HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարից հետաքրքրվեց վարչապետի օֆշորային գործարքներից

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն Ազգային ժողովում ներկայացնում է 2012թ. պետական բյուջեի կատարողականը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում անդրադարձավ «մամուլի հրապարակումներին», որոնք վերաբերում են վարչապետի մասնակցությամբ օֆշորային գործարքներին:

«Նույն այդ մամուլում, որտեղ այդ հարցադրումներն եք գտել, նաև կարող էիք գտնել կառավարության համապատասխան պաշտոնական պարզաբանումը, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, հերյուրանք են, սուտ են, և վարչապետը դիմել է իրավապահ մարմիններին՝ պարզելու, թե ինչպես են այդ տեղեկությունները ստացվել, և ինչ տարբերակով է, որ օգտագործվել է համապատասխան պաշտոնյայի անունը»,- արձագանքեց Դավիթ Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հենց խնդիրը դա է. «Փոխանակ դատախազությունը դիմեր Տիգրան Սարգսյանին, Տիգրան Սարգսյանն է դիմել դատախազությանը, որպեսզի դուք այսօր հնարավորություն ունենաք ամբիոնից ասել՝ գիտեք ինչ, դիմել են դատախազությանը, դատախազությունը զբաղվում է և կտա բոլոր հարցերի պատասխանները»:

Ըստ պատգամավորի՝ սկսած մարտի 1-ի դեպքերից և վերջացրած այլ գործերով, դատախազությունը հարցերի պատասխաններ չի տվել, և փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի պետական պաշտոնյաները դիմում են նրա համար, որ հարցերի պատասխանելու դեպքում ասեն՝ դիմել ենք դատախազությանը:

«Իրենք 10 տարի կզբաղվեն, 20 տարի կուսումնասիրեն, հետո կգա կպարզաբանի: Հանրությունն ուզում է անձամբ Տիգրան Սարգսյանից լսել հարցերի պատասխանները, ընդ որում՝ ոչ թե ընդհանրական պատասխաններ, այլ հոդվածի բոլոր դետալներին վերաբերող»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան՝ ֆինանսների նախարարն ասաց, որ «խնդիրն այն է, որ դուք բարձրացնում եք և տալիս եք հարց ոչ թե պատասխան լսելու, այլ ձեր հարցը հնչեցնելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter