HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Մեկնարկում է Նարեկացի արվեստների փառատոն

Գյուրջիև, Կոմիտաս, Սայաթ-Նովա, Գրիգոր Նարեկացի, ջազային իմպրովիզացիաներ, ժողովրդական երգ և պար, Արամ Խաչատրյան ու ոչ միայն: Սա հունիսի 15-ից 22-ը «Նարեկացի» արվեստի միության կազմակերպած փառատոնի ծրագրի մի մասն է միայն:

Փառատոնի բոլոր համերգները տեղի են ունենալու Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ժամը 19:00-ին: Տոմսերի գները` 1000- 3000 դրամ:

Համերգաշարը կուղեկցվի հայ անվանի նկարիչների նկարների ցուցահանդեսով: Կցուցադրվեն Հակոբ Հակոբյանի, Վարդան Թովմասյանի, Շոթա Ոսկանյանի, Արմեն Խոջոյանի, Նարեկ Հարությունյանի, Տիգրան Ասատրյանի, Աշոտ Ավագյանի, Սեվան Նագգաշյանի, Հովնան Սարգսյանի, Արարատ Սարգսյանի, Եվգինե Մարտիրոսյանի նկարները:

 «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեգ Հարթունյանը կներկայանա «ֆոտոաուրա» ոճի իր լուսանկարների ցուցադրմամբ:

«Մեր խնդիրը հանրության հետ կենդանի կապն է: Քննարկման արդյունքում հասկացանք, որ միակ ճիշտ լուծումը փառատոնի ֆորմատն է»,- ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի մասնակից, երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, ով ներկայանալու է «Կոմիտաս. Տասը հայտնություն» շարքով:

Արծրունու խոսքերով՝ այս փառատոնի մասնակիցները Հայաստանից դուրս ճանաչվելու խնդիր չունեն, որովհետև հենց նրանցով է մեր մշակույթը ճանաչվում դրսում:  

 «Փառատոնի մասնակիցներից, օրինակ, Գյուրջիևի նվագախումբը ներկայացնում է հայկական երաժշտական և մշակութային իրականությունը դրսում, այսինքն մարդիկ Հայաստանը ճանաչում են Գյուրջիևի նվագարանի միջոցով: Աբսուդային բան է, բայց պետք է ճանաչելի դարձրնենք սեփական արժեքը սեփական ժողովրդի համար»,- ասաց Արծրունին:

«Նարեկացի արվեստների փառատոնն իր էությամբ պայքար է նաև ռաբիզի դեմ»,-ավելացրեց Նարեգ Հարթունյանը: Նրա խոսքերով, այս փառատոնի նպատակն է մեր արվեստագետների օգնությամբ ներկայացնել հայկական մաքրամաքուր արվեստը:

«Մեր համույթը Հայաստանում քիչ է ելույթ ունեցել, հիմնականում դրսում ենք ակտիվ շրջագայությունների մեջ լինում: Օրինակ՝ անցած տարի յոթ երկրում եղանք: Այդ համերգներից հետո հոսք է եղել Եվրոպայից դեպի Հայաստան. շատ մարդկանց գիտեմ, ովքեր տարբեր խմբերով եկել, այցելել են Գյուրջիևի ծննդավայր` Գյումրի»,- նշեց փառատոնի մեկ այլ մասնակից, Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկեյանը:

Նարեգ Հարթունյանի խոսքերով՝ իրենք այսօր հիմքն են դնում այն փառատոնի, որը պետք է ծաղկի, դառնա ամենամյա և ունենա շրջագայելու հնարավորություն ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում:

 Հիշեցնենք, որ «Նարեկացի արվեստների փառատոնին» մասնակցելու են նաև «Օշական» եռյակը, Հայաստանի կամերային երգչախումբը, Արթուր Ավանեսովը, Աստղիկ Վարդանյանը, Մերի Դոլմազյանը, Լևոն Առաքելյանը, Վահագն Հայրապետյանը և Արմեն Հյուսնունցը, «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը և «Կարին» երգի-պարի համույթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter