HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառահատման զոհերը

Նոյեմբերի 11-ին Lոռու մարզի «Լալվար» անտառտնտեսության Շնող գյուղի տեղամասի անտառներից փայտով բերնեբերան բարձված «ԶԻԼ 131» մակնիշի բեռնատարը գյուղ վերադառնալիս ձորն է ընկել:

Վթարից տեղում մահացել են շնողցի երկու անտառահատներ` 20-ամյա Դավիթ Խառատյանը եւ 66-ամյա Սուրեն Նորեկյանը, իսկ Վահան Հոբոսյանը եւ Կորյուն Սարգսյանը մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել: 

Դավիթ Խառատյանի 20-ամյակը լրանալու էր նոյեմբերի 20-ին: «Հավանած աղջիկ ուներ, դեկտեմբերին նշանելու էինք»,- պատմեց որդեկորույս մայրը: Շնողում պատմեցին, որ գյուղում վերջին երեք տարիներին անտառում եւ անտառի ճանապարհին տեղի ունեցած վթարներից 5 շնողցի է մահացել, երեքն էլ դարձել են հաշմանդամ: 

Վթարի առնչությամբ «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանն ասաց. «Անտառահատներին դոկումենտը տվել եմ ես, սակայն չեմ կարող ասել, թե «Լալվար» անտառտնտեսության ո՞ր տարածքից է փայտը բերվել, դա անտառապահը կարող է ասել»: Թե ինչո՞վ են պայմանավորված Շնողում անտառի ճանապարհներին այդքան վթարները, Կամո Շահնազարյանը պատասխանեց. «Ինչի՞ հետ պետք է կապեմ, մարդիկ ուզում են փող աշխատել»: Տնօրենն ասաց նաեւ, որ վթարներից խուսափելու եւ բնակչության փայտի պահանջարկը բավարարելու համար իրենք չեն կարող իրենց անտառտնտեսության տարածքի բնակավայրերում թափուկ փայտի վաճառք կազմակերպել. «Մենք չենք կարողանում ձեւակերպում տալ, դա «Հայանտառի» իրավունքների մեջ է մտնում»: 

Թե անտառտնտեսության ո՞ր տարածքից էին վթարի ենթարկված անտառահատները փայտը բերում, անտեղյակ էր նաեւ Շնողի անտառների անտառապետ Ֆելիքս Բեկթաշյանը: 

«Վահան Հոբոսյանն եկել էր ինձ մոտ փաստաթուղթ էր ուզում անտառից փայտ բերելու համար, ես նրան ասացի, որ փաստաթուղթն արդեն տալու է Կամո Շահնազարյանը, գնաց ու էդպես մի շաբաթ, 10 օր չերեւաց, հետո ես սրտի օպերացիա եմ ունեցել, եկա իմացա, որ Նոյեմբերյանի տարածքում ավտոն շուռ է եկել, մարդ է մահացել: Գնացի, տեսա իմ տարածքին մարդիկ ձեռք չեն տվել, էլ ես ոչ մի բանից տեղեկություն չունեմ»,- ասում է անտառապետը: 

«Վթարի ենթարկված փայտահատները փայտը բերելիս են եղել Թեղուտից»,- ասաց ՀՀ բնապահպանության տեսչության Լոռու բաժանմունքի պետ Լեւոն Քառյանը: Արդյոք այս պատճառո՞վ չեն անտեղյակի կեցվածք ընդունում «Լալվար» անտառտնտեսության տնօրենն ու անտառապետը: Չի բացառվում, որ արդեն սկսվել է հենց Թեղուտի` «Վալլեքս գրուպ»-ին պատկանող եւ վերջերս շահագործման իրավունք ստացած պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարի տարածքն ընդգրկող անտառների ապօրինի հատման մեկնարկը: 

Գյուղում ոմանք վթարի պատճառները բացատրում էին վարորդի անփութությամբ եւ ավտոմեքենայի անսարքությամբ: Ակնհայտ էր, որ փայտահատներն առաջին անգամ չէին անտառից փայտ բերում եւ, ինչպես «Լալվար» անտառտնտեսության տնօրենն ասաց, այս անգամ էլ փող աշխատելու համար էին անտառ գնացել: Այս կապակցությամբ որդուն կորցրած Սմբատ Խառատյանն ասաց. «Իմ իմանալով` Ախետի սարում է եղել վթարը: Երբ Դավիթը պարապ էր լինում, նրանց` Վահանենց հետ անտառում գործ էր անում, մեկ-մեկ էլ փող տված կլինեն: Գործ չկա, երեխեք են, կոպեկի համար անտառ են գնացել»: Իսկ «կոպեկ աշխատելն» առանց «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանի ու անտառապետերի չի լինում: Ահա թե ինչու, որքան էլ կորուստը ծանր էր, վթարից տուժածներն ու նրանց հարազատները ակնհայտորեն փորձում էին կոծկել վթարի հանգամանքները: 

«Վթարը տեղի է ունեցել կիրակի օրը, իրիկնամուտին, փայտը բերում էինք Գոգդախ սարից, Նոյեմբերյանի տարածքից է, Թեղուտից էլ հեռու, ընկած փայտ էր, դոկումենտ էլ ունեինք: Որեւէ տեղ չեմ աշխատում, ես պրոստո գնացել եմ օգնելու, ինչքան գիտեմ` դոկումենտ էլ ունեցել են, ես անտառի աշխատո՞ղ եմ, որ ասեմ` հլա տուր դոկումենտդ տենամ»,- կարծես ինքն իր հետ խոսում ու իրեն տանջող հարցերին պատասխանում էր վթարից աչքերն արյունով լցված ու վախեցած, ձեռքը գիպսի մեջ դրած Կորյուն Սարգսյանը: Նրա կողքին` բարուրի մեջ, դրված էր մի քանի ամսական աղջնակը, որին օրհնում էր մայրը, թե` աստված նրա բախտից է ամուսնուն փրկել մահից: 

Ի տարբերություն Կորյունի, հանգուցյալ Սուրեն Նորեկյանի եղբայրն ասաց. «Դեպի Թեղուտ ճանապարհին է եղել վթարը»: 

«Վթարի հետ կապված հանգամանքները նախաքննության փուլում են, դեռեւս քրեական գործ չի հարուցվել, մեր տեղեկություններով` վթարը տեղի է ունեցել Գոգդախ սարում, սակայն ասելով չէ, տեղազննությունը կպարզի»,- ասաց Թումանյանի քննչական բաժանմունքի պետ Ռուդոլֆ Ստեփանյանը: 

Շնողցիներից շատերը բացատրում էին, որ ինչպես վթարը, այնպես էլ անտառահատումները պատճառ են իրենց վատ ապրելակերպի: 

«Յուրաքանչյուր ծնող պարտավոր է իր երեխային պահել, բայց դրա հնարավորությունը չունի, ու՞ր գնանք, անցյալ տարի էլ վթարի հետեւանքով անտառում մեկի ոտքն էր կտրվել»,- ասաց Սիրուշ Նորեկյանը: 

Գառնիկ Բերոյանը գյուղացիների ծանր կյանքի մասին ասաց. «Գյուղացին զոռի-զոռի է ապրում, հողը բեզարել ա, արդեն բերք չի տալիս, մարդիկ սաղ օրը պարապ վերընկած են, պարարտանյութ չկա, կարում չեն առնեն: Ջահելներն էլ ջուրը գնում են Վարդանի ախպրիցը բերում` էն, որ պավարոտ ենք անում դեսը, ջուր չկա, խոզերը ցավ են ընկել, սատկում են: Ես 74 տարեկան մարդ եմ, վեդրոն վեր եմ ունում, գնում եմ, է~, որդիան ջուր բերում, որ ջուր խմեմ»: 

Շնողը գազաֆիկացված է, սակայն գյուղացիները տները տաքացնում են փայտով: «Գազը եթե ես մեկ ամիս վառեմ, 15 հազար գնում է, ես էլ ստանում եմ 16 հազար դրամ թոշակ, ի՞նչ անեմ, սոված նստե՞մ»,- հարցնում է Գառնիկ Բերոյանը: 
Գյուղապետ Հայկազ Քոչինյանն ասաց, որ Շնողի 570 տնտեսություն գազաֆիկացվել է, սակայն նրանց մոտ 70%-ն անտառից թափուկ է բերում եւ տաքացնում տունը:

Շնողում ասացին, որ անտառից «զակոննի» բերված փայտի քառակուսի մետրի գինը 6 հազար դրամ է, ոչ «զակոննի» բերածի գինը` 5 հազար դրամ: Թե ինչու՞ է շնողցին այդքան վատ ապրում եւ հանապազօրյա հացը վաստակում հաճախ նաեւ կյանքի գնով, Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանը պատասխանեց. «Էս թվին ո՞վ է լավ ապրում»: Նա ասաց, որ, իրոք, ծանր են ապրում վթարի պատճառով մահացած երիտասարդ Դավիթ Խառատյանի ընտանիքը, երեխաների չափահաս դառնալուն պես նրանք զրկվել են նպաստից, հայրը սկզբում ընտանիքը պահելու համար գնում էր արտագնա աշխատանքի, բայց հիմա չի գնում: Սակայն գյուղապետը չհիշեց, որ Խառատյանների ընտանիքը 3 հազար մետր հող ունի, որը տարիներ շարունակ չի մշակվում, քանի որ, ինչպես գյուղի կեսին, այնպես էլ նրանց ոռոգման ջուր չի հասնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter