Մասսայական արտագաղթ (տեսանյութ)
Երեկ` հունիսի 9-ի առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկոյան 23:00-ը, Հայաստանի տարբեր համայնքերի մոտ 700 հայ բնակիչ Ալավերդիով մեկնեցին Բագրատաշենի մաքսային անցակետ` հայ-վրացական սահմանով Ռուսաստանի Դաշնություն արտագաղթելու նպատակով: Նրանց տեղափոխում էին «Մերսեդես Բենց» եւ «Ռաֆ» մակնիշի 10 միկրոավտոբուս և 11 մեծ ավտոբուս:
«Հետքին» հաջողվեց պարզել նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների երթուղիները: Դրանք մեկնում էին Մոսկվա, Դոնեցկ, Ռոստով, Կրասնոդար, Վորոնեժ, Սոչի, Սամարա, Ուֆա և այլ քաղաքներ: Արտագաղթողները Երևան, Հոկտեմբերյան, Էջմիածին, Վանաձոր, Ալավերդի քաղաքների, ինչպես նաև Ստեփանավանի շրջանի գյուղական համայնքների բնակիչներ էին, նրանց մեջ կային նաև Արցախում մարտնչած ազատամարտիկներ և աշխատանքային 1-ին խմբի հաշմանդամներ:
Արտագաղթողներից Բարեղամ Նիկողոսյանը մեզ ասաց, որ «Անուշ տրանս տուր» ընկերությանը պատկանող միայն մեկ ավտոբուսում նստած են 30 էջմիածինցի: Մեկնողները հայտնեցին, որ Հայաստանից հեռանում են նախագահական ընտրությունների, աշխատանք չգտնելու, ցածր աշխատավարձի, վարկերի տակ կքած լինելու, վերջին շրջանում կարկտահարված իրենց գյուղատնտեսական տնտեսություններին հասցված վնասները վերականգնելու գործում կառավարության անտարբերության և այլ պատճառներով:
Շատերը վստահություն էին հայտնում, որ այլևս չեն վերադառնա Հայաստան: Նրանք համոզմունք հայտնեցին, որ Հայաստանի կառավարությունը ամեն ինչ անում է ճիպոտով ՀՀ քաղաքացիներին երկրից հեռացնելու համար, ոմանք էլ այն կարծիքին էին, որ պետական պաշտոնյաներից յուրաքանչյուրի կազինոներում մեկ օրվա ընթացքում վատնած փողերով կարելի է լուծել Հայաստանի մեկ գյուղի ամբողջ հիմնախնդիրներ: Մասսայական արտագաղթին ականատես Երևան-Բագրատաշեն մայրուղուն հարող բնակավայրերի, այդ թվում նաև՝ Ալավերդու բնակչության շրջանում խուճապային տրամադրություններ են տիրում:
Մեկնաբանություններ (35)
Մեկնաբանել