HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Երեւանի ավագանու ընտրություններ. հետընտրական գործընթացներն սպասված զարգացումը չունեցան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2013թ. մայիսի 12-ի նիստում ամփոփեց Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքները: Համաձայն ԿԸՀ որոշման Երեւանի ավագանու անդամներ են ընտրվել` Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 42 անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 17 անդամ, «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երեւանի ավագանու 6 անդամ:

Ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժերից 4-ը՝ «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնացություն», «Առաքելություն Հայաստան», «Օրինաց երկիր», չհաղթահարեցին սահմանված 6%-ի շեմը (Կուսակցությունների համար ընտրական պատնեշը սահմանվել էր 6%, կուսակցական դաշինքների համար`8%): Չնայած ընտրությունների ավարտին «Հանրապետական» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններից բացի մասնակից մյուս կուսակցությունները հայտարարեցին, որ ընտրական գործընթացն անցել է խախտումներով եւ համաձայն չեն ընտրության արդյունքների հետ, սակայն քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) արձանագրությունը ստորագրեցին նաեւ ԿԸՀ-ի կազմում նրանց առաջադրած անդամները: Իսկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման մեջ նշվում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

Տեղական դիտորդ կազմակերպություններն իրենց հայտարարություններում խիստ գնահատականներ տվեցին ընտրական գործընթացին: «Հայաստանում բոլոր ընտրությունների ժամանակ մի կողմից մասնակցում են քաղաքական ուժեր՝ դրանց անունը կլինի ընդդիմություն թե այլընտրանք, կարևոր չէ, և մասնակցում է իշխող քաղաքական ուժը, որը ոչ թե որպես առանձին կուսակցություն է հանդես գալիս, այլ մասնակցում է պետության անունից... Պետությունն իր բոլոր ռեսուրսներով, ընդդեմ տարբեր կուսակցությունների: Եվ նույնիսկ ամենաաղքատ, ամենաթույլ երկրում այդ կուսակցությունները չեն կարող մրցել պետական ռեսուրսի հետ: Պետությունը միշտ ավելի ուժեղ է, քան այդ կուսակցությունները: Այդ պատճառով մենք անընդհատ այդ փակ շրջանի մեջ ենք լինելու»,- այսպիսի գնահատական տվեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը հետընտրական առաջին օրը դիտորդություն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ:

Ասուլիսին մասնակից «iditord.org» կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանն ավելացրեց, որ ի տարբերություն նախագահական ընտրությունների, երբ ամբողջ գիշեր իրենք շարունակ խախտումների մասին հաղորդումներ էին ստանում կուսակցությունների շտաբներից, այս անգամ միայն ՀԿ-ների կողմից էին ահազանգներ լինում: «Տպավորություն էր, որ երբ ժամը երեկոյան 8-ը եկավ, քաղաքական ուժերը համարեցին, որ ներկայացումն ավարտված է»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ընտրություններին որպես միջազգային դիտորդ հետեւում էր նաեւ Եվրախորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 12 անդամներից կազմված պատվիրակությունը, ովքեր ներկայացնում են եվրոպական 9 երկրներ, ներառյալ ԵՄ տարածաշրջանների հանձնաժողովից երեք անդամներ: Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պատվիրակության ղեկավար եւ զեկուցող Ստյուարտ Դիքսոնը (ՄԹ, ILDG) ներկայացրեց քվեարկության դիտարկման նախնական եզրակացությունները, որի արդյունքում ընտրվել է նաեւ Երեւանի քաղաքապետը: Եվրոպացի դիտորդները Երեւանի ավագանու ընտրության գործընթացը բավարար  գնահատեցին: 

Ս. Դիքսոնը նշեց, որ որոշ ընտրատեղամասերում նկատված առանձին միջադեպերի բացառությամբ, ընտրություններն ընթացել են հանգիստ եւ բնականոն եղանակով, եւ որ քվեարկությունը տեխնիկապես լավ էր պատրաստված, չնայած որ ձայների հաշվարկի գործընթացը` երբեմն քաոսային եւ դանդաղ, հետագա բարելավման կարիք ունի: «Եվրախորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդների պատվիրակությունը, նշելով որոշակի առաջընթացը, բավարար է համարում Երեւանի Ավագանու` մայիսի 5–ին կայացած ընտրության գործընթացը»,- հայտարարվեց դիտորդական խմբի անունից։ Ստյուարտ Դիքսոնը նաեւ հիշատակեց յուրաքանչյուր ընտրատեղամասում առկա տեսախցիկները եւ լայնածավալ տեսանկարահանումները, որոնք ստեղծում էին չափից ավել վերահսկվող գործընթացի տպավորություն, ինչպես նաեւ տեղական դիտորդների մեծ թիվը, որոնց պատկանելությունը որեւէ ՀԿ-ի կամ մամուլի կասկածելի մնաց Կոնգրեսի պատվիրակության համար:

Դիքսոնը տեղեկացրեց նաեւ, որ մի քանի շաբաթ անց կհրապարակեն մայիսի 5–ին կայացած ընտրությունների համապարփակ զեկույցը, իսկ Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ վերջնական եզրակացությունը կներկայացվի հոկտեմբեր ամսին՝ Ստրասբուրգում։ Սակայն համապարփակ զեկույցը հայտարարված ժամանակամիջոցում չներկայացվեց: Ընտրական գործընթացին հաջորդեցին մասնակից կուսակցությունների հայտարարությունները, որով նրանք իրենց գնահատականը տվեցին ավագանու ընտրություններին:

Հայ ազգային կոնգրես. «Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդավարության եւ Հայաստանի ժողովրդի դեմ, ինչի համար իշխող ուժը քաղաքական, իսկ նրա պարագլուխները քրեական պատասխանատվություն են արժանանալու հաստատապես»։

ՀՅԴ Գերագույն մարմին. «Հերթական անգամ պետության եւ իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը ...»:

«Բարեւ Երեւան» դաշինքի շտաբը հայտարարեց, որ «Բարեւ Երեւան» դաշինքը կվերցնի Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության արդյունքների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ իրեն հատկացված ավագանու 6 մանդատները, միաժամանակ բողոքարկեց ընտրությունների արդյունքները հաստատելու մասին ԿԸՀ որոշումը՝ պահանջելով անվավեր ճանաչել Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 11-ին արտահերթ նիստ գումարեց «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի դիմումը քննելու համար եւ մերժեց պահանջը:

Դաշինքը ԿԸՀ մայիսի 11-ին կայացրած 107-Ա որոշումը բողոքարկեց ՀՀ վարչական դատարան: Մատնանշելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք կոպտորեն խախտվել են ԿԸՀ գործողություններով եւ կայացրած 107-Ա որոշմամբ, դատարանից խնդրեցին վերացնել հիշյալ որոշումը եւ ԿԸՀ-ին պարտավորեցնել քննարկելու «Բարեւ Երեւան» դաշինքի մայիսի 10-ի դիմումը Երեւանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին: Վարչական դատարան էր ներկայացվել նաեւ Երեւանի թիվ 13 ընտրատարածքի տեղամասերում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակ՝ պատկերացում տալու համար, թե ինչ ծավալի եւ կարեւորության խախտումներ պետք է քննարկվեր ԿԸՀ-ում: Դատարանը մերժեց «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի դիմումը:

ԿԸՀ էր դիմել նաեւ Հայ ազգային կոնգրեսը 27 տեղամասերում վերահաշվարկի եւ 7 տեղամասում` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ դա իրենք չեն անում այն պատճառով, որ հույս ունեն, թե փոխվելու են քվեարկության արդյունքները: «Դրանց արդյունքում մենք հայտնաբերելու ենք ապօրինությունների վերահսկման ապացույցները: Կորսված քվեաթերթիկներ, հատուկ ձեւերով ծալված թերթիկներ եւ այլն եւ արդեն բազմաթիվ փաստեր ենք հայտնաբերել: Ըստ օրենքի՝ վերահաշվարկի դեպքում մենք հնարավորություն ենք ստանում գրանցամատյաններից քաղվածքներ վերցնել, այսինքն՝ կարողանում ենք իմանալ, թե ովքեր են եկել քվեարկության: Սա միակ հնարավորությունն է` պարզելու համար, թե ում անվան դիմաց է ստորագրվել ընտրությունների ժամանակ»,- նշեց Զուրաբյանը: Նա հավելեց, որ Կոնգրեսն արդեն բավարար ապացույցներ ունի, որպեսզի դիմի Վարչական դատարան` ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով:

Ֆեյսբուք սոցիալական ցանցը տեւական ժամանակ քննարկում էր ընտրությունների ժամանակ կատարված օրինախախտումները եւ իր բողոքն ու անհամաձայնությունը հայտնում էր ոչ միայն ապօրինությունները փաստարկող դրվագներ ներկայացնելով, այլեւ սարկազմով: Այդ իմաստով ուշագրավ էր «Տիգրան Մուկուչյանը հրաժարվեց ֆեյսբուքյան ասուլիսին մասնակցելուց» հրապարակումը, որը գրվել էր «Ազատություն» ռադիոկայանի նախաձեռնությամբ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ ֆեյսբուքյան ասուլիս կազմակերպելու առիթով: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության համաձայն` մայիսի 10-ին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ սոցիալական ցանցում մամուլի ասուլիս էր տեղի ունենալու: Ռադիոկայանը նախապես զգուշացրել էր օգտատերերին, որ ոչ կոռեկտ հարցերը կհանվեն, այնուամենայնիվ գրանցված առաջին 10-ը հարցերին ծանոթանալուց հետո ԿԸՀ նախագահ Մուկուչյանը հայտարարեց, որ հրաժարվում է մամուլի ասուլիսից:

Ինչպես եւ սպասվում էր, սուր հարցերն ու ծաղրական ռեպլիկները շատ չուշացան, ավելին, դրանք երբեմն այնքան սուր էին, որ ռադիոկայանի խմբագրությունը ստիպված էր լինում վերացնել հրապարակումները միջոցառման հարթակից: Օգտատերերից մեկը գրել էր. «Պրն Մուկուչյան, եթե հնարավորություն ունենայիք ՀՀ-ում ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու, կկազմակերպեի՞ք, թե՞ ոչ»: Ջնջված մյուս հարցն այսպես էր հնչել. «Ո՞ր գիրքն է ձեզ ավելի շատ ոգեշնչել՝ Գոգոլի «Մեռած հոգիները», թե՞ «Կամասուտրա»-ն»: Նմանատիպ հարցերի սահմանափակումը ռադիոկայանից մեկնաբանել են հետեւյալ կերպ. «Հարցերի ընտրության գործընթացը վերածվել է ազգային հումորի, երեւույթի, հետեւաբար մենք դիմում ենք դրանից բխող համապատասխան քայլերի»:

Մամուլի հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվեցին մի շարք քրեական գործեր, որոնց բնույթը եւս մեկ անգամ հիմնավորեց եւ ապացուցեց ընտրությունների օրը լրագրողների եւ դիտորդական խմբերի արձանագրած օրինախախտումների հավաստիությունը:

Երևանի ավագանու ընտրությունների հետընտրական ժամանակահատվածի ընտրախախտումների դեպքերով ՀՀ ոստիկանության կողմից կատարվող քննությունների վերաբերյալ ոստիկանության http://www.police.am/ կայքէջը տեղեկացնում է հետեւյալը. 13 դեպքերով 04.06.2013 թ. ժամը 16:00-ի դրությամբ հետաքննություն է ընթանում:  20 դեպքերով բողոքները թողնվել են անհետեւանք: Կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ 31.05.2013 թ. ժամը 18.00-ի դրությամբ գրանցված 143 դեպքերից՝ 9-ով հարուցվել են քրեական գործեր, ԱՎՎ է ուղարկվել 3 նյութ, միացվել է ընթացիկ նյութի 4-ը, եզրակացությամբ կցվել է 15 նյութ, մերժվել է 111 նյութ, ընթացքի մեջ է գտնվում 1 նյութ:

Ընդհանուր առմամբ հարուցված 11 քրեական գործերի վերաբերյալ մամուլում եղած  հրապարակումներից ներկայացնենք մի քանիսը.

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ, թիվ 8/23 ընտրատեղամասում լցոնման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, թիվ 8/23 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ահազանգ էր ստացվել, որ Դավիթ Վլադիմիրի Միքայելյանի ընտրական ծրարում հայտնաբերվել է ՀԱԿ-ի օգտին քվեարկած 3 քվեաթերթիկ:

Երեւանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 5-ին, Արաբկիր վարչական շրջանի թիվ 04/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը եւ ընտրողը ներգրավվել են որպես մեղադրյալ: Ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ մայիսի 5-ին քաղաքացի Լ.Միրզոյանը ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է թիվ 04/23 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ. նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։ Սակայն ընտրողը չի կարողացել քվեարկել՝ իր կամքից անկախ պատճառներով, քանզի քվեարկությունը կանխել է հանձնաժողովի նախագահը: Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Լ.Միրզոյանին քվեաթերթիկներ եւ ծրարներ տվել է թիվ 04/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Հարությունյանը: «Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով, իսկ Լ.Միրզոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով»,- հայտնում է գլխավոր դատախազությունը:

Մայիսի 5-ին` Երեւանի ավագանու ընտրությունների օրը, Ոսկեվազ գյուղում հաշվառված Ս.Սերոբյանի կողմից թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է նույն ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու եւս մեկ դեպք: ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Մալաթիայի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Ս.Սերոբյանը, ընդգրկված չլինելով թիվ 07/18 ընտրատեղամասի ընտրացուցակներում, փորձել է մասնակցել Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին եւ քվեարկել այլ անձի փոխարեն, ինչը կանխվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից։ Նախաքննության տվյալներով` Ոսկեվազի բնակիչ Ս.Սերոբյանին քվեաթերթիկ եւ ծրար է տվել հիշյալ ընտրատեղամասի հանձնաժողովի մեկ այլ անդամ` Լ.Դավթյանը` ընտրողների ցուցակում ընդգրկված այլ անձի անվան դիմաց լրացնելով Ս.Սերոբյանի անձնագրի տվյալներըՁեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ Լ.Դավթյանն օժանդակել է նշված ընտրատեղամասում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում հաշվառված մեկ այլ բնակչի քվեարկությանը եւսԱյսպես` Լ.Դավթյանը ընտրատեղամասի մատյանում տվյալ ընտրատեղամասի ընտրողներից մեկի անվան դիմաց լրացրել է Ոսկեվազում հաշվառված Վ.Թորոսյանի անձնագրի տվյալները եւ վերջինիս տվել քվեաթերթիկ ու ծրար: Վ.Թորոսյանը, քվեաթերթիկ եւ ծրար ստանալով, քվեարկել է այլ անձի փոխարեն: Ի դեպ, Լ.Դավթյանը եւս Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Լ.Դավթյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-153-րդ եւ 38-34-153-րդ հոդվածներով, իսկ Վ.Թորոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ Ս.Սերոբյանին մեղադրանք էր առաջադրվել 2013թ. մայիսի 13-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

Երեւանի ավագանու ընտրությունների օրը՝ մայիսի 5-ին, Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 եւ 07/18 ընտրատեղամասերում մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության փորձ կատարելու դեպքերի առթիվ ոստիկանության Մալաթիայի եւ Շենգավիթի քննչական բաժիններում հարուցված քրեական գործերի շրջանակներում Դ.Մխիթարյանը, Ս.Սերոբյանը եւ Ղ.Մկրտչյանը ներգրավվել են որպես մեղադրյալ: Մասնավորապես, Ղ.Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Շենգավիթ վարչական շրջանի թիվ 11/32 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:

Դ.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում միանգամից 3 քվեաթերթիկում համապատասխան նշում կատարելու եւ նշված քվեաթերթիկները քվեատուփը գցելու եղանակով մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար: Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում հաշվառված եւ քվեարկելու իրավունք չունեցող Ս.Սերոբյանին մեղադրանք է առաջադրվել չպարզված ընտրական տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու, ինչպես նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 07/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն կրկին քվեարկելու փորձ կատարելու համար: Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ եւ 203-րդ հոդվածներով՝ Ղ.Մկրտչյանը եւ Դ.Մխիթարյանը որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ Ս.Սերոբյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ եւ 34-153-րդ հոդվածներով: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 03/19 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ: Թիվ 03/19 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարից ստացված հաղորդման հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ թվով 4 անձինք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների բնակիչներ չլինելով եւ նշված ընտրատեղամասում քվեարկելու իրավունք չունենալով, փորձել են քվեարկել այդ ընտրատեղամասում: Նյութերի նախապատրաստման օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազի հանձնարարությամբ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:

Սույն հրապարակումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերային պայմանագրի շրջանակներում՝ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին` «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը, և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter