HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրդուհիները բողոքում են Թուրքիայի քաղաքականության դեմ

«Դատապարտում ենք քուրդ ժողովրդի նկատմամբ բանեցվող ստոր քաղաքականությունները»
«Օջալանի ազատությունը մեր ազատությունն է»
«Կեցցե° հայ եւ քուրդ ժողովուրդների բարեկամությունը»
«Առաջնորդ Ապոյով ապրենք եւ արարենք»:

Այսպիսի կարգախոսներով պաստառներով զինված մի քանի հարյուր քուրդ Հայաստանի տարբեր շրջաններից նոյեմբերի 15-ին շարժվեցին Ս. Շահումյանի անվան հրապարակից մինչեւ ՄԱԿ-ի գրասենյակ։ Քայլերթի կազմակերպիչը «Քուրդ կանանց ազատ միությունն» էր, որը զբաղվում է Օջալանի ազատազրկման հետ կապված եւ քրդերի ազգային գիտակցության արթնացման հարցերով։ Երթին մասնակցում էին նաեւ թվով անհամեմատ ավելի քիչ տղամարդիկ եւ բազում երեխաներ։ 

Քայլերթի մասնակիցներն անցորդներին բաժանում էին թերթիկներ, որոնք պարզաբանում էին երթի պատճառները.

«Արդեն իններորդ տարին է, ինչ մեր համազգային Առաջնորդ եւ քաղաքական կամքի արտահայտիչ Աբդուլա Օջալանը գտնվում է Իմրալիի կալանավայրում: Թուրքական իշխանությունները բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով հարձակումներ են գործում մեր ժողովրդի վրա։ Մեր Առաջնորդին ենթարկելով մեկուսացման` պահում են դժվարին պայմաններում: Անգամ ամենածանր հանցագործություն իրականացրած հանցագործի նկատմամբ չեն դրսեւորվում այն մոտեցումները, որոնք իրականացվում են մեր Առաջնորդի նկատմամբ...

Արգելելով իր փաստաբանների եւ ընտանիքի անդամների հետ տեսակցությունները` իրականացնում են մեկուսացում մեկուսացման մեջ... 

Ոչ մի կերպ չի կարելի արդարացնել թուրքական իշխանությունների ստոր քաղաքականությունը: Ոտնահարվում են մարդու իրավունքները: Քուրդ ժողովրդի նկատմամբ վարվում է բնաջնջման եւ ոչնչացման քաղաքականություն...

Մեր քայլերթի հիմնական նպատակը մեր Առաջնորդի առողջական վիճակի վատթարացման եւ թուրքական իշխանությունների ստոր քաղաքականության խստորեն դատապարտումն է: Այն /քայլերթը/ նաեւ իրաքյան տարածաշրջաններ /Թուրքիայի/ մուտք գործելու մտայնության դեմ մեր բողոքի արտահայտման միջոցն է...»:

«Beji Apo, beji PKK» («Կեցցե° Ապոն, կեցցե° ՔԲԿ /Քրդական բանվորական կուսակցություն/»), «Մահ Թուրքերին, ազատություն Օջալանին», «Թուրքիա տեռորիստ» կոչերով քայլերթի մասնակիցները շարժվեցին դեպի Միացյալ ազգերի կազմակերպության գրասենյակ՝ հանձնելու գրասենյակի հայաստանյան ղեկավարին ուղղված նամակը, որում, մասնավորապես, ասվում էր.
«Նույնիսկ երբ Թուրքիան փորձում է ընդգրկվել Եվրամիության կազմում, վարում է երկկողմանի քաղաքականություն: Մի կողմից փորձում է աշխարհին ներկայանալ որպես ժողովրդավարական երկիր` գործադրելով ողջ քարոզչական մեքենան, մյուս կողմից` իր երկրի ներսում կապանքների մեջ է պահում ժողովուրդներին, հատկապես քուրդ ժողովրդին: Զինված միջամտումներով խոչընդոտում է Իրաքի Քուրդիստանի կայացմանը` նպատակ ունենալով տիրանալ վերջինիս նավթային պաշարներին: Թուրքիայի աչքի փուշը Քրդական բանվորական կուսակցությունն է, որն իր առաջնորդ Աբդուլա Օջալանի գլխավորությամբ արտահայտում է քուրդ ժողովրդի քաղաքական կամքը: Սեփական բնօրրանից արտաքսված եւ Հայաստանում ապաստան գտած քրդերս թուրքական իշխանության զոհերն ենք եւ թույլ չենք տա, որ մեր հայրենիքը զավթած Թուրքիան բնաջնջի մեր հայրենակիցներին ու ցեղասպանության միջոցով լուծի քրդական հարցը Մերձավոր Արեւելքում: 
Մի՞թե ՄԱԿ-ին չի մտահոգում ռազմատենչ Թուրքիայի այս պահվածքը»:

ՄԱԿ-ի գրասենյակի դեմ հավաքվելուց քիչ անց այնտեղից դուրս եկան երկու աշխատակիցներ, քրդերի նախորդ նմանատիպ քայլերթերից արդեն ծանոթ սցենարով ուշադիր լսեցին ցուցարարներին ու ներս հրավիրեցին երեք կնոջից բաղկացած պատվիրակությանը։ Ինչպես պատմում է պատվիրակության անդամներից մեկը` Կանանց միության անդամ Թամարա Հասանովան, իրենց շատ լավ ընդունեցին ադմինիստրացիայի աշխատակիցները եւ խոստացան նամակը տեղ հասցնել։ Վերջում էլ ՄԱԿ-ի ներկայացուցիչները պատվիրակության անդամներից հետաքրքրվել են, թե Հայաստանում քրդերն ինչպես են զգում:

Սակայն եւ՛ Թամարա Հասանովան, եւ՛ հավաքվածների մեծամասնությունը թերահավատորեն են վերաբերվում ընդունելության արդյունքին։ 

«Նախկինում էլ էին մեզ լավ ընդունում, նամակը վերցնում էին ու խոստանում, որ կպատասխանեն։ Սակայն պատասխանն այդպես էլ երբեք չէր հետեւում»,- ասում է Թամարա Հասանովան։ 

«Մեր առաջնորդի առողջությունը շատ վատ վիճակում է,- բողոքում է նա։ - Նրան պահում են խոնավության մեջ, ուտելիք չեն տալիս, ոչ միայն հարազատներին ու փաստաբաններին, այլեւ բժիշկներին թույլ չեն տալիս այցելել նրան։ Հիմա էլ Թուրքիան հարձակվում է ՔԲԿ-ի վրա, որն ընդամենը պայքարում է մեր ազգի ազատության համար։ Բայց Թուրքիան ասում է՝ ՔԲԿ-ն ահաբեկիչներ են, ու ամբողջ աշխարհը պարում է էդ ծափի տակ»։

Տիկին Թամարան ասում է, որ քուրդ կանանց ներկայիս քաղաքականորեն ակտիվ ապրելակերպն ու հոգեբանությունը ձեւավորվել է առաջնորդ Օջալանի գաղափարախոսության ազդեցության տակ եւ ՄԱԿ-ին ուղղված նամակում տեղ գտած «Մենք` քուրդ կանայքս, պատրաստ ենք զենք վերցնել եւ դիմակայել թշնամական Թուրքիայի ահաբեկչությանը` պաշտպանելով մեր հայրենիքը` Քրդստանը» արտահայտությունը ամենեւին էլ լոկ խոսքեր չեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter