HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ծրագրավորողը ՀԷՑ-ից պահանջում է ընդունել իր հեղինակային իրավունքները

Ամեն ինչ սկսվեց 2002-ի վերջին, երբ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն վաճառեց արտասահմանյան “Midland Resources Holding” ընկերությանը, եւ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն դարձավ Եվգենի Գլադունչիկը:

1996-ից էլցանցերի համակարգում աշխատող Հրայր Ավանեսյանը 2003-ի հունվարին ազատվեց ՀԷՑ-ի համակարգչային կենտրոնում իր աշխատանքից: Սակայն դա ծագած վեճի շարունակությունն էր միայն: Իսկ ամեն ինչ սկսվել է այսպես: 

Դեռ 1996-1997 թթ. Հ. Ավանեսյանը Գոռ Պողոսյանի եւ Գագիկ Մարգարյանի հետ աշխատել է էլեկտրաէներգիայի քանակական եւ ֆինանսական հոսքերի հաշվառման Gold ծրագրային փաթեթի վրա, որն ավարտին են հասցրել 1997-ի հունիսին: Այդ ծրագրի միջոցով հոսքերը հաշվառում է համակարգիչը եւ, փաստորեն, վերանում է մարդկային գործոնը, որը մինչ այդ բազմաթիվ մութ գործարքների հնարավորություն էր տալիս քաղաքացիներին եւ «լույսի մարդկանց»: 

Ծրագրի հեղինակներն աշխատանքի ավարտից հետո կնքել են համաձայնագիր, ըստ որի` ծրագրի հեղինակային իրավունքի 88 տոկոսը պատկանում է Հրայր Ավանեսյանին: Վերջինս այդ ժամանակ աշխատում էր  «Երեւանի էլեկտրական ցանցեր» (ԵԷՑ) ՓԲԸ-ում: Սակայն Ավանեսյանի հավաստմամբ` ծրագրի ստեղծումը տեղի է ունեցել ոչ աշխատանքային ժամերին եւ որեւէ կապ չի ունեցել իր աշխատանքի հետ: Մյուս կողմից` ծրագիրը չէր կարող թղթի վրա մնալ: Հետեւաբար, հեղինակն այն ներկայացրել է ԵԷՑ-ի գլխավոր տնօրենին` Ռոբերտ Նազարյանին, ում համաձայնությամբ էլ համակարգը սկսել է փորձարկվել ԵԷՑ-ի տարբեր մասնաճյուղերում: 1998-ին ՀՀ էներգետիկայի նախարարությունը, Gold փաթեթը երեք այլ ծրագրերի հետ ուսումնասիրելով, որոշել է ՀՀ տարածքում գործող էլցանցերում կիրառել հենց Ավանեսյանի աշխատանքը: Վերջինիս հիմնական մրցակիցը եղել է արտասահմանից ներդրված Abacus ծրագիրը: 

Gold-ը պետք է ներդրվեր երեք փուլով, իսկ հեղինակին ամեն փուլի դիմաց պետք է վճարվեր 3000 դոլար, այսինքն` ընդհանուր առմամբ 9000 դոլար: Սակայն նախարարության հետ պայմանագիր կնքելուց առաջ Ավանեսյանը հեռախոսազանգով տեղեկացվել է, որ ամեն դեպքում նախարարությունը չի կարող հրաժարվել Abacus-ից, քանի որ դրան զուգահեռ նաեւ համակարգչային տեխնիկա է բերվում Հայաստան:

Նախարարությունից Ավանեսյանին առաջարկել են այսպիսի լուծում. Abacus-ի անունը նույնպես նշված կլինի փաստաթղթերում, բայց ինքը` Ավանեսյանը, փուլ առ փուլ կներդնի իր ծրագիրը եւ «Ինտելեկտ» հիմնարկի միջոցով մաս-մաս կստանա նախատեսված 9000 դոլարը: Այսինքն` ծրագրի գնորդ պետք է նշվեր այդ հիմնարկը: Սակայն շուտով «Ինտելեկտը» փակվում է, իսկ Ավանեսյանն այդ ընթացքում ստացել էր ընդամենը մոտ 800 դոլար: 

Այնուամենայնիվ, Gold փաթեթի օգտագործման ու անհրաժեշտ տեխնիկական սպասարկման համար Ավանեսյանը «Երեւանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի եւ ՀՀ տարածքում գործող երեք այլ պետական ՓԲԸ-ների հետ (հետագայում այս չորսը միավորվել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի մեջ եւ կառավարության կողմից վաճառվել) կնքել է պայմանագրեր, որոնցով, փաստորեն, էներգետիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող այդ կազմակերպություններին թույլատրել է օգտագործել իր եւ ընկերների ստեղծած ծրագիրը: 

2002-ի նոյեմբերի 1-ին ՀԷՑ-ը դարձել է “Midland Resources Holding”-ի սեփականությունը: Գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկի ղեկավարած հիմնարկը 2002-ի դեկտեմբերի 1-ից առ այսօր առանց վճարման եւ հեղինակի համաձայնության օգտագործում է Ավանեսյանի Gold ծրագիրը: Ավելին` 2003-ի հունվարին ՓԲԸ-ի համակարգչային կենտրոնի տնօրեն Ավանեսյանը Գլադունչիկի հրամանով ազատվել է աշխատանքից: Պատճառը նրանց միջեւ ծագած վեճն է եղել: Ավանեսյանի պատմելով` Գլադունչիկն իրենց առանձնազրույցում կոպտորեն մեղադրել է իրեն` ասելով, թե իբր Ավանեսյանը խոչընդոտում է Abacus ծրագրի մուտքը համակարգ: Դրանից հետո բանավոր պայմանավորվել են, որ 6 ամսում ՀԷՑ-ը պետք է ներդնի Abacus-ը` այդ ընթացքում Ավանեսյանի համաձայնությամբ անվճար օգտագործելով Gold ծրագիրը: Հակառակ դեպքում ՀԷՑ-ը վեց ամսից կամ պետք է վարձակալեր Gold-ը, կամ գներ այն: Abacus-ի ներդնումը ձախողվել է, բայց Գլադունչիկը որեւէ պայմանագիր չի կնքել Ավանեսյանի հետ` շարունակելով փաթեթի օգտագործումը:   

2004-ի օգոստոսին Ավանեսյանը գրավոր դիմել է Եվգենի Գլադունչիկին եւ առաջարկել իր` որպես Gold ծրագրի հեղինակի հետ կնքել փաթեթի օգտագործման համար վարձակալության պայմանագիր, այլապես դադարեցնել դրա օգտագործումը:

Գլադունչիկն իր պատասխանում չի ճանաչել Ավանեսյանի հեղինակային իրավունքները: 2007-ին Ավանեսյանը դիմել է դատարան` խնդրելով ճանաչել Gold ծրագրի նկատմամբ իր 88 տոկոս հեղինակային իրավունքը եւ ՓԲԸ-ին պարտավորեցնել դադարեցնել ծրագրի անօրինական օգտագործումը եւ աղավաղումը: 

Նա իր հայցը հիմնավորել է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ նախկին` 1996 թ. օրենքով, քանի որ Gold ծրագրի նկատմամբ իր հեղինակային իրավունքը ծագել է 1997-ին, երբ գործում էր վերոնշյալ օրենքը: Ըստ դրա` «հեղինակային իրավունքն առաջանում է երկի ստեղծման փաստով եւ կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, երկի գրանցումից եւ այլ ձեւականության պահպանումից»: Նույն օրենքով` «երկի առաջին լույսընծայման ժամանակ որպես հեղինակ նշված անձը ճանաչվում է տվյալ երկի հեղինակ, եթե դատական կարգով այլ բան ապացուցված չէ»: 1997-ին ստեղծված ծրագրի հեղինակային իրավունքների վերաբերյալ հայցով ո°չ ՀՀ էներգետիկայի նախարարությունը, ո°չ էլ Գլադունչիկի ղեկավարած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն երբեւէ չեն մտել դատարան:

Ավանեսյանն իր հայցադիմումում նշել է կարեւոր մի կետ, որն ապացուցում է նրա հեղինակային իրավունքը. «Gold ծրագրի հեղինակների տվյալների եւ նրանց կողմից տրված օգտագործման թույլտվության մասին նշում կա ծրագրում, որը կարելի է տեսնել համակարգչի էկրանին»: Սրան հավելենք այն, որ 2004-ի հուլիսին Հրայր Ավանեսյանը, Գոռ Պողոսյանը եւ Գագիկ Մարգարյանն իրենց աշխատանքը ի պահ են հանձնել «Հայհեղինակ» հ/կ-ին, եւ դրա դեմ ոչ ոք դատական կարգով կամ այլ կերպ չի բողոքել: 

Իսկ ահա պատասխանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դատարանում հայտարարել է, թե Ավանեսյանը, ժամանակին աշխատելով ԵԷՑ-ում, հետո էլ` ՀԷՑ-ում, կատարել է իր ծառայողական պարտականությունները. Gold ծրագիրը պատրաստվել է գործատուի հանձնարարությամբ, եւ այդ դեպքում ՀՀ Քաղ.օր.-ով` «գործատուն համարվում է հեղինակային բացառիկ իրավունքի իրավատեր»: ՀԷՑ-ը նշել է, որ Ավանեսյանը ծրագրի հեղինակային իրավունքի օգտագործման մասին երբեւէ պայմանագիր չի կնքել, ինչը օրենքի պահանջով պիտի գրավոր արվեր: Հետեւաբար, նա ծառայողական հանձնարարություն է կատարել: 

2007-ի սեպտեմբերի 5-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատ.` Էդ. Ավետիսյան) Ավանեսյանի հայցը մերժել է: Վճիռը բառացիորեն հիմնված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի առարկությունների վրա, որոնք հատվածաբար արտագրվել են: Դատարանը եզրակացությունում ոչ մի բառ չի նշել «Հայհեղինակ» հ/կ-ում աշխատանքը ի պահ հանձնելու վերաբերյալ կատարված գրանցման, ծրագրի հեղինակների եւ օգտագործման թույլտվության նշման մասին, որ երեւում է համակարգիչների էկրաններին: Ու չնայած դատարանն ապացուցված է համարել, որ օգտագործման պայմանագիր Ավանեսյանը գրավոր երբեւէ չի կնքել, բայց այդպես էլ ծառայողական հանձնարարության մասին որեւէ բանավոր կամ գրավոր ապացույց չի ստացել պատասխանողի կողմից: Չգիտես ինչու` դատարանին զարմացրել է այն, որ Ավանեսյանը միայն 2004-ին է առաջարկել իր հեղինակային իրավունքի օբյեկտի` ծրագրի օգտագործման մասին պայմանագիր կնքել, որը Եվ. Գլադունչիկը մերժել է: Իր վերաքննիչ բողոքում Ավանեսյանը պատասխանել է այդ զարմանքին` նշելով, որ դա եղել է Abacus ծրագրի ներդրված չլինելը քողարկելու ցանկությունը որոշ պաշտոնյաների կողմից: 

Սակայն հոկտեմբերի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանն (նախ. դատ.` Դ. Խաչատրյան) իր հերթին հատվածաբար կրկնել է առաջին ատյանի դատարանի վճիռը` մերժելով հայցը:

Հրայր Ավանեսյանը մեկ ուրիշ հայց էլ է ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ: Վերջինս հրաժարվել է վճարել մոտ 590.000 դրամ աշխատավարձի պարտքը գործից ազատված իր աշխատողին (հակառակ վերջինիս բանավոր դիմումների): Ավանեսյանը դատարանին խնդրել է ՓԲԸ-ին պարտավորեցնել վճարել պարտքը եւ Կենտրոնական բանկի դրույքներով հաշվարկված մոտ 425.000 դրամի տոկոսը, որն առաջացել է ՀՀ Քաղ.օր.-ի համաձայն` «ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքում»: ՓԲԸ-ն դատարանում հայտարարել է, թե իրենք ապօրինի պահումներ չեն արել, պարզապես աշխատավարձերը տալիս են առձեռն կամ փոխանցումով, սակայն հայցվորն իրենց երբեւէ այդ հարցով չի դիմել, ուրեմն տոկոսների մասին խոսք գնալ չի կարող, իսկ աշխատավարձը Ավանեսյանը կարող է ստանալ ընկերությունում: Դատավոր Էդ. Ավետիսյանն աշխատավարձի մասով հայցը բավարարել է, տոկոսների մասով` մերժել: Սակայն իրականում, ինչպես նշել է Հրայր Ավանեսյանն իր վերաքննիչ բողոքում, 2003-ի հունվարին` ազատման պահին, ՓԲԸ-ի պարտքն իր նկատմամբ կազմել է մոտ 1.2 մլն, որից ինքը հետագայում ստացել է միայն մոտ 650.000-ը: Գումարն ինքը ստացել է հենց ընկերությունում: Դրա եւ մնացած 590.000 դրամ պարտքի մասին հաշվապահության կողմից տրվել են համապատասխան փաստաթղթեր: Այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ ինքն ազատվելուց հետո իբր ընկերությանը չի դիմել նման հարցով. պարզապես ՓԲԸ-ն ապօրինաբար հրաժարվել է վճարել մնացած գումարը, ինչին էլ ավելացել են տոկոսները:       

Իր իրավունքները պաշտպանելու համար Հրայր Ավանեսյանը պատրաստվում է դիմել բոլոր հնարավոր ատյաններին` ընդուպ մինչեւ Եվրոպական դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter