HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական կառավարման համաշխարհային ճգնաժամը և Հայաստանը

Հարություն Լևոնի Մեսրոբյան

տ.գ.թ., կառավարման փորձագետ


Սկիզբը  

Հաջողակ պետությունների առանձնահատկություններ

Համառոտ ներկայացնենք հետևյալ 7 առանձնահատկությունները, որոնք բնորոշ են 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո պետական կառավարման ոլորտում կայուն և թռիչքային (սրընթաց) զարգացում ցուցաբերող պետություններին:

ա/ Սփյուռքի ներուժի ներգրավում

Հետաքրքրական է, որ այդ մոտեցումը ցուցաբերում են անգամ ոչ մեծ (իրենց բնակչության համեմատ) սփյուռք ունեցող պետությունները: Պետության զարգացման քաղաքականությունը կիրառելիս, անհրաժեշտ է, առաջին հերթին, սփյուռքը դիտել ոչ թե՛ որպես նյութական հնարավորությունների աղբյուր, այլ՝ որպես տարատեսակ պրոֆեսիոնալ հատկություններով օժտված հարազատ հանրություն: Մյուս կողմից, սփյուռքը, ներգրավվելով պետության զարգացման ընթացքին, Մայր պետության համար նաև ստեղծում է բարենպաստ միջավայր այլ երկրների քաղաքական և տնտեսական հատվածներում:

Օրինակ. 1975թ.-ից ի վեր նման մոտեցում կիրառում է անգամ Չինաստանը, որի սփյուռքը շուրջ 40 անգամ ավելի փոքր է, քան իր բնակչությունը:

բ/ Ազգային առանձնահատկությունների օգտագործում

Ցանկացած զարգացում ինքնին անցման շրջան է՝ լի տարատեսակ ռիսկերով և անորոշության բարձր մակարդակով: Պետության զարգացման ժամանակ անհրաժեշտ է անվանակիր ազգը վերածել այդ գործընթացի խթանիչի և ակտիվ մասնակցի: Մյուս կողմից, ազգային առանձնահատկությունները, հաճախ, պարունակում են մրցակցային հատկանիշներ, որոնք նպաստում են թռիչքային (սրընթաց) զարգացմանը:

Օրինակ. Ճապոնիան առաջիններից էր, որտեղ դեռ 1950-ական թվականներին օգտագործվեցին ազգային առանձնահատկությունները միկրոէլեկտրոնիկայի ոլորտում, ինչը, հետագայում, դարձավ «ճապոնական հրաշքի» հիմքը:

գ/ Դրական ընտրասերման ներդրում

Ցանկացած կառավարման համակարգերում անհրաժեշտ է ստեղծել մի միջավայր, որտեղ պաշտոնեական առաջխաղացումը լինի ուղիղ համեմատական պաշտոնյայի արժանիքներին: Նման մերիտոկրատական (արժանիների իշխանություն) մոտեցումն ապահովում է 2 կարևորագույն խնդիրների լուծումը՝ պետական կառավարման համակարգի ընթացիկ արդյունավետություն և զարգացման շարունակականություն:

Դրան նպաստում է պետական կառավարման համակարգում «որքան բարձր է պաշտոնը, այնքան բարձր է պատասխանատվության չափը» սկզբունքի արմատավորումը՝ ի հակադրություն «բոլորը հավասար են օրենքի առաջ» սկզբունքի:

Օրինակ. Նման սկզբունքը Սինգապուրում սկսեց կիրառվել դեռ 1965թ.-ին՝ «սինգապուրյան հրաշքի» նախապատրաստման ժամանակ:

դ/ Յուրատիպ պետական կառավարման կառուցվածքի կիրառում

Ինչպես հայտնի է, յուրատիպությունը մրցունակության ապահովման լավագույն միջոցն է: Իսկ երբ կիրառվում է, կառավարման իմաստով, գրագետ կառուցված պետական կառավարման յուրատիպ համակարգ, ապա այն խթանում է պետության թռիչքային (սրընթաց) և ներդաշնակ համակարգված զարգացումը: Ի դեպ, արդեն նշված 10-15 հաջողակ պետությունների պետական կառավարման համակարգերում յուրատիպության աստիճանը բավականին բարձր է:

Օրինակ. Իսրայելում պետական կառավարման կառուցվածքում գործում է Կլանման (Աբսորբցիայի) գերնախարարություն, որը զբաղվում է հայրենակիցների կանոնավոր ներգաղթով և նրանց ուղորդում է մինչև նոր հասարակարգին ամբողջական համարկման (կլանման) ավարտը:

ե/ Ազգի «Ոսկե ֆոնդի» ձևավորում

Ազգի «Ոսկե ֆոնդի» էությունն է՝ Մայր պետության ջանքերով բացահայտել և գրանցել աշխարհում սփռված այն հայրենակիցներին, որոնք տարբեր ոլորտներում աչքի են ընկնում իրենց բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով: Նման մոտեցումը մոբիլիզացիոն բնույթ ունի և անհրաժեշտ է ոչ միայն ճգնաժամի, այլև պետության թռիչքային (սրընթաց) և ներդաշնակ համակարգային զարգացումն ապահովելու նպատակով:

Օրինակ. Իռլանդիան 1990-ական թվականներին կիրառել է այս մոտեցումը տեղեկութային տեխնոլոգիաների ոլորտին զարկ տալու նպատակով:

զ/ Զարգացման ծրագրի հանգրվանային ուղղորդում

Հաջողակ պետություններում, որպես կանոն, թռիչքային (սրընթաց) զարգացում ապահովելու նպատակով, զարգացման ռազմավարական ծրագրերը, որոշակի պարբերականությամբ (հիմնականում՝ 3 կամ 5 տարի), ներկայացվում են որակական և քանաքական պլանային ցուցանիշներով: Ավելին, յուրաքանչյուր տարի (իսկ, որոշ դեպքերում՝ եռամսյակը մեկ), վերլուծելով պլանային ցուցանիշների փաստացի վիճակը, իրականացվում է ընթացիկ արդյունքների ամփոփում և գնահատում:

Եթե պարզվում է, որ ընթացիկ արդյունքների շեղումը մարտավարական բնույթի է, ապա նախատեսված միջոցառումները վերածրագրավորվում են՝ պլանային ցուցանիշներն ապահովելու նպատակով: Ծայրահեղ դեպքում, վերածրագրավորվում են պլանային ցուցանիշները՝ առանց ռազմավարական ծրագրի հիմնադրույթների փոփոխության:

Իսկ եթե պարզվում է, որ ընթացիկ արդյունքների (առավել ևս՝ պլանային ցուցանիշների) շեղումը ռազմավարական բնույթի է, ապա վերանայվում է ամբողջ ռազմավարական ծրագիրը:

Օրինակ. Բրազիլիան ձախողել էր զարգացման 2 ռազմավարական ծրագիր և միայն վերջինը («Ռեալ պլանը»), որն ընդունվել էր 1993թ.-ին, հաջողությամբ իրականացնում է մինչ օրս:

է/ «Ժողովուրդ – իշխանություն» հետադարձ կապի ապահովում

Կառավարման ոլոտում պարտադիր պայման է՝ կառավարման օբյեկտից դեպի կառավարման սուբյեկտ արդյունավետ հետադարձ կապի կիրառումը: Բան այն է, որ հետադարձ կապի խափանման դեպքում, անգամ ամենաարդյունավետ, կառավարման համակարգերը շատ արագ կերպով ոչ միայն դառնում են անարդյունավետ, այլ, ինչ որ պահից սկսած՝ ինքնափլուզվում (ոչնչանում) են:

Մյուս կողմից, հետադարձ կապը պետք է լինի այնպիսին, որ չկաթվածահարի կառավարումը՝ ընդհանրապես և արդյունավետությունը՝ մասնավորապես:

Ի հակակշիռ կուսակցական համակարգի ճգնաժամի պատճառով ներկայացուցչական ժողովրդավարության նվազող արդյունավետությանը, աճում է ուղղակի ժողովրդավարության դերը պետական կառավարման ոլորտում:

Օրինակ. Շվեյցարիայի Սահմանադրությամբ (1874թ.) մի շարք օրենքներ և պետական որոշումներ կյանքի են կոչվում բացառապես հանրաքվեների միջոցով: Հարկ է նշել, որ առաջին հանրաքվեն այդ պետությունում անցկացվել է դեռ 1802թ.-ին:

 

Նոր հայկական պետության կառավարման սկզբունքներ

Բնական է, որ Նոր հայկական պետության (ներառյալ՝ Արցախը) կառավարման համակարգը պետք է պարունակի հաջողակ պետությունների՝ իր համար կիրառելի առանձնահատկությունները:

Նոր հայկական պետությունում առաջարկվում է կիրառել կառավարման, այսպես կոչված, հիբրիդային մոդելը: Այստեղ «հիբրիդային» եզրը վերաբերում է ոչ թե՛ պետական կառավարման խորհրդարանական, նախագահական և դրանցից տարբեր կերպ համադրված (սինթեզացված) մոդելներին, այլ՝ հաջողակ պետությունների, ինչպես նաև մրցունակ ազգային ենթահամակարգերի և հատկանիշների համադրմանը (սինթեզին):

Նոր հայկական պետության (ներառյալ՝ Արցախը) հիբրիդային կառավարման մոտեցումների զգալի մասը կարելի է խմբավորել և ներկայացնել հետևայլ 12 սկզբունքների միջոցով:

ա/ Խնդիրների և որոշումների աստիճանակարգություն (հիերարխիա)

Պետությունում իրավունքների, պարտավորություների, ինչպես նաև պատասխանատվության հստակեցման նպատակով, Սահմանադրությամբ ամրագրված համապետական ու տեղական հետևյալ 4 մակարդակներում խնդիրների և որոշումների աստիճանակարգության (հիերարխիայի) կիրառում՝

- ռազմավարական խնդիրներ (ներառյալ՝ Սահմանադրության ընդունում)՝ համաժողովրդական հանրաքվե.

- ռազմավարական խնդիրներից բխող և կանոնակարգում պահանջող խնդիրներ՝ օրենսդիր մարմին.

- կանոնակարգված խնդիրների կիրառական լուծումներ պահանջող համապետական խնդիրներ՝ գործադիր մարմին.

- կանոնակարգված խնդիրների կիրառական լուծումներ պահանջող տեղական խնդիրներ՝ տեղական ինքնակառավարման մարմիններ:

բ/ Փորձագիտական կառավարման բաղադրիչ և մակրոպահանջներ

Համապետական ու տեղային որոշումների բարձր որակն ապահովելու նպատակով, որոշումների նախագծերի համակարգված փորձագիտական զննություն և, խիստ սահմանված ժամկետում, հետևյալ 3 տեսակի փորձագիտական եզրակացություններից մեկի ձևավորում՝

- դրական, երբ որոշումը կարող է ընդունվել.

- պայմանական դրական, երբ որոշումը կարող է ընդունվել միայն փորձագիտական դիտողությունները հաշվի առնելու դեպքում.

- բացասական, երբ որոշումը չի կարող ընդունվել:

Պետության շահերի իրացման նպատակով, փորձագիտական համակարգի կողմից համապետական ու տեղային որոշումների համապատասխանեցում հետևյալ 4 մակրոպահանջներին`

- դրսից ներս բացասական երևույթների մուտքի արգելափակում.

- դրսից ներս դրական երևույթների մուտքի խրախուսում.

- ներսից դուրս բացասական երևույթների ելքի ապահովում.

- ներսից դուրս դրական երևույթների ելքի արգելափակում:

գ/ Որոշումների համարժեքություն

Համապետական որոշումների որակյալ տեղայնացում ապահովելու նպատակով, պետության ամբողջ տարածքի քարտեզագրված գոտիավորում (առանձնակի ուշադրություն դարձնելով բնապահպանական և ազատագրված տարածքների բնակեցման հարցերին) հետևյալ 5 կարգավիճակներին համապատասխան`

- ըստ մարզերի սահմանամերձ գյուղեր և տարածքներ.

- ըստ մարզերի ոչ սահմանամերձ գյուղեր և տարածքներ.

- ըստ մարզերի ոչ սահմանամերձ քաղաքներ.

- մարզկենտրոններ.

- մայրաքաղաք իր գոտիներով:

դ/ Արտաքին հետադարձ կապ (վերահսկողություն)

Պետական կառավարման համակարգի նկատմամբ համակարգված և լայնածավալ վերահսկողություն իրականացնելու նպատակով, Սահմանադրությամբ ամրագրված արտաքին հետադարձ կապի ապահովում` լրագրողական հետաքննության, ինչպես նաև տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների գործունեության միջոցով:

ե/ Ներքին հետադարձ կապ (հսկողություն)

Պետական կառավարման համակարգին մրցունակ որակ ներարկելու և այն զարգացնելու նպատակով, ներքին հետադարձ կապի ապահովում` փաստաթղթային և տեսչական ստուգումների միջոցով:

զ/ Գործունեության արդյունավետություն

Պետական կառավարման համակարգն ինքնավերարտադրումից և լճացումից զերծ պահելու նպատակով, կառավարման հատուկ մեխանիզմների միջոցով հետևյալ 5 խնդիրների լուծում`

- Պարկինսոնի օրենքի ազդեցության վերահսկում.

- քաղաքացիների շրջանում պետական ծառայության բարի համբավի ձևավորում.

- պետական ծառայողի կողմից իր կարգավիճակի և գործի նշանակության կարևորում (առաջին հերթին՝ ժողովրդին ծառայելու իմաստով).

- վերադասի կողմից պետական ծառայողի աշխատանքի արդյունավետ հսկում և գնահատում.

- համակարգի ներքին կառավարելիության ապահովում:

է/ Կառավարիչների համարժեքություն

Պետական կառավարման համակարգում կառավարող կադրերի որակը զբաղեցրած պաշտոններին համապատասխանացնելու նպատակով, կառավարումը, որպես պրոֆեսիոնալ գործունեության ոլորտի, դիտում՝ կառավարչի պրոֆեսիոնալ հմտությունների և տվյալ պաշտոնից բխող իրավունքների, պարտավորությունների, ինչպես նաև պատասխանատվության միջև համարժեքության ապահովման եղանակով (տվյալ պաշտոնյայի ԿԱԴ-ը՝ կառավարման անհատական դասակարգիչը, պետք է համապատասխանի զբաղեցրած պաշտոնից բխող պահանջներին):

ը/ Անձնական օրինակ

Պետությունում կառավարման առողջ մթնոլորտ (այդ թվում՝ արդյունավետ կառավարելիություն ապահովելու իմաստով) ստեղծելու նպատակով, պետական կառավարման համակարգում հանգուցային պաշտոններ զբաղեցնող կառավարիչների կողմից, առանց բացառությունների, օրինակելի վարքականոնի պահպանում:

թ/ Դրական ընտրասերման գործոն

Պետական կառավարման համակարգի մրցակցային հատկանիշների վերարտադրման և զարգացման նպատակով, կառավարման բուրգում վարից վեր պետական ծառայողի գնահատում հետևյալ 5 խումբ չափանիշների միջոցով`

- բարոյական.

- կառավարչական.

- կրթական.

- առողջական.

- անցած ուղղու (արձանագրված պրոֆեսիոնալ արդյունքների իմաստով):

ժ/ Ազգի «Ոսկե ֆոնդ»

Պետական կառավարման համակարգում լավագույն կադրերի ներգրավման նպատակով, պետության ջանքերով աշխարհով մեկ սփռված և հաջողության հասած հայազգի ներկայացուցիչների բացահայտում (ոլորտ առ ոլորտ), գրանցում և նրանց համագործակցության համապատասխան առաջարկությունների ներկայացում (որպես առաջին քայլ՝ ազգի «ինտելեկտուալ ճակատի» ձևավորում):

ժա/ Ֆիզիկական վերարտադրություն

Պետությունում բնակչության համաչափ տարածքային բաշխման, վերաբաշխման և վերարտադրության ապահովման նպատակով, հետևյալ 4 գործընթացների խրախուսում`

- ներգաղթ.

- ծնելիության աճ.

- գյուղական բնակչության տեսակարար կշռի աճ.

- երևանաբնակների տեսակարար կշռի նվազում:

ժբ/ Համարկման (ինտեգրման) ծրագիր

Պետությունում բոլոր քաղաքացիների համար, առանց սահմանափակումների, ինքնադրսևորվելու հնարավորությունները դյուրացնելու նպատակով, համարկման (ինտեգրման) պետական ծրագրի իրականացում հետևայլ 4 անպաշտպան սոցիալական խմբերի համար`

- հաշմանդամներ.

- մանկատների սաներ.

- ծերանոցների բնակիչներ.

- դատապարտյալներ:

 

Վերջաբան

Ամփոփելով նյութը, կարելի փաստել, որ, ազգային անվտանգության իմաստով, Հայաստանի ներկայիս պետական կառավարման համակարգը և «կառավարող վերնախավը» համարժեք չեն համաշխարհային արդի զարգացումներին ու մարտահրավերներին, առավել ևս, ունակ չեն ապահովելու պետության զարգացումը: Սա բխում է նաև կառավարման հետևյալ «ոսկե» օրենքից՝ «կառավարման սուբյեկտի կառավարման օբյեկտից, նրա արտաքին միջավայրից և մարտահրավերներից ավելի պարզունակ լինելը, վաղ թե՛ ուշ, հանգեցնում է խորքային ցնցումներին»: Նման վիճակը, անխուսափելիորեն, առաջացնում է կառավարման համակարգի (տվյալ դեպքում՝ պետության) շարունակական անկում (ճգնաժամ) և, ի վերջո, փլուզում (ոչնչացում):

Այսպիսով, անհրաժեշտ է ազգային-ազատագրական պայքարի միջոցով հիմնովին փոխել նոր եղանակներով գաղութացված Հայաստանի կառավարման համակարգը (այսինքն՝ ստեղծել նոր հայկական պետություն)՝ ապահովելով հայաստանակենտրոն քաղաքականություն և դրական ընտրասերում պետական կառավարման նոր համակարգի ուղղահայաց ու հորիզոնական հարթություններում:

Պետական կառավարման նոր համակարգը պետք է համահունչ լինի Սփյուռքի հիմնովին փոխված դերին՝ որակապես մեծացնելով նրա նշանակությունը Հայաստանի՝ որպես մրցունակ ու հզոր պետության, կայացման և զարգացման հարցերում: Իսկ մրցունակ ու հզոր Հայաստանը, իր հերթին, նպաստելու է Սպյուռքի հզորացմանը:

Ի վերջո, մրցունակ ու հզոր Հայաստանը և Սփյուռքն ի զորու են, համակարգված կերպով, փուլ առ փուլ լուծել Հայկական հարցի պատմականորեն ձևավորված ամբողջ լուսակը (սպեկտրը):

Մեկնաբանություններ (1)

Արթուր
Վերլուծությունները արժանի են դրվատանքի.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter