HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը ԱԺ օրակարգ չընդգրկեցին Հրանտ Բագրատյանի օֆշորային նախագիծը

Քիչ առաջ Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու մասին հարցը: Նշենք, որ նախագիծը բաղկացած էր 3 հոդվածից:

Դեմ են քվեարկել կոալիցիոն գործընկերները` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, իսկ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» կողմ են քվեարկել:

Օրինակ` նախագծով առաջարկվում էր  2014 թ. հունվարի 1-ից հանքարդյունաբերության եւ արդյունաբերության ոլորտում հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերությունների կապիտալում արգելել այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օտարերկրյա օֆշորներում: Ինչպես նաեւ հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելվելու էր արտադրանքի վաճառքը օֆշորներում գրանցված ընկերություններին:

Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում էր հանրապետությունում գրանցված հանքերի շահագործմամբ եւ այդ շահագործումից ստացվող հումքի ու պատրաստի արտադրանքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող ընկերություններին արգելել հումքի, նյութերի, սարքերի, սարքավորումների, տեխնիկայի, տեխնոլոգիաների, ֆինանսական եւ այլ ծառայությունների գնումները օֆշորային ընկերություններից:

Ներկայումս աշխարհում լուրջ պայքար է տարվում ստվերային տնտեսության դեմ: Վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներ ստվերային տնտեսությունը օրինականցնում են իրենց տարածքում` ստեղծելով օֆշորային գոտիներ:

Որպես նախագծի հիմնավորում Հրանտ Բագրատյանը առանձնացրել էր մի քանի մտահոգություններ: Ըստ նրա` օֆշորային գոտիներ գործում են շուրջ 4 տասնյակ երկրներում: Դրանք ստեղծում են ոչ միայն թերզարգացած, այլ նաեւ զարգացած երկրները:

Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները օգտվում են այդ գոտիներում սահմանված հարկային արտոնություններից` պայմանով, որ նրանք տնտեսական գործունեություն չեն ծավալելու այդ գոտիներում: Բոլոր դեպքերում օֆշորային գոտի նշանակում է հարկային արտոնություն:

«Կիպրոսի դեպքերը ցույց են տալիս, որ օֆշորային գոտիները լուրջ արգելք են դարձել համաշխարհային տնտեսության զարգացման համար: Նրանք վերաբաշխում են այլ երկրների բյուջեներին պատկանող միջոցները: Հայաստանում գործող հանքարդյունաբերական ձեռնարկություննեպի օրինակը եւս ցույց է տալիս, որ հաճախ նրանք պատրաստի արտադրանքը վաճառում են իրենց իսկ պատկանող օֆշորային ընկերություններին էժան գներով, իսկ վերջիններս արդեն իսկական եւ թանկ գներով վաճառում են այդ արտադրանքը վերջնական գնորդին»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:

Հրան Բագրատյանի կարծիքով` այս ամենի արդյունքում է, որ, դատելով ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում հանքերի շահագործված ֆիզիկական ծավալներից, 1,5 մլրդ դոլարի համախառն շրջանառության փոխարեն ունենք 500 մլն եւ 400-450 մլն դոլար բյուջետային մուտքի փոխարեն ունենք միայն 75-80 մլն դոլար:

«Օրինագծի ընդունումը թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտում հասնել նրան, որ, ինչպես բանկային ոլորտում սեւ փողերի լվացման պարագայում, ստվերային տնտեսությունը շեշտակի կկրճատվի»,- ավելացրել է պատգամավորը:

Թե ինչու այս նախագիծը նույնիսկ օրակարգ չընդգրկվեց` անհասկանալի է:

Մեկնաբանություններ (1)

Gegham
Այ Հրանտ էս օրը ցերեկով ուզում ես դրանց ԼԱՓԻՑ կտրես,, ))))))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter