HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ինչու ԵԽԽՎ պատվիրակները հարցեր չտվեցին մարտի 1-ի և ընտրությունների մասին

Այսօր Երևանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին պատվիրակությունների անդամները չտվեցին Հայաստանի ներքաղաքական վիճակի՝ ընտրությունների, ժողովրդավարական արժեքների, մարտի 1-ի մասին հարցեր:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ վերոնշյալ ոլորտները նորմալ վիճակում են և այլևս չեն հետաքրքրում ԵԽԽՎ պատվիրակություններին՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանն ասաց. «Հայաստանը չի առանձնանում էապես այլ երկրներից: Հակառակը՝ մի շարք երկրներից անհամեմատ ավելի առաջ է, այդ թվում ժողովրդավարական արժեքներով, ընտրությունների որակով»:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ պետք է Հայաստանը համեմատել այլ, այդ թվում նաև Եվրամիության անդամ մի շարք երկրների հետ, և տեսնել էական դրական տարբերություն Հայաստանի պարագայում: Միաժամանակ նա ասաց. «Մենք միշտ պետք է մտահոգ լինենք մեր երկրի ներքին իրավիճակով, և չնայենք, որ ուրիշները մեզանից ավելի վատ պայմաններում են գտնվում, անգամ Եվրամիության անդամ երկրները»:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամ երկրների արտգործնախարարների 123-րդ նիստում, Հայաստանը ստանձնեց ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը, որը կիրականացնի առաջիկա 6 ամսում:

Այս առիթով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ նորմալ չէ, որ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է և ժողովրդավարական արժեքներից է խոսում մի երկիր, որտեղ մարտի 1-ի դեպքերի մեղավորները բացահայտված չեն, ընտրությունները կեղծվում են, և կա քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը:

Անդրադառնալով Լևոն Զուրաբյանի այս կարծիքին՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարծիքին համամիտ են ԵԽԽՎ՝ իրենց հակահայ մոտեցումներով հայտնի մի խումբ պատվիրակներ, ինչպես նաև մի շարք պատգամավորներ, որոնք կազմում են ադրբեջանական լոբբիի հիմքը:

«Ես չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը հակահայկական տրամադրություններից ելնելով է դա ասում: Հավանաբար նա ուղղակի հետապնդում է զուտ քաղաքական նպատակներ իր նման հայտարարությամբ»,- հավելեց Դավիթ Հարությունյանը:

Մեկնաբանություններ (1)

sam
hartser ch tvetsin qani vor qyabab u xorovats shat ein kerel u btatsel ein

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter