HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Թամանյանի հանճարը որոշ միջակությունների հանգիստ չի տալիս. արվեստաբան

«Հավասար բաներ են Գորիսի կրակոցները և սա. ամենաթողությունն այնտեղ արտահայտվում է կրակոցներով, այստեղ արտահայտվում է այսպես՝ ազգ, քեզ համար սա է սրբությունը, սպասի հերն անիծեմ»,- այսօր՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման բաց մրցույթի թեմայով ասուլիսի ժամանակ, ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, արվեստաբան Կարինե Հակոբյանը հավելեց, որ եթե Գորիսում բռնություն կիրառվեց մարդու նկատմամբ, ապա Երևանում բռնություն է քաղաքի, մշակույթի նկատմամբ:

«Երևան քաղաքն ունի սոցիալական, մշակութային, բնապահպանական բազմաթիվ չլուծված խնդիրներ: Թողնել դրանք մի կողմ և Թամանյանի կողմից հանճարեղորեն լուծված ճարտարապետական խնդիրը՝ Հանրապետության հրապարակը, նորից փորձել լուծել՝ խզբզելով նախագիծը, հերթական հանցագործությունն է»,- ասաց Կարինե Հակոբյանը:

Նրա դիտարկմամբ՝ ճարտարապետությունը նաև միջավայր է. սկզբից խախտեցին միջավայրը, դրա հավասարակշռությունը, իսկ հիմա մոտենում են բուն կենտրոնին:

Կարինե Դանիելյանի խոսքով՝ եթե մրցույթ է հայտարարվում, ապա պետք է լինի հստակ առաջադրանք, իսկ քանի որ այն չկա, մրցույթի տեքստից կարելի է ենթադրել, որ հրապարակը բոլորող շենքերը կբարձրացվեն, հրապարակի տակը կքանդեն՝ առանց երկրաբանների կարծիքը հաշվի առնելու, շենքերի ամբողջ տեսքը կփոխվի, զուգահեռ մի քանի շենք «կտնկեն», պատկերասրահն էլ կքանդեն:

Կարինե Հակոբյանը նշեց, որ բոլորս խոսում ենք մրցույթի հետևանքների մասին այն դեպքում, երբ դրա հայտարարման հիմնավորումը և պատճառը չկան, այսինքն՝ այդ խնդիրն ի սկզբանե արհեստական է և ունի մեկ այլ նպատակ:

Արվեստաբանի դիտարկմամբ՝ այստեղ կա նաև միջակ արվեստագետի և հանճարեղ արվեստագետի փոխհարաբերության հարցը. հայտնի է, որ միջակությանը հանճարը հանգիստ չի տալիս: «Ես այն տպավորությունն ունեմ, որ Թամանյանի հանճարը որոշ միջակությունների հանգիստ չի տալիս, նրանք անընդհատ ուզում են խզբզել, ոչնչացնել այն, բայց սա մեր քաղաքն է, մենք պիտի պաշտպանենք այն»,- ասաց Կարինե Հակոբյանը:

«Տպավորությունն այնպիսին է, որ ուղղակիորեն պարոն Նարեկ Սարգսյանին խանգարում է պատկերասրահի շենքը իր Հյուսիսային պողոտան երևալու համար»,- իր կարծիքը հայտնեց նաև ճարտարապետ-քաղաքաշինարար Սևադա Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter