HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սթափվելու ժամանակն է, այլեւս բավական է

Ֆուտբոլի աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Մալթա խաղից հետո հայ երկրպագուի զգացողությունները կարելի էր ձեւակերպել իբրեւ հիասթափություն եւ շոկ: Անկասկած նույնպիսի վիճակում էին նաեւ հավաքականի անդամները՝ խաղացողներն ու մարզիչները, ինչն ակնհայտ երեւաց գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետխաղյա ասուլիսում:

Հիասթափությունն առաջին հերթին կապված է գրանցված 0-1 հաշվի հետ: Հայաստանի հավաքականն առաջին անգամ իր պատմության մեջ պարտվեց գաճաճ երկրի թիմի, այն էլ սեփական դաշտում: Մինչ այդ մեր թիմը 4 անգամ 1-0 հաշվով հաղթել էր մալթացիներին, վերջին անգամ՝ անցյալ տարվա սեպտեմբերին՝ հյուրընկալվելիս այս շրջափուլի առաջին խաղում: Ընդհանրապես գաճաճ երկրների թիմերի դեմ Հայաստանի հավաքականը նախկինում սայթաքել էր (եթե կարելի է այդպես ասել) երկու անգամ. մի դեպքում 2007-ին ընկերական խաղում 0-0 էր խաղացել Անդորրայի հետ, իսկ այս տարվա փետրվարին նույնպես ընկերական հանդիպումը Լյուքսեմբուրգի հետ ավարտվել էր 1-1 հաշվով: Փաստորեն, երեւանյան վերջին խաղում կրած պարտությունը ամենացավալին պետք է համարել, քանի որ ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում 89-րդը համարվող թիմը պարտվեց 156-րդ հավաքականին՝ վերջինիս գերազանցելով ցուցադրած խաղով:   

Չի կարելի ասել, թե մեր թիմը թերագնահատել էր մրցակցին: Հաստատ ոչ: Հատկապես անցյալ տարվա դժվարին հաղթանակից հետո խոսք լինել չէր կարող թերագնահատելու մասին: Պարզապես այս անգամ Մալթան շատ լավ խաղաց: Ի տարբերություն առաջին մրցավեճի, երբ կղզեաբնակներն ավելի շատ մերոնց խաղն էին փչացնում, այս անգամ նրանք գործում էին բավականին արագ, համարձակ, իրենց ուժերին վստահ՝ կարծես համոզված լինելով, որ Հայաստանի հավաքականից կարելի է միավոր խլել: Այս մտածելակերպն ու դարպասապահի եւ պաշտպանների հուսալի խաղը հնարավորություն տվեցին ընտրական խմբի հետնապահներին ռեւանշ վերցնել հայերից ու գլուխները բարձր պահած հեռանալ Երեւանից:

8-րդ րոպեին մալթացիների առաջատար Մայքլ Միֆսուդի խփած գոլը միակը եղավ: Այդ դրվագում անհաջող գործեցին կենտրոնական պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանն ու Տարոն Ոսկանյանը: Նախ նրանց արանքով գնդակն անարգել հայտնվեց Միֆսուդի մոտ, ապա երբ վերջինիս հարվածից հետո Բերեզովսկին մի պահ կասեցրեց գնդակի ընթացքը, Արզումանյանը դեպի դարպասը վազելու փոխարեն կանգ առավ, եւ հարձակվողը առանց արգելքի գրավեց անպաշտպան դարպասը: Կենտրոնականները մի անգամ էլ կոպտորեն սխալվեցին այն ժամանակ, երբ ձախ եզրից մալթացիները գնդակը կախեցին տուգանային հրապարակի վրա, եւ միայն բախտի բերումով երկու գրոհայինները չկարողացան գրավել դարպասը: Ակնհայտորեն զգացվում է Հրայր Մկոյանի պակասը, որն անհամեմատ փորձառու է Ոսկանյանից: Վարդան Մինասյանը չեխերի հետ խաղում Տարոնի գործած կոպիտ սխալներից հետո նրան խաղացնում է մեկնարկային կազմում՝ փյունիկցի պաշտպանին գերադասելով Արտյոմ Խաչատուրովից կամ Վարազդատ Հարոյանից:

Մինասյանը խաղից հետո նշեց, որ ֆուտբոլիստները գտնվում են ֆունկցիոնալ պատրաստվածության տարբեր մակարդակներում, եւ նրանցից ոմանք քիչ խաղաժամանակ են ունենում իրենց ակումբներում: Այո, դա այդպես է, եւ այդ փաստը չի կարող որեւէ ազդեցություն չունենալ խաղի ընդհանուր որակի վրա, սակայն ամբողջ հարցն այն է, որ մեր թիմը ամբողջ հանդիպման ընթացքում այդպես էլ սպառնալից պահեր գրեթե չստեղծեց: Միայն 2 դրվագ եղավ, երբ Մարկոսի ու Արասի հարվածներից հետո հիանալի գործեց հյուրերի դարպասապահ Հեյբերը, իսկ մի անգամ էլ Կառլեն Մկրտչյանի հարվածը մի փոքր բարձր ստացվեց:

Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի հավաքականը դարպասին 11 հարված է կատարել, իսկ Մալթան՝ 1: Բայց փաստն այն է, որ հենց այդ մեկն է գոլի վերածվել, եւ դա է մնալու պատմության մեջ:

Մեր թիմն ուներ խաղային արագություն, սակայն բացակայում էին ստեղծագործական միտքը, ոչ միաձեւ գործողությունները: Ներկա օրերում ավելի ցածրակարգ թիմերը իրենց բարոյակամային որակների հաշվին մինչեւ վերջ խաղում ու նաեւ հաջողության են հասնում: Ու Մալթայի նման մրցակցի պարագայում, որը կարող է ամբողջ խաղակես անցկացնել սեփական կիսադաշտում՝ իրեն ձեռնտու հաշիվը պահելու համար, լավագույն լուծումը հենց ոչ ստանդարտ խաղարկումներն ու գրոհներն են, ինչը չտեսանք վերջին խաղում:

Ինչպես արդեն նշել ենք, այս շրջափուլն այլեւս մարզական որեւէ նշանակություն չունի մեր հավաքականի համար, սակայն դա չի նշանակում, որ ֆուտբոլիստները պետք է գլուխները կախեն ու իմիջիայլոց ներկայանան հավաքական՝ սպասելով «Եվրո-2016»-ի մեկնարկին: Ընդհակառակը՝ մնացած հանդիպումներում նրանք պետք է ձգտեն պարզերես անել իրենց հանդիսատեսի առաջ ու ձգտեն վերականգնել սասանված հեղինակությունը, որ ձեռք էին բերել «Եվրո-2012»-ի ընտրական փուլում:     

Հ.Գ. Ընտրական երկրորդ խմբի Չեխիա-Իտալիա հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով: Վաղը կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից հետո բոլոր 6 թիմերը անցկացրած կլինեն 6-ական խաղ, իսկ ներկա պահին մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը:

թիմ

խաղ

հաղթանակ

ոչ-ոքի

պարտություն

գոլեր

միավոր

1.Իտալիա

6

4

2

0

12-4

14

2.Բուլղարիա

6

2

4

0

11-4

10

3.Չեխիա

6

2

3

1

6-4

9

4.Դանիա

5

1

3

1

6-5

6

5.Հայաստան

5

1

0

4

2-8

3

6.Մալթա

6

1

0

5

2-14

3

Լուս.՝ ffa.am

Մեկնաբանություններ (2)

GAGIK
Տնտեսապես աղքատ երկրում չի կարող լավ սպորտ լինել,,,Սպորտը պետք է ֆինանսաորվի պետության կողմից ոչ թե օլիգարխների կողմից,նրանց հայացողությամբ
azat
xaxi ardyunq@ naxoroq voroshvac er. buqmekerneri arajarkac xaxadruyqic arden xaxic araj parz er vor tenc el piti lini.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter