HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երևանում օրը երեխաների համար տոնական դարձնելու նպատակով նախատեսված են հետևյալ միջոցառումները.

«Հաղթանակ» զբոսայգում ՝

Ժամը 10:00-13:00-ն մինչև 15 տարեկան երեխաները կարող են անվճար օգտվել 20 կարուսելներից ու ատրակցիոններից:

Ժամը 11:00-19:00-ը այգու բեմահարթակում ելույթ կունենան մանկական համույթներ, այնուհետև՝ հայկական էստրադայի ներկայացուցիչներ:

Մինչ ժամը 23:00-ն նախատեսվող համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կընդմիջվի տոնական հրավառությամբ:

Կենդանաբանական այգում՝

 Մուտքը երեխաների համար՝ անվճար: 

Այստեղ նրանց սպասվում է զվարճալի ծրագիր ու միջոցառումներ, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին՝ հատուկ մրցանակներ:

Ազատության հրապարակում ՝

Ժամը 14:00-20:00-ն ավանդական դարձած կավճանկարի մրցույթ

Հյուսիսային պողոտայում՝

Ժամը 11:00-ից ﬕնչև 23:00-ն կնվագեն Հայաստանի լավագույն DJ-ները: Մարաթոն-համերգը բարեգործական է լինելու, գումարը հավաքվելու է տեղում՝ CD սկավառակների վաճառքից, որոնք հատուկ ձայնագրվել են մարաթոնի համար: Ողջ հասույթը տրամադրվելու է օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին:

Մարաթոնի ծրագիրը ներառում է նաև ավագ սերնդին ավելի հոգեհարազատ խաղեր, որոնք երիտասարդներից քչերը կհիշեն, մանկական հագուստի ցուցադրություն, ինչպես նաև «street dance» պարային շոու:

Մարաթոնի կարգախոսն է՝ «Մենք քեզ հետ ենք»:

Կասկադում՝

Հունիսի 1-ի տոնախմբությունը մեկնարկելու է ժամը 17:00-ին: Գաֆէսճեան քանդակների պարտեզում երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու արվեստի տարբեր խմբակների և ժամանցային ծրագրերի, իսկ տիկնիկային թատրոնը, զվարճալի խաղավար ծաղրածուները, հեքիաթների սիրված հերոսները ուրախություն կպարգևեն բոլոր մասնակիցներին:

Ժամը 19:00-ին՝ համերգ մանկական երաժշտական խմբերի մասնակցությամբ:

Ժամը 21:00-ին՝ անակնկալ նաև մեծահասակներին. համերգային ծրագիրը կամփոփվի «Դորիանս» ռոք խմբի համերգով:

Ժամը 22:00-ին կլինի հրավառություն:

Ի դեպ, քաղցրավենիք ու ըմպելիք արտադրող ընկերությունները Կենդանաբանական այգում, «Հաղթանակ» զբոսայգում, Ազատության հրապարակում և մայրաքաղաքի տարբեր այլ հատվածներում ևս անակնկալներ են պատրաստել:

Հիշեցնենք, որ երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, երեխաների կյանքի և առողջության պաշտպանությունը հռչակեց իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի 1-ը որպես երեխաների պաշտպանության միջազգային օր նշվել է 1950-ին: Ինչո՞ւ հենց հունիսի մեկը` հայտնի չէ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter