HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Լուսինե Սահակյան. «Ոլորտները պետք է լուսաբանեն մասնագետ-լրագրողները»

«Նախաքննությունն ու դատական գործընթացը պետք է լուսաբանեն լրագրողներ, ովքեր քիչ թե շատ ունեն իրավաբանական գիտելիքներ,- ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը,- բազմաթիվ դատավարություններ լուսաբանվում են ոչ ճիշտ եւ կողմնակալ, շատ հաճախ նյութերում դատավճռի նման հնչում է լրագրողի տեսակետը: Սրանք այն սխալներն են, որ կարող են հետագայում ճակատագրական դառնալ տվյալ քրեական գործով անցնող անձի համար»:

Ըստ փաստաբանի, լրագրողները բաժանվում են երկու խմբի: Մի խմբում այն լրագրողներն են, ովքեր շատ լավ հասկանում են իրավունքը եւ օրենքը: Նրանց կողմից կազմված նյութերով չի խախտվում անմեղության կանխավարկածը եւ առավել եւս՝ սխալ լրատվություն չի տարածվում: Լրագրողը կարողանում է, ասենք, տարբերել «բերման ենթարկել» եւ «հրավիրել» արտահայտությունները, ծանոթ է Քրեական դատավարության օրենսգրքին եւ կարողանում է հստակ տեսնել, թե ինչպիսի խախտումներ են անում դատավարության ընթացքում դատավորը, մեղադրողը եւ փաստաբանը:

«Բացի դրանից, լրագրողը քաջատեղյակ է անձի իրավունքից եւ գիտի, թե ինչն իրավունք ունի նշելու, եւ ինչն իրավունք ունի չնշելու, ինչպիսի տերմիններ պետք է օգտագործի, որոնք՝ ոչ: Օրինակ, իրավունք չունի լրագրողն անձին հանցագործ անվանել կամ արդեն իսկ նկարագրել մի երեւույթ, որը դեռեւս դատական ակտով հաստատված չէ»,- նկատում է Լուսինե Սահակյանը:

Մյուս խմբում, ըստ փաստաբանի, լրատվամիջոցներում աշխատող այն լրագրողներն են, որոնք լուսաբանում են ամեն ինչ եւ առանց խտրականության. հայտնվում են այն բոլոր վայրերում, որտեղ նրանց ուղարկում է խմբագիրը:

«Եվ այդ լուսաբանումների արդյունքում հասարակության մոտ թյուր կարծիք է ստեղծվում: Շատ դեպքերում, երբ անձն ակնհայտ անմեղ է, այդպիսի կողմնակալ եւ սխալ լրատվության արդյունքում հասարակության մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նա մեղավոր է, եւ այլեւս հետագայում անհնար է լինում այդ կարծիքը փոխել,- ասում է Լուսինե Սահակյանը,- իսկ այն լրագրողները, ովքեր ունեն տարիների փորձ դատական նիստեր լուսաբանելու, շատ զգուշավոր են իրենց բնորոշումներում: Ցավոք, պետք է նկատեմ, որ գնալով այս տարիներին պակասում է այն լրագրողների թիվը, ովքեր իրականում կարողանում են լուսաբանել դատավարություններն ու նախաքննությունը»:

Նախկինում, երբ այսքան շատ չէին դատական գործընթացների լուսաբանումները, փաստաբանները հնարավորություն ունեին հետեւել լրահոսին եւ հերքել այն հրապարակումները, որոնք սխալ տեղեկություններ էին հաղորում: Վերջին տարիներին դա անհնար է դարձել, թեկուզ միայն այն պատճառով, որ մեծաթիվ կայքերում տպվող լուրերի արտատպումն արդեն իսկ հասանելի է դառնում ընթերցողների հսկայական բանակի: Եթե լրատվությունը սխալ է, ապա հերքում այս դեպքում հնարավոր է պահանջել միայն սկզբնաղբյուրից: Արտատպած կայքերում այդ լրատվությունը շարունակում է մնալ անփոփոխ: Սխալ հրապարակումները կարող են վնասել գործին, խանգարել փաստաբանների աշխատանքին՝ կրկնակի դժվարացնելով այն:

«Վերցնենք թեկուզ հենց այս քրեական գործը՝ Կարեն Եսայանի սպանության, որի համար մեղադրյալի աթոռին է հայտնվել Հարություն Սարգսյանը: Մեղադրվողի հետ կապված հենց սկզբում լրատվամիջոցները տարածեցին, թե իրեն մեղավոր է ճանաչել, տարել ցույց է տվել զենքի տեղը, որ նրան Բավրայի անցակետից են բերման ենթարկել: Այս բոլորը ճիշտ չէր, բայց հրապարակվեց ու տարածվեց լրատվամիջոցներով,- ասում է Լուսինե Սահակյանը,- այնինչ Հարություն Սարգսյանը երբեք իրեն մեղավոր չի ճանաչել, այդ զենքն այս քրեական գործի հետ առնչություն չուներ, հատկապես, երբ հետագայում ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածը հանվեց Հարությունի վրայից, նա տնից է գնացել ոստիկանություն հոր ուղեկցությամբ եւ այլն»:

Փաստաբանի կարծիքով, մյուս կողմից՝ դատավարություն մեկնաբանելն այնքան էլ դյուրին գործ չէ: Դրա համար գոյություն ունեն մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Որոշ լրատվամիջոցներ ունեն կախվածություն տարբեր անձանցից եւ կազմակերպություններից, ուստի լրատվությունն էլ, ըստ այդմ՝ լինում է ոչ օբյեկտիվ: Բացի դրանից՝ դահլիճները, որոնցում ընթանում են դատավարությունները, խնդիրներ են առաջացնում լրագրողների համար, ովքեր սովորաբար սղագրում են (մեծ սրահներում ձայնն արձագանքում է, վկաները ցածր են խոսում եւ այլն):

«Ժամանակին լրագրողները փորձում էին մինչեւ դատավարական ընթացքին հետեւելը ծանոթանալ գործի նյութերին, ընդհանուր պատկերացում ունենալ, երբ վկան հարցաքննվում է՝ կարողանան պատկերացում կազմել, թե ինչի մասին է խոսքը: Հիմա դա անհնար է,- ափսոսանք է հայտնում Լուսինե Սահակյանը,- մյուս կողմից էլ լրագրողն իրավունք չունի իր կարծիքն արտահայտել նյութում եւ գնահատականներ տալ, որովհետեւ դատական գործընթացի ավարտին գնահատական տալիս է դատավորը: Լրագրողը դատավոր չէ: Նրա գործառույթն այս դեպքում սահմանափակվում է անաչառ եւ անկողմնակալ լրատվություն ապահովելով: Բայց կան լրագրողներ, ովքեր փոխանակ գրեն, թե վկան ինչ ցուցմունք տվեց, իրենք արդեն բնորոշումներ են տալիս՝ վկան ճի՞շտ էր, թե՞ սխալ: Սկսում են վերլուծել մի բան, որից իրենք անգամ գաղափար չունեն»:

Փաստաբանի համոզմամբ՝ ոլոտները պետք է լուսաբանեն մասնագետ-լրագրողները: Պետք է գործի լուրջ լրագրողական դպրոց: Նրանք, ովքեր լուսաբանում են տնտեսություն կամ սոցիալական ոլորտը, չպետք է հայտնվեն դատաիրավական ոլորտում, որովհետեւ սպանության կամ թրաֆիքինգի պատմություն ներկայացնելը խիստ տարբերվում է գյուղատնտեսական խնդիրներից:

«Մարդկային ճակատագրի հետ կապված խնդիր է լուծվում եւ շատ կարեւոր է, թե հասարակությունն ինչպես է ընկալում իրեն մատուցվածը,- զրույցն ամփոփում է Լուսինե Սահակյանը,- ցավոք, հասարակության ընկալումից ելնելով է երբեմն ղեկավարվում դատարանն իր դատական ակտը կայացնելուց, եւ ոչ թե այն ապացույցներով, որ կան: Շատ դեպքերում դատարանը չի կարողանում անկախ լինել, երբ բոլոր լրատվամիջոցները գրում են, որ այդ անձը մեղավոր է: Շատ հաճախ դատարանը չի կարողանում արդարացնել այդ անձին, որովհետեւ կա արդեն հասարակական կարծիք, ճնշում իր նկատմամբ: Ցավոք, պետք է ասեմ, որ մի կողմից դատարանները պատրաստ չեն օրենքով ղեկավարվել, մյուս կողմից էլ հասարակական ճնշումն է ազդում նրանց վրա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter