HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Մոտ 3 մլրդ դրամ կհատկացվի զինծառայողների և ազատամարտիկների բնակարանային պայմանների բարելավման համար

Պաշպանության նախարարությունը նախատեսում է 2013 թվականին զինծառայողների և ազատամարտիկների բնակարանային պայմանների բարելավման համար հատկացվող գումարները հասցնել մոտ 3 միլիարդ դրամի: Այս մասին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Տավուշի մարզում հունիսի 7-ին անցկացված մամուլի ասուլիսում:

«Այդ գործընթացում էլ` թե զինված ուժերի զինծառայողների բնակարանային ապահովման և թե զոհվածների, հաշմանդամների ընտանիքների, անօթևանների, թե բարելավման խնդիրներում, մենք բավականին արդարացի ենք մոտենում: Այդտեղ էլ մենք գնահատել ենք բոլոր կոռուպցիոն ռիսկերը: Կան հերթացուցակներ, և այսօր չափազանց դյուրին է հերթացուցակով արդարացի կերպով հատկացնել այդ փոխհատուցումները և բնակարանները»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ մի շարք ազատամարտիկներ մայիսի 11-ին Ազատության հրապարակում եռօրյա նստացույցով սկսեցին բողոքին ակցիաներ: Մայիսի 13-ին ազատամարտիկները նամակ հանձնեցին կառավարությանը՝ պահանջելով ընդունել ազատամարտի, ազատամարտիկների մասին օրենք և այդ օրենքով ամրագրել սոցիալական երաշխիքներ ազատամարտիկների, պահեստազորի սպաների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների համար: Կառավարությունը նամակն ուղարկեց պաշտպանության, հետո ֆինանսների նախարարություններ: Իսկ հունիսի 6-ին ազատամարտիկները կառավարության շենքի առջև կառավարությունից պահանջում էին հայտնել, թե երբ են կատարվելու իրենց պահանջները:

Սեյրան Օհանյանն ասաց, որ ՊՆ-ն կառավարությանն առաջարկել է փորձել տարեցտարի ավելացնել ընդհանուր կենսաթոշակը ձևավորող գումարները:

«Այդ խնդրի մասին մենք տեղյակ ենք: Այդ խնդիրը այսօր Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է իր հնարավորության շրջանակներում, և բյուջետային հատկացումները, որոնք այդ ուղղությամբ կան, այսօր հնարավոր առավելագույն միջոցներն են»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա հավելեց, որ հունիսի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է ազատամարտիկների պահանջները, և նախագահը ցուցում է տվել, որ ՊՆ-ն աշխատանք կատարի: ՊՆ-ն էլ այժմ գնահատում է իր ֆինանսական հնարավորությունները:

Լուսանկարում` ազատամարտիկների բողոքի ակցիան կառավարության շենքի առջև հունիսի 6-ին: Լուսանկարը` Հակոբ Պողոսյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter