HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքային զարգացման ծրագրերն ընտրում եւ իրականացնում են մարզպետները

ՀՀ կառավարության որոշմամբ մարզերում առկա առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով 2007 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Լոռու մարզին հատկացվել է 1 մլրդ 248 մլն 770 հազար դրամ:

Մարզի Թումանյանի տարածաշրջանի 12 համայնքներին Լոռու մարզպետարանն այդ գումարից տվել  է 255,6 մլն դրամ, որն, ըստ մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Սեւակ Հովհաննիսյանի, հատկացվել է Ալավերդի, Ախթալա, Շամլուղ, Թումանյան քաղաքներին եւ  Օձուն, Նեղոց, Կարմիր Աղեգի, Այգեհատ, Մեծ Այրում, Շամուտ , Արդվի, Ճոճկան գյուղերին:

Զավեշտական է, որ համայնքների սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի շենքերի ու այլ տարածքների առ այսօր իրականացվող խայտառակ  առք ու վաճառքին, համայնքային բյուջեներում իրականացվող կոռուպցիային տարիներ շարունակ անտարբեր ՀՀ կառավարությունը, նախագահական ընտրությունների շեմին, համայնքների  հիմնախնդիրների նկատմամբ ցուցադրական   հոգատարություն դրսեւորում է, որը, բնականաբար, բխում է նախընտրական շահագրգռություններից: Ծրագրում ներառված աշխատանքները ներկայացվել են համայնքապետերի առաջարկությամբ, թեեւ նրանք, սովորույթի համաձայն, պլանավորվող աշխատանքների առաջնահերթությունը որոշելու համար չեն խորհրդակցել համայնքների բնակիչների հետ: Այդուհանդերձ, դրանցից բնակելի շենքերի տանիքների վերանորոգումը կարելի է դասել առաջնահերթ խնդիրների շարքին: 

Ներհամայնքային ճանապարհների ծրագրով նախատեսված փոսալցումներին բնակչությունը հումորով է վերաբերվում` դրանք համարելով փող լվանալու լավագույն միջոց: Համայնքներում նախատեսված աշխատանքների համար որպես պատվիրատու հանդես են գալիս ոչ թե ծրագրի մեջ ընդգրկված համայնքապետարանները, այլ մարզպետարանը, որն էլ կատարված աշխատանքների դիմաց փոխանցում է գումարը: Եթե մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների վերանորոգման դեպքում դա հասկանալի է, ապա համայնքային ենթակայության ճանապարհների ու շենքերի տանիքներին հատկացված գումարները, որի տնօրինողը մարզպետարանն է, համայնքապետերի անթաքույց դժգոհությունն է առաջացրել, համայնքներում ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել: Թե որքան գումար է հատկացրել մարզպետարանը ծրագրի շրջանակներում իր ղեկավարած համայնքին, Թումանյան քաղաքի քաղաքապետ Լյովա Զավարյանը դժկամորեն ասաց. «Ես չգիտեմ, այդ գումարի տերը ես չեմ, տեղյակ չեմ»: Հետո ավելացրեց` 52 մլն դրամ: 

Նրանից մի կերպ կարողացանք նաեւ կորզել, որ նշված գումարը հատկացված է Թումանյան քաղաքի 1,5 կմ ճանապարհահատվածի վերանորոգմանը, որն իրականացնելու է Ալավերդիում գրանցված «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Քաղաքապետի տվյալներով` 30 մլն դրամ է հատկացվել Թումանյան քաղաքի շենքերից մեկի կապիտալ վերանորոգման համար, որն իրականացնելու է «Վալա» շինարարական կազմակերպությունը: Թե դա ինչ կազմակերպություն է եւ որտեղ է գրանցված, քաղաքապետը տեղյակ չէ: 

«Ինչո՞ւ է ներհամայնքային ճանապարհների եւ շենքերի վերանորոգման գումարները տնօրինում մարզպետը եւ ոչ համայնքապետերը» հարցին ի պատասխան` Լ. Զավարյանն ասաց. «Կարո՞ղ է ես կառավարության անդամ եմ, տենդերն իրենք արել են, մարդիկ էլ գործ են անում»: 

Ծրագրով իր ղեկավարած համայնքին հատկացված գումարից եւ նախատեսված աշխատանքներից անտեղյակ էր Մեծ Այրում գյուղի համայնքապետ  Պապիկ Առուշանյանը: «Չգիտեմ, տեղյակ չեմ, վերջերս 1,4 մլն դրամ են տվել, որը փոխանցել եմ գազի համար, կարող է դա լինի, չէ, չգիտեմ, տեղյակ չեմ»,- ասաց նա: 
Ակնհայտ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանը քաջատեղյակ է «աչքից սուրմա թռցնող» համայնքապետերի` փողերը ծախսելու գործելակերպին եւ իր համար վճռական այս պահին չի վստահում ու շրջանցում է նրանց: Այս հարցի կապակցությամբ «Լոռու մարզ» թերթին տված իր պարզաբանումներում (տես` «Լոռու մարզ» թերթ 27.10. 07թ. թիվ 84(10168)) մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Վալերի Անտոնյանը հայտնում է, որ ծրագրով նախատեսված աշխատանքներն արդեն սկսվել են, հոկտեմբերի 5-ին ավարտվել է մրցույթների անցկացումը, ընտրված են շինարարական այն կազմակերպությունները, որոնք պետք է կատարեն նախատեսված աշխատանքները:
Այդուհանդերձ, քաղաքաշինության վարչության պետի լավատեսությունը նախատեսված աշխատանքների մեկնարկի մասին, պարզվում է, այնքան էլ հիմնավոր չեն: Օրինակ` Ճոճկան գյուղի համայնքապետ Վարուժան Թամազյանն այս կապակցությամբ ասաց. «Ես մարզպետի հետ խոսել եմ Նոյեմբերյանի հատվածից, Արճիս գյուղի տակից  Ճոճկան եկող երկաստիճան ջրհան կայանի վերանորոգման մասին, որի սարքավորումները հինգ տարի առաջ գողացել են` գյուղի 300 հա վարելահողերը զրկելով ոռոգումից: Մարզպետն ինձ ասել է, որ ջրհան կայանի ղեկավարությանը ուղարկեմ իր մոտ: Նրանք պետք է մասնագիտական ակտ կազմեին, որպեսզի այն մտցվեր ծրագրի մեջ: Ուղարկել եմ, սակայն առայժմ ոչինչ չի կատարվել»: 

Ախթալայի քաղաքապետ Սուրեն Թամազյանն ակնհայտ դժկամությամբ ասաց, որ ինքը մարզպետարանին Ախթալա քաղաքի 50 շենքերի տանիքների վերանորոգման առաջարկություն է ներկայացրել, սակայն նախատեսել են 6-ը, «իսկ կամուրջը նախապես եմ դիմել, հիմա են մտցրել»: Թե նրա կողմից նախապես ներկայացված կամուրջի վերակառուցումը, առանց իրեն տեղեկացնելու, ում հիշեցմամբ ու նախաձեռնությամբ է մտցվել ծրագրի մեջ, քաղաքապետը չասաց: Ս. Թամազյանը նաեւ տեղեկացրեց, որ Ախթալայի ներհամայնքային ճանապարհների վերանորոգման համար հատկացվել է 30 մլն դրամ, 6 շենքերի տանիքների վերանորոգման համար` 24 մլն դրամ, Բարիտ թաղամասի Օրջոնիկիձեի 1 շենքի բակի հարեւանությամբ գտնվող շուրջ 12մ երկարությամբ եւ 7մ լայնությամբ կամրջի վերակառուցման համար` 28մլն դրամ: Կամրջի վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 86 հազար դոլար: Օրջոնիկիձեի 1 շենքի բնակիչները հայտնեցին, որ կամրջի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա սեպտեմբերի 15-ից, սակայն երկու ամիս է չեն ավարտվում: 

«Հիմա էլ սպասում ենք բալկեքին»,- ասացին բնակիչները: Կամրջի տակ հեղեղատարի կենտրոնում ընկած էր 8 խմ երկաթբետոնե հին կամրջի հսկա հենասյունը. ըստ բնակիչների` շինարարները հրաժարվում են հանել հեղեղատարից` պատճառաբանելով, թե շատ դիզվառելիք կծախսվի: Մինչդեռ բնակիչներն անհանգստանում էին, որ հենասյունը գարնան հեղեղումների ժամանակ կպատնեշի հեղեղների անարգել հոսքը, որի հետեւանքով կհեղեղվեն շենքերի բակերն ու ճանապարհները: Կամրջի շինարարությունն իրականացնող «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի նախագահ Սանասար Տիտանյանը հայտնեց, որ երկաթբետոնե զանգվածի հեղեղատարից հանումը շինարարական աշխատանքներում չի նախատեված, այդ պատճառով էլ շինարարներն այն ընդամենը փոքրացրել են: Նա նաեւ ասաց, որ ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի անմիջական հսկողության տակ, որեւէ համայնքապետ գործին չի մասնակցում, ու չնայած կատարվող փոսալցումների նկատմամբ բնակչության անվստահությանը` դրանք կատարվելու են մաքուր ծախսումներով: Ս. Տիտանյանը տեղեկացրեց, որ չնայած փոսալցումների հսկայածավալ քանակին` նրանք նոյեմբերի 5-ին ավարտելու են Թումանյան քաղաքի ճանապարհների փոսալցումների աշխատանքները, երկու օրից կավարտվեն Ալավերդու Սարահարթ թաղամասի Մետալուրգների եւ քաղաքի Փիրուզյան փողոցների վերանորոգման աշխատանքները եւ կսկսվեն Ախթալա քաղաքի փողոցների լայնածավալ աշխատանքները: Ալավերդու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Գագիկ Սոխակյանն էլ հայտնեց, որ Ալավերդու քաղաքապետարանին հատկացվել է 90 մլն դրամ, որից  61 մլն դրամն ուղղվել է քաղաքի 10 բարձրահարկ շենքերի հարթ տանիքների վերանորոգմանը, 19 մլն դրամը` ներքաղաքային ճանապարհների փոսալցումներին: «Աշխատանքները նորմալ են ընթանում»,- հայտնեց նա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter