HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ առ այսօր ոչ մի օլիգարխի թիկնապահ հասարակական վայրերում մարդ ծեծելու համար չի հոսպիտալիզացվել

Ինչպես ցանկացած բժշկական մասնագիտություն, այնպես էլ հոգեբուժությունը պիտի գործի ժամանակակից գիտության, միջազգային բժշկական փորձի և օրենքների շրջանակներում: Ցավոք սրտի, հայաստանյան փորձագիտությունը, ինչպես բազմաթիվ այլ պարագաներում, այնպես էլ այստեղ, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մարդու' տվյալ դեպքում հիվանդի իրավունքների կոպիտ խախտման կարևորագույն հարցերում: 
 

1. Ըստ հաղորդման հեղինակի' դատարանը որոշում է կայացրել հիվանդի երկարաժամկետ հարկադրական մեկուսացման և բուժման մասին` հիմնվելով «ագրեսիվ» որակավորման վրա: Ոչ մի բացահայտ օրինակ չի բերված, թե հիվանդը ինչպիսի վտանգ է ներկայացնում հասարակության համար: Եթե «ագրեսիվ» լինելը հիմք է հանդիսանում մարդուն հոգեբուժական հիվանդանոցում փակելու համար, ապա ինչու առ այսօր ոչ մի օլիգարխի թիկնապահ հասարակական վայրերում մարդ ծեծելու համար չի հոսպիտալիզացվել:

Ինչ է նշանակում անժամկետ մեկուսացում: Հիվանդի հարկադրական մեկուսացման ժամկետների վերաբերյալ գործող օրենքները գրեթե միանշանակ են` 72 ժամ որպես շտապ միջոցառում, 14 օր, մեկ ամիս, և այլն, այդ օրենքները տարբեր երկրներում տարբեր փոփոխություններով են իրագործվում:

Ըստ Միացյալ Նահանգներում գործող օրենքների` ամեն անգամ մեկուսացման ժամանակահատվածը ավելացնելիս պիտի նոր դատական գործընթաց սկսվի, որտեղ միանշանակ կերպով պիտի ներկա լինի ինչպես բուժող թիմը, այնպես էլ ՀԻՎԱՆԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ, որը սովորաբար մասնագիտությամբ իրավաբան է: Ինչպես է կարելի հիվանդի իրավունքներից խոսել և դատական որոշում կայացնել, երբ ըստ սույն տեսանյութի, հիվանդի միակ ներկայացուցիչը նրա քույրն է եղել, որն այս դեպքում, ոչ մի իրավական արտոնություն չունի: Դա նման է այն դատական գործընթացին, որտեղ մեղադրյալին թույլ չի տրվում իրավաբան պաշտպան ունենալ: 
 

2. Ըստ Արեգա Հակոբյանի, որը ենթադրվում է, որ բժշկուհի է, հիվանդի «վտանգավոր» հոգեվիճակը ներկայացվում է մասնագետի համար անընդունելի և կասկած առաջացնող «տարօրինակ, չհիմնավորված ագրեսիվ» մշուշապատ տերմիններով, դա ոչ այլ ինչ է, քան նրա սուբյեկտիվ և չհիմնավորված տեսակնետը: Ոչ մի փաստարկ չի ներկայացված, թե նա ինչ բժշկական հիմք ունի մարդուն իր ազատությունից զրկելու համար: Ոչ մի հոգեբուժական դասագրքում վերոհիշյալ տերմինները հիվանդություն ախտորոշելու համար բավարար բժշկական հիմքեր չունեն, իսկ իրավաբանական ուժ ներկայացնելուց բավականին հեռու են: Սովորաբար հասարակության համար վտանգավոր լինելը պիտի հիմնված լինի ինչպես ներկա, այնպես էլ նախկինում նկատված վարքագծի ՄԱՆՐԱՄԱՍՆ և ԲԱԶՄԱԹԻՎ նկարագրությունների վրա, որոնք այս պարագայում, հիվանդի հարևանների վկայություններում բացարձակապես ժխտվել են: 

Կասկածելի է նաև այն հանգամանքը, թե ինչու է բժշկուհին անհանգիստ կերպով աթոռի վրա ճոճվում: Սովորաբար այսպիսի բժշկական վկայության համար մասնագետից մեծ փորձառություն է ակնկալվում և նման «անհանգստությունը» մի շարք հարցերի տեղիք է տալիս: Չի կարելի նաև չնկատել դեպի անորոշություն սևեռված նրա հայացքը և հարցազրույց վարողի հետ դիմային ուղղակի կոնտակտի բացակայությունը: 

3. Հիվանդին հարկադրաբար հոգեբուժական հիվանդանոցում մեկուսացնելը բոլորովին այլ դատական գործընթաց է, իսկ նրա հարկադիր բուժումը, որը նույնքան դժվարին և անկողմնակալ պարտադրված իրավական միջոցառում է' միանգամայն տարբեր դատական պրոցես է: Ըստ տեսանյութի` կարելի է եզրակացնել, որ ամեն ինչ հապճեպ և ամենասարսափելին` անօրինական որոշումների հիման վրա է կայացվել. որոշումներ,  որոնք ոչ միայն ստվեր են գցում բժշկի մասնագիտության վրա, այլև խախտում են սրբության սրբոց հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանությունը: Նման և շատ այլ բացթողումներ է նկատվում այս մասնակի դեպքում, որը քիչ թե շատ մարդասիրական հիմունքներ ունեցող երկրներում խիստ պատժամիջոցների առիթ կհանդիսանար:

4. Տուժված ուսուցչուհի Ամալյա Նազարեթյանը ռեպորտաժի վերջում ասաց, որ դուրս գրվելու դեպքում կվաճառի իր տունը և կտեղափոխվի: Ինչու՞: Որովհետև միգուցե նա սարսափած է, հավանական է, որ նա իր դառը փորձով հասկացրել է, որ դա է իր ազատությունը վերականգնելու միակ շուտափույթ երաշխիքը... Ինչպե՞ս է կարելի չվրդովվել և համաձայնվել նման  «գթասիրտ» բուժման արդյունքների հետ:

Քննադատությունների տարափը կարելի է շարունակել, սակայն անցնենք գործնական առաջարկություններին: 

Առաջարկում եմ լրագրողների ներկայությամբ և աջակցությամբ կազմակերպել «կլոր սեղանի շուրջ» մասնագիտական կարծիքների փոխանակում` այս գործին առնչվող բժշկական խմբի և միջազգային փորձառություն ունեցող մասնագետ հոգեբույժների մասնակցությամբ: 

Անաչառ լինելու համար նաև ավելացնեմ, որ սույն քննադատությունը հիմնված է միայն տեսանյութում ներկայացվող և հանրությանը հայտնի դարձած փաստարկների վրա:

Սուսաննա Խաչատրյան

Ամերիկյան Հոգեբուժության և Նյարդաբանության Խորհրդի, Ամերիկյան Մանկական և Դեռահասների Հոգեբուժության և Նյարդաբանության Խորհրդի դափնեկիր

Մեկնաբանություններ (4)

Արմեն Հակոբյան
Ինքս հոգեբույժ եմ: Աշխատում եմ այլ կլինիկայում: Ա. Նազարեթյանի հետ չեմ հանդիպել ու չեմ էլ զրուցել նրա բժիշկների հետ: Համացանցում եղած տեղեկատվության հիման վրա համոզված եմ, որ Ա. Նազարեթյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Դռա նասին վկայող ակնառու նշաններ կան: Այլ հարց է, թե որքանով է նա վտանգավոր իր կամ հանրության համար: Դա այսօրվա գործող օրենսդրության բացն է, չկան վտանգ հասկացության չափորոշիչները: Լրագրողները հերթական էժանագին շոուն սարքեցին: Ավոլի ճիշտ է, ուշադրություն դարձնել հոգեկան հւվանդների իրավունքների ավելի իրատեսական պաշտպանությանը: Թե չե, նման դեպքերը շարունակական կլինեն:
Sona
Շատ մանրազնին վերլուծություն էր, ցավոք մեր երկիրը շատ է հեռու մարդու անձի հանդեպ նման պատասխանատու վերաբերմունքից: Բոլոր դեպքերում պետք էր բարձրաձայնել ու իրենց պաշտոնական դիրքը չարաշահողներին, իրենց ով լինելը բացահայտել ու մերկացնել: Շնորհակալություն, շատ լավ էր գրված...
Sona
Սուսաննա ջան ցավոք այդ ոլորտի մասնագետ չեմ, թե չէ հարցերի տարափ կտեղայի: Բայց որ հոդվածը շատ արժեքավոր է մարդու իրավունքների ոտնահարման տեսակետից, դա հաստատ է: Ցավոք մեր երկրում մարդը գրոշի արժողություն չունի. խախտվում են մարդկանց իրավունքները համատարած, ոչ միայն հիվանդի: Այդ է պատճառը, որ դատարկվում է Հայաստանը. լավ օրից չէ, որ մարդ լքում է հարազատ օջախը:
ՀՀԿ
Այո! Ժողովրդի անօգուտ կեսին գժանոց ու բանտ պետք է կոխել, մյուս կեսին էլ խանութպան ու միլիցա դարձնել, հասնելով ծաղկուն ապահովության ու լիակատար արդարության: Ով էլ համաձայն չէ թող անհպաղ ցվրվի մեր սրբազան տարածքներից! Ահա մեր այսօրվա գործուն կարգախոսը: Հառաջ Հանցաստան!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter