HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Թունիսում ամեն ինչ սկսվեց կանաչի վաճառողի սպանությունից. թուրքագետ

«Թուրքական 80 նահանգներից 45-ում միաժամանակ տեղի է ունենում բողոքի ակցիա: Այսինքն՝ այս ակցիան բնապահպանական, տեղական բնույթի ակցիայից վեր է ածվում համաթուրքականի»,- խոսելով Թուրքիայում օրերս ծավալված իրադարձությունների մասին՝ այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը:

Նրա դիտարկմամբ՝ այստեղ ներթուրքական պայքարի հետաքրքիր մի դրսևորում կա. մի կողմից նախագահ Աբդուլլահ Գյուլն է, ով ստանձնել է ավելի մեղմ, փափուկ գործչի դեր իր այսօրվա այն հայտարարությամբ, որ ինքը թուրքական ժողովրդի բողոքի մեսիջն ընդունել է, և դրա դիմաց ագրեսիվ Ռեջեբ Թայիփ Էրդողանն է՝ երկրի վարչապետը, ով հեռավոր Մարրոկոյից հայտարարում է, որ որևէ մեսիջ ինքը չի տեսնում, չի ընկալում:

Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, ըստ թուրքագետի, վկայում են այն մասին, որ այդ երկրի հասարակությունն իր բնույթով վերածվել է տեղեկատվական հասարակության, և այդ պատճառով է, որ Էրդողանը որպես իր թիվ մեկ թիրախ նշում է Facebook-ը, Twitter-ը:

Բանախոսը չշտապեց ենթադրություններ անել՝ արդյոք կլինի՞ թուրքական գարուն կամ նման մի բան, թե՞ ոչ, բայց հիշեցրեց, որ, օրինակ, Թունիսում, ամեն ինչ սկսվեց կանաչի վաճառողի սպանությունից, և չի կարելի բացառել, որ բնապահպանների ցույցի ճնշումը ու ինչպես բժիշկներն են արդեն հայտարարում, նրանց մահը, կարող են առաջացնել տարատեսակ զարգացումներ:

Այս ամենը, ըստ Ռուբեն Մելքոնյանի, վկայում է Թուրքիայի՝ խիստ անկանխատեսելի հասարակությամբ պետություն լինելու մասին, երբ ամեն փոքր երևույթից կարող են ի հայտ գալ նոր շարժումներ: Այս համատեքստում չի բացառվում, որ բնապահպանական շարժումը կվերածվի քաղաքականի:

Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին հայերի, հայ համայնքի ներգրավվածությանը՝ բանախոսը նշեց, որ հայ համայնքում մի ակտիվ հատված կա, որը հարում է ձախ շարժումներին և մասնակցում բողոքի ակցիաներին, ինչն անսպասելի չէր, քանի որ թուրքական գերակտիվ հասարակության մաս կազմող թուրքաբնակ հայերը անմասն չէին կարող մնալ այդ գործընթացներից:

Իսկ ահա հայաստանցի ակտիվիստների դիրքորոշման, մասնավորապես Թուրքիայի ցուցարարներին աջակցելու կոչերի մասին թուրքագետն ասաց, որ դա առաջին հերթին հայաստանցի ակտիվիստների իրավունքն է, ու սա ոչ թե հայի աջակցություն էր թուրքին, այլ հայ բնապահպանի աջակցություն մեկ այլ բնապահպանի: Ռուբեն Մելքոնյանը հույս հայտնեց, որ այստեղ առաջնայինը ոչ թե ազգային պատկանելությունն էր, այլ գաղափարական ուղղվածությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter