HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը սկսվեց

Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննության դատական առաջին նիստը  նշանակված էր հուլիսի 6-ին, Վանաձորի դատարանի թիվ երեք դահլիճում: 

Ժամը 11-ին դատավոր Մուշեղ Հարությունյանը  դատարանի ներքին հեռախոսով ասաց. «Լրագրողները կարող են դատական նիստի սկզբում ներկա լինել:  Ես խոչընդոտ չեմ տեսնում լրագրողների` դատական նիստի նախապատրաստական մասին մասնակցելու համար, սակայն դատաքննությանը չեք կարող մասնակցել: Դատաքննությունը տեղի է ունենալու դռնփակ»: Դատավորը նաեւ հայտնեց, որ առարկություն չունի դատարանի դահլիճում լրագրողների նկարահանումներին` դատական նիստը չխոչընդոտելու պայմանով: Ժամը 11-ն անց երեսունին Սերոբ Տեր-Պողոսյանը բերվեց դատարանի շենք: Ժամը 12-ի մոտակայքում դատարանի շենքի առաջ արդար դատավարության պահանջի ցուցապաստառներով ակցիա էր կազմակերպել «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

«Մենք Երեւանից ենք եկել, մեր հիմնական պահանջը արդար դատավարությունն է: Մենք պահանջում ենք, որ պատժվի մեղավորը եւ գտնում ենք, որ այս դատավարության ընթացքում պետք է պաշտպանվեն  անչափահասների ոտնահարված իրավունքները»,- ասաց ՀԿ-ի ներկայացուցիչ Տաթեւիկ Սմբատյանը:

Դատական  նիստը  ժամը 12-ից հետաձգվեց մինչեւ 13:00` դահլիճի ծանրաբեռնվածության պատճառով, սակայն  նիստը  սկսվեց 14:00-ին: Դատական նիստին ներկայացել էին Սերոբ Տեր-Պողոսյանի շահերի պաշտպաններ Գիվի Հովհաննիսյանը եւ Տիգրան Սաֆարյանը: Դատական նիստին ներկայացել էր գործով մեկ տուժող,  գործով որպես  մեղադրողներ ներկայացել էին գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը եւ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը: Դատարանի սպասասրահում կանգնած էր նաեւ Վահրամ Փարսադանյանը, ով Սերոբ Տեր-Պողոսյանից իր ձեռքի տակ եղած տեսանյութի համար գումար էր պահանջել:

Դատավոր Մուշեղ Հարությունյանը հայտնեց, որ մեղադրյալ Սերոբ Տեր-Պողոսյանը ներկայացել է դատարան, կանգնած է դատական նիստերի դահլիճի դռան մոտ եւ չի ցանկանում մտնել դատական նիստերի դահլիճ: «Ես քրգործի դատաքննությունը նշանակելիս որոշման մեջ սահմանել եմ, որ դատաքննությունը պետք է անցկացվի դռնփակ դատական նիստով` ելնելով ՀՀ Քր.օրենսգրքի 16 հոդվածով նախատեսված սահմանափակումներով»,- ասաց դատավորը: Վերջինս, սակայն, տեղյակ չէր` նախապատրաստական մասի վրա այդ սահմանափակումները  տարածվու՞մ են, թե՞ ոչ: «Բայց գործի այս փուլում հնարավոր չէ առանց ամբաստանյալի մասնակցության անցկացնել, նրա տվյալները պետք է ճշտվեն, տեսնում եմ` նոր պաշտպաններ են ներկայացել, ովքեր նախաքննությանը չեն մասնակցել»,- ասաց Մ. Հարությունյանը եւ որոշեց դռնփակ անցկացնել նաեւ դատաքննության նախապատրաստական մասը: Լրագրողները դուրս հրավիրվեցին դահլիճից:

«Սովորական դատական նիստի ընթացք է, ներգրավվել են նոր պաշտպաններ, դատարանը պետք է ժամանակ տրամադրի, որպեսզի պաշտպանները ծանոթանան գործի նյութերին` չխախտելով դատաքննության ողջամիտ ժամկետները: Դատական նիստն այս պատճառով հետաձգվելու է: Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 21-ին` ժամը 12-ին»,- դատական նիստի ընդմիջմանը ասաց մեղադրող, ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը: Դատական նիստի ավարտին պրն Ամիրզադյանը լրագրողներին ասաց, որ դատական նիստի ընթացքում որեւէ հարցաքննություն չի եղել: «Դատաքննությունը դեռ չի սկսվել, օրենքով նախատեսված կարգով դատաքննությունը սկսվում է, նոր  հարցաքննվում են տուժողները»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:

Դատական նիստի նախապատրաստական մասը դռնփակ անցկացնելու որոշման մասին մեղադրող դատախազ Ամիրզադյանն ասաց. «Դատարանը ինքնուրույն կարող է որոշում կայացնել ցանկացած նիստ անցկացնելու վերաբերյալ: Դատավորն իր որոշման մեջ նշել էր, որ դատական նիստը պետք է անցկացվի դռնփակ: Ինչ վերաբերում է նախապատրաստական մասին, դուք լսեցիք դատարանի կարծիքը: Ելնելով  դատաքննության շահերից` ամբաստանյալն ասաց, որ չի ցանկանում, որ լրագրողները նկարեն: Այս հանգամանքը կարող էր արդարադատությանը խոչընդոտել: Ելնելով դրանից` դատարանը կայացրեց համապատասխան որոշում: Որքանով է ճիշտ, թե սխալ դատավորի որոշումը, ինքներդ դատեք»:

Մեկնաբանություններ (1)

Johnno
Funny how these protestors cannot write proper Armenian. Its ՀԱՆԴՈՒՐԺՒՄ Է ; ԴՈՒ and not ՀԱՆԴՈւՐԺՈւՄ; ԴՈւ...The letter is Hyun - Ւ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter