HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Փախստականներ եւ ներքին տեղահանվածներ. 19 տարի անց

Ստորեւ ներկայացնում ենք երկու հարցազրույց հայ եւ ադրբեջանցի փախստականների հետ: Սրանք մարդիկ են, որոնք տարիների ընթացքում այդպես էլ չեն կարողացել քիչ թե շատ կարգավորել իրենց կենցաղը, հարմարվել նոր պայմաններին:

Ներկայացնում ենք հայ եւ ադրբեջանցի այն փախստականների կարծիքները, որոնք, հակառակը, կարծես գտել են իրենց գոյատեւման միջոցները: 

«Ռեգիոն» կենտրոն

«Բռնի տեղահանվածի այդ արգահատելի կարգավիճակը»

Հարցազրույց բռնի տեղահանված Բաբիր Զեյնալովի հետ

- Որտե՞ղ էիք բնակվում նախքան փախստական դառնալը: Ի՞նչ ունեցվածք ունեիք (տուն, տնտեսություն):

- Ես ծնվել եմ 1972 թ. Շուշիում, մտավորականի ընտանիքում: Հայրս քաղաքի գլխավոր ճարտարապետն էր, մայրս դասավանդում էր երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում։ Ընտանիքում երկու երեխա էինք` ես եւ ինձնից երկու տարով փոքր քույրս։ Ընդհուպ մինչեւ 80-ականների վերջը բոլորի նման մենք ապրում էինք երջանիկ, անհոգ կյանքով եւ հրաշալի պլաններ էինք կազմում ապագայի համար: Հիմա այդ ամենը հեռավոր մի հեքիաթ է թվում: Ամեն ինչ կտրուկ վատացավ 1988 թ., երբ ԼՂ-ի հայերը սկսեցին ակտիվորեն հանդես գալ` Ադրբեջանից պահանջելով ինքնավար մարզի անկախությունը։ Իհարկե, այն ժամանակ մենք, մեր գերմիամտության պատճառով, դեռ չէինք գիտակցում, թե ինչի՞ ենք բախվել, եւ տեղի ունեցողն ընկալում էինք որպես մի անհեթեթ թյուրիմացություն, որը շուտով հօդս կցնդի։ Ավաղ, պարզվեց, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է եւ ողբերգական: Ես սովորում էի ռուսական դպրոցում, որտեղ քիչ չէին հայ ուսուցիչները։ Ինձ հետ միասին սովորում էին բազմաթիվ հայ երեխաներ։ Մեր դասարանի ավագը հայ աղջիկ էր։ Եւ մինչեւ հայտնի գործընթացը կմտներ ակտիվ փուլ, մենք ապրում էինք խաղաղ։ Թեեւ պետք է խոստովանեմ, որ մտածելու պատճառներ արդեն կային։ Օրինակ` հիշում եմ, թե ինչպես հայ երեխաները մեր դասարանում խոսում էին, որ հայերն ամեն ամիս ինչ-որ հիմնադրամի համար փող էին հավաքում։ Նունիսկ հիշում եմ, որ մի անգամ ես այդ մասին հարցրի ուսուցչին, իսկ նա լուրջ չընդունեց եւ խուսափեց պատասխանից։ Հիշում եմ նաեւ, թե ինչպես էր հայրս կրկնում հանգուցյալ պապիկիս խոսքերը. «Մենք երբեք չենք մոռանա 1905 թվականը», բայց, հավանաբար, մեր հայրերը մոռացել էին։ Այն ժամանակ դեռ չէինք պատկերացնում, թե ինչ սարսափ է սպասում մեզ։

- Քանի՞ անդամ կա Ձեր ընտանիքում: Որտե՞ղ եք ապրել առաջին տարին տնից ձեզ վտարելուց հետո:

- Ինչպես գիտեք, 1992 թ. մայիսին Շուշիի դավաճանական հանձնումից հետո մենք դարձանք բռնի տեղահանվածներ։ Առաջին տարին մեր ընտանիքին տեղավորեցին Պիրշագիում (գյուղ Ապշերոնի թերակղզում - խմբ.)։ Նույնիսկ այդ ժամանակ թվում էր, թե այդ ամենը ժամանակավոր է, որ ամեն ինչ իր տեղը կընկնի: Բայց հիմա, ռազմական գործողություններից տարիներ անց, հայրենական շոու բիզնեսի զվարճության եւ աղմուկի ներքո «բռնի տեղահանված» դիմելաձեւն արդեն ընկալվում է որպես առօրյա, բնական մի բան։ Բռնի տեղահանվածի կարգավիճակն ունենալուց ավելի ստորացուցիչ եւ արգահատելի բան չկա։ Հիմա կարո՞ղ եք գիտակցել այն հասարակության բարոյական այլանդակությունը, որտեղ մայրաքաղաքի գրանցում ունեցող քաղաքացիները նախանձում են բռնի տեղահանվածներին միմիայն այն պատճառով, որ վերջիններս ազատված են կոմունալ վճարումներից։

- Ո՞վ եւ ինչպե՞ս էր օգնում Ձեզ: Ինչպե՞ս դասավորվեց Ձեր ընտանիքի անդամների ճակատագիրն այդ տարիներին: Համեմատեք Ձեր վիճակն ավելի հաջողակ, կամ հակառակը,ավելի դժբախտ հարեւանների, հայրենակիցների վիճակի հետ:

- Մեզ ոչ ոք չի օգնել։ Եթե օգնած լինեին, չէինք դառնա այդ ամոթալի խարանի կրողները։ Իսկ այն, որ ինչ-որ մեկը մեզ տվել է մի տուփ կարագ կամ մի պարկ ալյուր… Շատ եմ ուզում, որ իմ այս միտքն անպայման գրի առնեք, քանի որ ես ավելի քան համոզված եմ՝ մենք սկսեցինք կորցնել մեր հողերն այն պահից ի վեր, երբ մեզ սկսեց հասնել մարդասիրական օգնությունը։ Ավելի լավ կլիներ, եթե մեզ կարտոֆիլ կամ սոխ ուղարկելու փոխարեն օգնեին գլուխ հանել հայկական ռազմականացված ուժերից։ Նույն բանը կարելի է ասել եւ ներկա վիճակի վերաբերյալ։ Հողերը վերադարձնելու փոխարեն իշխանությունը քաջաբար զեկուցում է բռնի տեղահանվածներին վրանային ավաններից նրանց համար կառուցված այլ ավաններում վերաբնակեցնելու մասին։ Ի միջի այլոց, վիճակն այստեղ վրանայինից ավելի լավը չէ։ Ահա, ստիպված ես այս ամենը տանելով` ապրել։ Աշխատում ենք` որտեղ ստացվում է, չնչին իրավունքներով։ Այդպես էլ անցնում է ողջ կյանքդ: Ինչ վերաբերում է ձեր վերջին հարցին, ապա, գիտեք, կյանքը տարատեսակ է, այդ թվում եւ բռնի տեղահանվածների համար։ Ինչ-որ մեկը Բաքվում գտել է կարագով հաց, մյուսը չքավոր է, եւ իհարկե, չքավորները մեր շարքերում, ինչպես եւ առհասարակ ողջ հասարակության մեջ, գերակշռում են։ Իսկ ըստ էության` բոլորն էլ բռնի տեղահանվածներ են եւ վերջ։

- Արդյոք մտածո՞ւմ եք Ձեր նախկին բնակավայրը վերադառնալու մասին: Եթե նման հնարավորություն լինի, Դուք ինքներդ կվերադառնա՞ք:

- Ձեր այդ հարցը համարում եմ ավելի քան ոչ կոռեկտ։ Եթե այդ մասին չենք մտածում, ապա նշանակում է բոլորովին անասունի ենք վերածվել։ Իհարկե, մտածում եմ։ Թե՞ ինչ-որ մեկը լրջորեն համարում է, որ Շուշին կարող է մերը չլինել։ Իհարկե, մենք կվերադառնանք։ Հարց է` ե՞րբ։ Գուցե դա հենց մեզանից էլ կախված է, ի՞նչ եք կարծում…

- Ինչպե՞ս անդրադարձավ Ձեր վիճակը Ձեր երեխաների վրա: 

- Իմացեք, ուրեմն, որ ես երեխաներ չունեմ եւ 35 տարեկանում դեռ ընտանիք չեմ կազմել։ Կարծում եմ` պատճառը հասկանալի է. տուն չունեմ, աշխատավարձս թույլ չի տալիս տուն վարձել։ Ահա ստիպված եմ այդպես էլ գոյատեւել:

-Ի՞նչ կարգի խնդիրներ են հիմա ամենից շատ Ձեզ հուզում: Տարբերվու՞մ են, արդյոք, դրանք մյուս փախստականների խնդիրներից։

- Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ունենանք մի խնդիր` օկուպացված տարածքների ազատագրումը։ Բայց մեզ ստիպում են սպասել։ Իսկ ինչ վերաբերում է կենցաղային, նյութական խնդիրներին, ապա այդպիսի խնդիրներ ունեն բոլորը, այդ թվում` սոցիալապես անհավասարակշիռ մեր հասարակության մեջ ամենաապահով մարդիկ։ Պարզապես մեկը մտածում է հանապազօրյա հացի մասին, իսկ մյուսը` ծովի լավագույն տեսարանով «բոհեմյան» հյուրանոցի հարկաբաժնի։

Զրուցեց` Զաուր Ռասուլզադեն

«Ոչ ոք չի հասկանա քաղցածին օգնելու գինը...»

Հարցազրույց փախստական Նինա Բեջանյանի հետ

- Որտե՞ղ եւ ինչպե՞ս էիք ապրում նախքան փախստական դառնալը:

- Բաքվի կենտրոնում էինք ապրում` Աղա Նեյմատուլայի 23 հասցեում: Մեր բնակարանը 3 սենյականոց էր, 8 հոգով էինք այդ տանն ապրում` ծնողներս, մեծ եղբայրս իր կնոջ եւ 2 երեխաների հետ, փոքր եղբայրս ու ես: Ամենեւին նեղվածք չէր, եւ առանձնապես չենք էլ մտածել, որ մեզանից ինչ-որ մեկը պետք է առանձնանա: Մեծ ընտանիքով հաշտ ու համերաշխ, երջանիկ էինք, ամեն ինչով ապահովված: Չեմ կարող ասել, որ հարուստ էինք, բայց մեր կենսամակարդակը միջինից բարձր էր: Հայրս ու եղբայրներս քաղաքում հայտնի դերձակներ էին. մեծ եղբայրս արտելի փոխտնօրենն էր: Այս արհեստը նրանց փոխանցվել է ժառանգաբար: Մենք արմատներով Արցախից ենք` Հադրութի շրջանից, աշուղ Առուստամի տոհմից: Նա հա՛մ գուսան է եղել, հա՛մ դերձակ, հա՛մ էլ գիտնական, գրքեր ունի` գրված տարբեր լեզուներով, նույնիսկ` արաբերեն եւ պարսկերեն: Հայրս Բաքու է տեղափոխվել 16 տարեկանում, մայրս` 14: Ես Բաքվում եմ ծնվել-մեծացել, բայց սովորել եմ Երեւանում, Վ. Բրյուսովի անվան ինստիտուտում: Մասնագիտությամբ մանկավարժ եմ, սակայն ավարտելուց հետո աշխատանքի անցա Բաքվի Քաղաքային խորհրդում, կադրերի բաժնի պետն էի:

- Քանի՞ անդամ կա Ձեր ընտանիքում: Որտե՞ղ եք ապրել առաջին տարին, ձեր տնից ձեզ վտարելուց հետո:

- Երբ հայտնի իրադարձությունները սկսվեցին, մենք տեղափոխվեցինք Երեւան, 1988 թ. դեկտեմբերն էր: Այստեղ մարդիկ օգնեցին, ու եղբայրս կարողացավ մեր տունը փոխանակել Երեւանից հեռացող մի ադրբեջանցու բնակարանի հետ: Բայց մեր տունը շատ ավելի լավն էր: Սա երկու սենյականոց էր, սենյակներն էլ` շատ փոքր, մանրահատակը` պոկված: Ամբողջ ընտանիքով` ութս էլ, տեղավորվեցինք այս բնակարանում, հետո բոլորս գրանցվեցինք այդ տանը:

- Ո՞վ եւ ինչպե՞ս էր օգնում Ձեզ: Ինչպե՞ս դասավորվեց Ձեր ընտանիքի անդամների հետագա ճակատագիրը: Համեմատեք Ձեր վիճակն ավելի հաջողակ, կամ ավելի վատ պայմաններում գտնվող հարեւանների, հայրենակիցների հետ:

- Կարելի է ասել` մեզ օգնող չկար. միայնակ էինք մնացել մեր պրոբլեմների հետ: Պետությունից տարիներ շարունակ ոչ մի լումա չենք ստացել: Ինչքան էլ ասեն, որ այդպես չէ, միեւնույն է. հասարակությունը տարբերություն դնում է փախստականների եւ ոչ փախստականների միջեւ: Ասում են` հայերի հեռանալուց հետո Ադրբեջանում մի թեւավոր խոսք է տարածվել` «լավ գլուխ եւ ոսկի ձեռքեր ունեցողները գնացին»: Իսկ այստեղ պետությունը մեզ անուշադրության մատնեց: Մինչդեռ փախստականների մեծամասնությունը բարձրագույն կրթություն ունեին եւ իրենց մասնագիտության մեջ արհեստավարժ էին: Երեւանում մեծ եղբայրս իր արհեստով էր զբաղվում` դերձակությամբ: Ամբողջ ընտանիքին նա էր կերակրում: Բայց 7 տարի առաջ նա սրտի կաթված ստացավ. հրաշքով է ողջ մնացել: Հիմա առաջին կարգի հաշմանդամ է եւ էլ չի կարողանում աշխատել: Իսկ նրա կինն անբուժելի հիվանդ է. քաղցկեղ ունի: 

Փոքր եղբայրս ամուսնացավ, առանձնացավ, վարձով էր ապրում, երեխա ունեցավ: Բայց ճակատագիրը նրանց էլ բաժանեց. կինը երեխային վերցրեց եւ մեկնեց Ռուսաստան` իր հարազատների մոտ: Մինչեւ հիմա եղբայրս վարձով է ապրում եւ հազիվ է չոր հացի փող հայթայթում: 1989 թ. ես ծանոթացա արցախցի մի տղամարդու հետ, ամուսնացանք: Սակայն արցախյան շարժումը սկսվել էր, եւ նա մեկնեց Ստեփանակերտ` ինձ թողնելով եղբորս տանը: 1990-ին առաջին երեխայիս կորցրի` սթրեսային վիճակի եւ հոգեկան ապրումների հետեւանքով: Ամուսինս կռիվների արանքում գալիս էր Երեւան ինձ տեսնելու: 1992 թ. նորից պիտի երեխա ունենայի: Գնացի Արցախ` ամուսնուս մոտ: Վեց ամիս անմարդկային պայմաններում եմ ապրել` կիսաքանդ շենքի նկուղում, ռմբակոծությունների տակ: Հենց երեխայի քառասունքը լրացավ, ամուսինս մեզ ուղարկեց Երեւան: Ցուրտ ու մութ տարիներն էին, քաղցած էինք քնում: Մինչեւ երեխայի մեկ տարեկանը ամուսինս դեռ մեզ հետ կապ ուներ, բայց հետո մոռացավ մեզ: Չգիտեմ` ինչու՞, երեւի էլ իրեն պետք չէինք: Երբ եկանք Հայաստան, մի քանի ամիս անց` 1989 թ., ծանր ապրումներից մայրս մահացավ: 1993-ին կյանքից հեռացավ նաեւ հայրս: Եթե երեխայիս ծննդյան օրը չհաշվեմ, ոչ մի լավ օր չեմ հիշում: Ճիշտ են ասում, որ եթե մարդն իր հարազատ «բույնը» լքում է, վերջ, սկսվում են ձախորդությունները: 

- Արդյոք մտածու՞մ եք Ձեր նախկին բնակավայրը վերադառնալու մասին: Եթե նման հնարավորություն լինի, Դուք ինքներդ կվերադառնա՞ք:

- Այլեւս հնարավոր չէ, որ վերադառնանք Ադրբեջան եւ առաջվա նման ապրենք: Ինչու՞ մտածեմ մի բանի մասին, որը չի լինելու: Բայց շատ կուզենայի գոնե մեկ անգամ տեսնել իմ սիրելի քաղաքը` Բաքուն: Անընդհատ երազումս հայտնվում է մեր հին կյանքը, իմ հարազատ քաղաքը: Չգիտեմ` հիմա ինչպես է, բայց այն ժամանակ Բաքուն ինտերնացիոնալ քաղաք էր: Բոլորս, նույնիսկ ադրբեջանցիները, ռուսերեն էինք խոսում: Շատ լավ հարեւաններ ունեինք: Համարյա բոլորին մտաբերում եմ: Երանի~ այդ տարիները:

- Ինչպե՞ս անդրադարձավ Ձեր վիճակը Ձեր երեխայի կյանքի վրա: 

- Շատ ծանր: Մինչեւ 2002 թ. մենք ապրել ենք եղբորս տանը: Ոչ մի օգնություն չէինք ստանում: Բազում անգամներ օգնության խնդրանքով դիմել եմ տարբեր կազմակերպությունների, պետական կառույցների: Նույնիսկ նպաստ չէին տալիս: Ասում էին` դուք գրանցված եք ձեր եղբոր տանը, նպաստ չի հասնում: 2001 թ. դեկտեմբերն էր: Գնացի Ֆ. Նանսենի անվան դպրոց, տնօրենից աշխատանք խնդրեցի: Բնական է, որ իմ քայքայված հոգեկանով ու նյարդային համակարգով որպես ուսուցիչ չէի կարող մտնել դասարան. հավաքարարի աշխատանք էի խնդրում: Տղաս հետս էր: Երբ տնօրենն իմացավ, որ նա արդեն 8 տարեկան է, բայց դպրոց չի գնում, զայրացավ: Երեխայի հարցերով սկսեց ինքը զբաղվել եւ Ամանորի արձակուրդներից հետո տղայիս ընդունեց իր դպրոց: Նա շատ խելացի երեխա է. կես տարում ամբողջ առաջին դասարանի ծրագիրը յուրացրեց: Տնօրենը մեզ հետ միասին դիմումներ գրեց տարբեր մարմիններ: Ի վերջո, 2002 թ. Նոր Նորքի հանրակացարանում մեզ հատկացրին այս սենյակը: Դրանից հետո արդեն նպաստ էլ ստացանք: Այսօր երեխային հատկացվող գումարի հետ պետությունից ստանում ենք ամսական 12 հազար դրամ: Բայց ինչքան երեխան մեծանում է, այնքան նրան տրվող գումարը նվազեցնում են: Ասես` նա էլ կոշիկ չի հագնում կամ չի սնվում: 
Առաջ ես առողջություն ունեի, աշխատում էի, ուրիշների տներն էի մաքրում: Հիմա էլ չեմ կարողանում. հաճախ անկողին եմ ընկնում: Տղաս է աշխատում: Գնում է տարբեր տեղեր, շինարար բանվորներին օգնում, 1000-2000 դրամ վաստակում: Դպրոց էլ նորմալ չի հաճախում: 

- Ի՞նչ կարգի խնդիրներ են հիմա ամենից շատ Ձեզ հուզում: Տարբերվու՞մ են, արդյոք, դրանք մյուս փախստականների խնդիրներից:

- Բնակարան ունենալու համար չեմ մտահոգվում: Այս շենքում առաջ մոտ 60 փախստական ընտանիք էր ապրում: 2005 թվականից տարեկան 20 ընտանիքի վիճակահանությամբ հատկացվում է բնակարանի գնման վկայագիր: Ինձ էլ է բնակարան հասնում: Երեք անգամ մասնակցել եմ վիճակահանությանը, սակայն բախտս չի բերել: Հիմա մնացել ենք 19 հոգի եւ եկող տարի բոլորիս, առանց վիճակահանության, վկայագրեր են տալու: Ինձ միայն հացի խնդիրն է հուզում, ապրելու կռիվ ենք տալիս: Տղաս աշխատում է, եւ դա կործանում է նրա ապագան. ուսում չի ստանում: Ես ու որդիս շատ վատ կյանք ենք ունեցել: Մեծ դժվարությամբ եմ նրան մեծացրել: Եղել են դեպքեր, որ ուրիշներից գումար եմ խնդրել: Սակայն քիչ թե շատ մոտիկ մարդկանցից, նրանցից, ովքեր հետագայում երեսով չեն տա: Նույնիսկ հիմա, այս վատ պայմաններում, եթե ինչ-որ մեկն ինձնից օգնություն է խնդրում, ու ես այդ պահին թեկուզ շատ փոքր հնարավորություն եմ ունենում, չեմ մերժում, մի բան անում եմ: Ոչ ոք չի հասկանա քաղցածին օգնելու գինը, եթե այդ վիճակում չի եղել:

Նյութերը  պատրաստվել են բրիտանական «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation resources) կազմակերպության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Նյութերում արտահայտված մտքերը հեղինակներինն են եւ կարող են չհամընկնել խմբագրության կարծիքների հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter