HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ԼՂՀ փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 10-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունեց աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պատվիրակությանը, վարչության պետ Արման Սահակյանի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին, կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց նրանց պետական գույքի կառավարման բնագավառում ցուցաբերվող օժանդակության համար, նշելով, որ այս ուղղությամբ անելիքները շատ են: Անդրադարձ կատարվեց, մասնավորապես, պետական գույքի կառավարման ոլորտում առկա մոտեցումները վերանայելու անհրաժեշտությանը:

Վարչապետը կարևորեց երկու հայկական հանրապետությունների համապատասխան մասնագետների միջև փորձի փոխանակումը, խորհրդատվական օգնության ցուցաբերումը, հույս հայտնելով, որ այս այցելությունը կնպաստի Արցախում պետական սեփականության հանդեպ ավելի պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը և կառավարման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը: Արցախի կառավարության ղեկավարը նշեց նաև, որ հանրապետության համար կարևոր նշանակության խնդիր է պետական գույքի ճիշտ և նպատակային կառավարումը, ինչպես նաև Արցախում մասնագետների պատրաստումն ու նրանց շփումները հայաստանյան գործընկերների հետ:

Արման Սահակյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ պետական գույքի կառավարումը որոշակի դժվարություններով է ընթանում նաև Հայաստանի հանրապետությունում: Նախորդ տասնամյակներին հռչակած սեփականաշնորհումը ցուց տվեց, որ համատարած մասնավորեցումը ճիշտ չէ, և ներկայումս աշխատանքներ են տարվում կարևոր օբյեկտների պետական կառավարման եղանակների հստակեցման նպատակով Հայաստանի խորհրդարանում օրենսդրական համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալու ուղղությամբ: Նա նաև հետագա համագործակցության խորացման և մասնագիտական աջակցության ցուցաբերման պատրաստակամություն հայտնեց:

Հանդիպմանը ԼՂՀ կառավարության ղեկավարը հայաստանյան պատվիրակության անդամներին նվիրեց Շուշիի ազատագրության 20-ամյակին նվիրված ալբոմ, իսկ Արման Սահակյանը փոխանցեց իր համահեղինակությամբ հրատարակված «Հողագույքային հարաբերությունների հիմունքներ» ձեռնարկը:

Հանդիպման ավարտին ԼՂՀ կառավարության աշխատակազմի և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջև ստորագրվեց պետական գույքի կառավարման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter