛չ էլ հարկեր են վճարում: 

Բրիտանական այն հասցեում, որտեղ գրանցված են երկու ընկերություններն էլ, ինչպես պարզել են «Գարդիանի» թղթակիցները` այցելելով այնտեղ, «Ռոտաֆարմ» գրությամբ ցուցանակից և փակ դռներից բացի՝ եղել է մեկ անձ` Զաֆեր Քարամանը, ով հրաժարվել է պատասխանել «Ռոտաֆարմին» վերաբերող որևէ հարցի: 

Բրիտանիայում դեղերի շուկան կարգավորող գործակալությունը (Medicine and Healthcare Products Regulatory Agency) պարզաբանել է, որ այս պարագայում իրենք չեն կարող միջամտել. եթե որևէ դեղամիջոց հավաստագրում է ստանում որևէ երկրում, վաճառվում է այնտեղ, ուրեմն այդ երկրների կարգավորող մարմինները որոշել են, որ այդ դեղամիջոցը ընդունելի է, անվտանգ, արդյունավետ և արտադրված է լավ չափանիշներով: Հետևաբար, Բրիտանիայի համապատասխան մարմինը առիթ չունի, ոչ էլ նախադեպ է եղել, որ ընկերության դեմ որևէ գործընթաց սկսի: 

Յուրաքանչյուր դեղի գրանցման, այնուհետև յուրաքանչյուր խմբաքանակի ներկրման ժամանակ ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը» փորձաքննություն է անցկացնում և միայն դրական փորձագիտական եզրակացության դեպքում է տրվում ՀՀ առողջապահության նախարարության թույլտվությունը: 

«Դեղ արտադրողը, դեղի որակի պատասխանատուն արտադրող գործարանն է. ոչ մենք ենք, ոչ World Medicine-ը և ոչ էլ այն կազմակերպությունը, ումից մենք ներկրում ենք»,- ասում է «Տոնուս լես» ընկերության տնօրենը: «Պոլիժենն» արտադրող E.I.P.Co. ընկերությունը, ըստ Լևոն Հակոբյանի, միջազգայնորեն ճանաչված ընկերություն է, որն ունի դեղ արտադրելու համար անհրաժեշտ բոլոր սերտիֆիկատները, այդ թվում` GMP սերտիֆիկատը: Հայաստանի լիազոր մարմինը դեղը ճանաչել և գրանցել է, հետևաբար, անկախ նրանից, թե ով է դեղի պատվիրատուն, դեղի համար առաջին պատասխանատուն գործարանն է, երկրորդը` երկրի լիազոր մարմինը, որը թույլ է տալիս, որպեսզի դեղը մուտք գործի իր երկրի տարածք:  

«Օն կլինիկս»-ում աշխատող բժիշկ Դավիթ Ներսիսյանն ասում է, որ ինքն իր հիվանդներին կամ հաճախորդներին խորհուրդ չի տալիս World Medicine-ի որևէ դեղամիջոց ընդունել և չի նշանակում դրանք: Ասում է` World Medicine-ը լուրջ ընկերության տպավորություն չի թողել: «Պատճառն այն է, որ դա լուրջ ֆիրմա չէ: Ես սիրում եմ ինտերնետում փորփրել, ու World Medicine-ի մասին ընդհանրապես ոչ մի տեղ լուրջ բան գրված չէ: Իմ կոլեգա բժիշկները, իմ շրջապատի բժիշկներից ոչ մեկը լավ կարծիքի չէ World Medicine-ի մասին»,- ասում է բժիշկ Դ. Ներսիսյանը: 

Հայաստանի Հանրապետություն առաքվում է World Medicine-ի պատվերով արտադրված 79 անուն դեղ: Դրանցից, ըստ ՀՀ ԱՆ՝ «Հետքին» ուղղված գրության,  2012-ից մինչ օրս ներկրվել են «Պոլիժեն», «Բակտամեդ», «Բրովենսին օշարակ», «Լացիդոֆիլ-ՎՄ», «Լօքսիդոլ», «Լևօքսիմեդ», «Խոլուդեքսան», «Կարմետադին», «Նելադեքս», «Սանովիտ», «Օրցիպոլ», «Ֆերսինոլ-Զ» դեղերը: «Ռոտաֆարմ» ընկերությունը նույնպես ՀՀ-ում մի շարք դեղեր է  գրանցել: Այս ընկերության արտադրության դեղերը ՀՀ ներմուծվել են միայն 2011 թվականին: 2012-ից այդ դեղերի ներմուծումը դադարեցվել է:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter