HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունի համայնքապետարանը վերածվել է բարեգործական հիմնադրամի

Լոռու մարզի Օձուն գյուղի համայնքապետ Մելիք Այվազյանը հայտնեց, որ գյուղի 1000 հա վարելահողերից այս տարի հազիվ 100 հա աշնանացան է արվել:

Սակայն գյուղամիջում հավաքված տարեց օձունցիները բացատրեցին, որ դեռ խորհրդային տարիներից Օձունն ունեցել է ընդամենը 1239 հա ջրովի վարելահող, եւ եթե դրան ավելացնենք Մելիք Այվազյանի` համայնքապետ աշխատած առաջին տարիներին հատված շուրջ 150 հա պտղատու այգիները, ապա Օձունն ունենում է ոչ թե 1000 հա, այլ շուրջ 1400 հա ջրովի վարելահող: Սա նշանակում է, որ 5380 բնակիչ ունեցող Լոռու մարզի ամենախոշոր գյուղի հիմնական աշխատուժն անգործության է մատնված, որը նաեւ գյուղի սոցիալական վիճակի իրատեսական վիճակագրությունն է: Թե ինչու՞ է Օձունում ամեն տարի վատ կատարվում աշնանացանը, համայնքապետը պատասխանի փոխարեն ինձ մեկնեց «Լոռու մարզ» թերթի 17. 11. 07.թ. թիվ 90 համարը: «Հողի ամուր լինելու հետեւանքով գյուղատնտեսական տեխնիկայով անհնար է եղել հողը հերկելու, փխրեցնելու եւ ցորեն ցանելու աշխատանքները, այդ պատճառով էլ աշնանացանը հետաձգվել է»,- մարզում, այդ թվում նաեւ Օձունում աշնանացան չկատարելու պատճառների մասին թերթին բացատրել է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը: 

Սակայն վերջին տարիներին Օձունում գարնանացան էլ գրեթե չի կատարվում: Ճշմարտությունն այն է, որ գյուղի սոցիալապես անապահով հողի մշակներն իրենց ընտանիքների բերանից կտրածն ու հողին տվածը տարիներ շարունակ ետ չեն ստացել` երաշտի, կարկտահարության եւ էլի հազար ու մի պատճառներով: Պետությունից էլ որեւէ աջակցություն չի եղել: Արդյունքում, սոցիալական ծանր վիճակի պատճառով, գյուղացիներն այսօր այլեւս ի վիճակի չեն մշակել հողը: Համայնքապետ Մելիք Այվազյանն այս կապակցությամբ ասաց. «Օձունը 2007 թ. կարկտահարությունից 200 մլն դրամի վնաս է կրել, այդ պատճառով էլ ես ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին խնդրել եմ մեր գյուղում կարկտահարության թնդանոթներ տեղադրել, փոխարենը հրաժարվում ենք վնասի փոխհատուցումից»: 

Գյուղի վարելահողերի անմշակ մնալն իր ծանր դրսեւորումն է ունենում համայնքային բյուջեում, որտեղ եկամուտների 2007 թ. մուտքերը պլանավորվել են 95294,4 մլն դրամ, այդ թվում` նաեւ ՀՀ պետական բյուջեից նախատեսված 24000,0 մլն դրամ դոտացիան: Բյուջեում հողի հարկ նախատեսվել է 32 մլն դրամ, գույքահարկ` 5000,5մլն դրամ, վարձակալական հողերի հարկային մուտքեր` 1200,0դրամ: Համայնքապետարանն առ այսօր բյուջեի մուտքերն ապահովել է 38 մլն դրամով, որից 20 մլն դրամը ՀՀ կառավարության հատկացրած դոտացիան է:

Բյուջեում 2007 թ. սեփական եկամուտները պլանավորվել են 64 մլն դրամ, որից հավաքագրվել է 18 մլն դրամ, համայնքապետարանը սեփական հարկային եկամուտների մուտքերն ապահովել է հազիվ 29%-ով, երբ տարվա ավարտին մնացել է մեկ ամիս: Բյուջեի աշխատավարձի պարտքը կազմում է շուրջ 4 մլն դրամ, հարկատուները բյուջեին պարտք են 32,5 մլն դրամ: Հողի հարկի հավաքագրումը 32 մլն դրամի դիմաց կազմում է 14 մլն դրամ: Ի դեպ, վերջինը փաստում է նաեւ 15 հաստիքային աշխատող ունեցող համայնքապետարանի աշխատակազմի անգործունեությունը: Ամենահմուտ աճպարարը կարող է նախանձել Օձունի համայնքապետարանի` հարկերը հավաքագրելու մեթոդին: «Հարկահավաքության ձեւերից մեկն այն է, որ Օձունի երկու միջնակարգ դպրոցներում տարեսկզբին աշակերտներից յուրաքանչյուրից դասագրքերի համար հավաքած 3000-ական դրամ գումարը դպրոցների տնօրենները տալիս են համայնքապետին, որն էլ այն մուտքագրում է համայնքի բյուջե` որպես ցուցակով ներկայացված աշակերտների ծնողների հողի հարկ: Այնուհետեւ համայնքապետարանը դրանք բյուջե մուտքագրելուց հետո, որպես բարեգործություն, փոխանցում է բանկ: «Այս ճանապարհով համայնքապետարանին արդեն վճարված է մինչեւ 2020 թ. իմ հողի հարկերը: Գյուղում, իհարկե, ես բացառություն չեմ,- ասաց Օձունի բնակիչ Լորիս Աղվանյանը: «Որպես հարկեր են ձեւակերպվում նաեւ համայնքապետարանի աշխատողների աշխատավարձերը: Սա եւ գյուղապետարանին է ձեռք տալիս, եւ ծնողներին ու աշխատողներին»,- բացատրեց համայնքապետարանի աշխատողներից մեկը` չցանկանալով հրապարակել իր անունը:

Զավեշտականն այն է, որ բյուջեի մուտքերի հավաքագրման գործում ստեղծված ծանրագույն վիճակում, ծախսային մասում համայնքապետ Մելիք Այվազյանն իրեն աներեւակայելի շռայլություններ է թույլատրում: Նա 2007 թ. բյուջեում 1,9 մլն դրամ հատկացրել է իր տրանսպորտային ծախսերին, 500 հազար դրամ` գործուղումներին, 250 հազար դրամ` իր բջջային հեռախոսի լիցքավորման, 500 հազար դրամ` համայնքապետարանի շենքի մի քանի սենյակների տաքացման, 1 մլն դրամ` ներկայացուցչական հոդվածով հյուրասիրությունների, 597 հազար դրամ` համայնքապետարանի շենքի էլեկտրաէներգիայի ծախսերի համար: 

Ինչպես հպարտությամբ հայտնեց Մ. Այվազյանը, բյուջեի սոցիալական ծախսերից նա կարկտահարության եւ այլ բնույթի օգնությունների համար հատկացրել եւ ծախսել է 8 մլն 376 հազար 200 դրամ: Պարզվեց, որ գումարները ծախսելու համար համայնքապետն ունի նաեւ ավագանու որոշումներ: Դրանց վերաբերյալ փորձեցինք ճշտել ավագանու անդամների մոտեցումները: Ավագանու անդամ Աշոտ Ձավարյանն ասաց. «Ես ավագանու նիստերին չեմ մասնակցում եւ ոչնչից տեղյակ չեմ, ինձ մի քանի անգամ հրավիրել են նիստի, չեմ գնացել»: Ավագանու անդամ Արթուր Թամազյանն էլ ասաց. «Կարկտահարված դաշտերը նայել ենք, ում դաշտը շատ վնասված է եղել, նրան էլ օգնություն ենք հատկացրել»: Ավագանու անդամ Արեւ Հովհաննիսյանը խուսափեց զրուցել մեզ հետ: 

Բյուջեից համայնքապետի հատկացրած օգնության գումարի մասին գյուղացիներն առաջին անգամ մեզանից էին լսում: Մեզ պատահած առաջին օձունցին Վիկտոր Դավթյանն էր, որն էլ ասաց. «Իմ 4300 քմ հողը կարկտահարության տարածքում է, սակայն մենք կարկտահարության համար որեւէ օգնություն չենք ստացել»: Առավել զավեշտական վիճակում հայտնվեցին ցուցակում ընդգրկվածները: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին օգնություն ստացողների ցուցակում ընդգրկված Գագիկ Դավիթավյանը, որին հատկացվել է 72 հազար դրամ, կարճ պատասխանեց` տեղյակ չեմ: Արմեն Ձավարյանը, որն ավագանու անդամ Աշոտ Ձավարյանի եղբայրն է եւ որի ազգանվան դիմաց նշված էր 75 հազար դրամ օգնություն, ասաց. «Ու՞մ են տվել, որ ինձ տան»: Ի դեպ, 75 հազար դրամ էր հատկացվել նաեւ ավագանու անդամ Աշոտ Ձավարյանի քրոջը` Արմինե Ձավարյանին, որին չկարողացանք հանդիպել գյուղում: Օձունցի Անգելինա Դավիթավյանի ամուսինը` Վալիկ Դավիթավյանը, որի ընտանիքին, ըստ ավագանու որոշման, հատկացվել է 73 հազար դրամ, ասաց. «Մենք չենք ստացել»: Երբ համոզվելու համար մեկ անգամ էլ փորձեցինք ճշտել, նեղսրտեց. «Էլ ասելու բան կա՞»: Ռոբերտ Խեչումյանը, որին, ըստ ցուցակի, տրվել է 70 հազար դրամ, պարզվեց վաղուց բացակայում է Օձունից: 11 հազար դրամ էլ որպես օգնություն հատկացվել է Վարդուշ Մնացականյանին: Սակայն հարցումներից պարզվեց, որ Օձունում բնակվել են երկու Վարդուշ Մնացականյան, երկուսն էլ մահացած են: Ցուցակում ընդգրկված մյուս անձանց մասին տեղեկացանք, որ նրանց մեծ մասը 2007 թ. կարկտահարության տարածքում գտնվող իրենց հողը չեն մշակել եւ գյուղի սոցիալապես անապահովներից չեն: 

Օձունի համայնքային բյուջեի թափանցիկության մասին խոսելն անիմաստ է: Գյուղացիներն ակնհայտ անտարբերությամբ կամ վախեցած էին պատասխանում բյուջեի մասին մեր հարցերին: Գյուղում հանդիպած որեւէ օձունցի տեղյակ չէր ոչ 2007 թ. համայնքապետարանին հատկացված 4889,0 մլն դրամ բնապահպանական վճարներից, ոչ էլ դրանց ծախսումներին: Գյուղը, համայնքապետարանն ու նրա բյուջեն արդեն շուրջ 10 տարի համայնքապետ Մելիք Այվազյանի սեփականությունն են: «Մելիքը բյուջեի հետ այնպես է վարվում, ինչպես տունարած կովը` լոբուտն ընկնելիս, որն ուտում է, որը` տրորում,- ասաց գյուղամիջում հավաքված տարեց օձունցիներից մեկը` անախորժություններից խոսափելու համար խնդրելով չհրապարակել իր անունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter