HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սեյրան Օհանյան. բանակը բանվորագյուղացիական չէ

Հունիսի 7-ին Նոյեմբերյանի N զորամաս և սահմանամերձ դիրքեր այցելությունից հետո լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հայտնեցին իրենց տպավորությունը, որ բանակը բանվորագյուղացիական է, քանի որ հատկապես սահմանում ծառայում են հասարակ մարդկանց երեխաները, գյուղացիները, ազատամարտիկները, բայց ոչ պաշտոնյաների որդիները:

«Մեր բանակում ծառայում են բոլորը: Նախկինում եղել է այնպես, որ ասում են` բանակը բանվորագյուղացիական բանակ է, ղեկավարների երեխաները չեն ծառայում: Այսօր մենք բավականին խիստ վերահսկողություն ենք իրականացնում, որպեսզի բոլորը գնան ծառայելու, կապ չունի` դա ղեկավարի որդի կլինի՞, թե՞ ղեկավարի որդի չի լինի»,- արձագանքեց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով` իր երկու որդիները ծառայում են Արցախում, գլխավոր շտաբի պետի որդիները ծառայում են սահմանային զորամիավորումներում, շտաբի շատ պետերի տեղակալների և իշխանավորների երեխաներ ևս ծառայում են:

Լրագրողներից մեկն էլ ասաց, որ Ազգային ժողովի տղամարդ պատգամավորների 50 տոկոսը բանակում չի ծառայել:

«Ես համարում եմ, որ Հայաստան Հանրապետության արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի պետք է ծառայի բանակում, պետք է ծառայի հայրենիքին»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Միաժամանակ նա ասաց, որ և գործադիր իշխանության, և Ազգային ժողովի պատգամավորների մեջ կան մարդիկ, ովքեր օրինական են ազատվել զինծառայությունից. ավարտել են տարբեր բուհեր, գիտությունների թեկնածու են, ինչն իրենց հնարավորություն է տվել ստանալ տարկետումներ:

Լրագրողը նշեց, որ Ազգային ժողովի` բանակում չծառայած պատգամավորների 30 տոկոսը զինվորական մեդալներ ու շքանշաններ ունի:

«Մենք մեդալներով պարգևատրում ենք այն մարդկանց, ովքեր համագործակցում են բանակի հետ, ովքեր բանակի համար համապատասխան աշխատանք են կատարում` մանավանդ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ հասարակական տարբեր կազմակերպությունների մեջ ընդգրկված լինելով»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նաև նշեց, որ կողմ է տարկետումները վերացնելուն: Այդ դեպքում կվերանան նաև կրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկեր: Սեյրան Օհանյանին համոզիչ չի թվում այն տեսակետը, որ տարկետման վերացումը կխանգարի կրթության շարունակականությանը:

Նա կարծում է, որ ավելի ճիշտ է առաջին կուրսից գնալ-ծառայել բանակում, հետո ավարտել բակալավրիատն ու մագիստրատուրան, աշխատանքի ընդունվել, քան բակալավրիատը կամ մագիստրատուրան ավարտելուց հետո գնալ-ծառայել բանակում, մոռանալ ունակությունները, այնուհետև անցնել աշխատանքի, որտեղ մարդիկ հիմնականում հմտանում են իրենց մասնագիտության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter