HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Առաջարկում են ԶԼՄ-ներից պահանջվող գումարը մի քանի անգամ կրճատել

Վիրավորանքի եւ զրպարտության համար վերջին շրջանում լրատվամիջոցների դեմ ներկայացվող հայցապահանջները շատացել են, որոնցով ԶԼՄ-ներից պահանջում են հսկայական գումարներ: Ընդ որում՝ որպես փաստաբանական ծառայությունների համար վճարված գումարներ՝ հայցվորներն այս դեպքում եւս աստղաբաշխական թվեր են ներկայացնում: Դատարանն էլ լրատվամիջոցին ստիպում է այդ ամենը փոխհատուցել:

Բացի դրանից՝ հաճախակիացել են նաեւ այն դեպքերը, երբ դատարանները, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք են դնում ԶԼՄ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա, ինչով էլ լրացուցիչ խոչընդոտներ են հարուցում լրատվամիջոցի համար:

Փաստաբանների պալատում (ՓՊ) այսօր հրավիրված քննարկման ժամանակ Պալատի խորհրդին առընթեր Գիտավերլուծական կենտրոնի ղեկավար Արա Զոհրաբյանը նկատեց. «Վիրավորանքի կամ զրպարտության գործերով կարծես պրակտիկա է ձեւավորվել, որ փաստաբանները միջինը պահանջում են 2 մլն դրամ»:

Նա նշեց, որ Կենտրոնում խնդիրը քննարկվել է եւ այսօր տեղի տեղի ունենալիք ՓՊ խորհրդի նիստում ներկայացնելու է սակագնային առաջարկ: Ըստ այդմ՝ վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորված պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջի վերաբերյալ գործերով, որպես փաստաբանական ծախս պահանջվող գումարը չի կարող գերազանցել 300 հազար դրամ: Իսկ գործարար համբավի պաշտպանության պահանջով ներկայացվող գումարային առավելագույն պահանջը պետք է լինի 500 հազար դրամ: Հակառակ դեպքում՝ Պալատը դա կհամարի ոչ ողջամիտ՝ փոխհատուցման իմաստով:

«Փաստաբանական ծառայության ողջամտության մասով՝ պետք է նաեւ հաշվի առնենք եւ այնպես անենք, որ ազատ խոսքի ոլորտը զարգանա եւ ոչ թե վախեցնենք լրագրողներին, որոնք մեր՝ փաստաբաններիս նման անկախության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Եվ մենք կարծում ենք, որ այս իմաստով պետք է որոշակի զսպաշապիկներ կիրառել»,- ասում է Զոհրաբյանը եւ նշում, որ ՓՊ խորհրդի ընդունած որոշումը ներկայացվելու է դատարանների նախագահների խորհրդին, «եւ փորձելու ենք այդ ճանապարհով հասնել նրան, որպեսզի դատարանները փորձեն այս սակագներով ղեկավարվել»:

Իհարկե, ըստ Արա Զոհրաբյանի, նշյալ սակագների առաջարկությունը դատավորների համար զուտ խորհրդատվական բնույթ է կրելու: Մյուս կողմից՝ վերջինիս փոխանցմամբ, նշյալ սակագների առկայությունն ամենեւին չի նշանակելու, որ փաստաբանը չի կարող իր վստահորդից պահանջել 300 կամ 500 հազար դրամից ավելի գումար:

«Մենք չենք սահմանափակում փաստաբանի եւ իր հաճախորդի պայմանագրային փոխհարաբերությունները: Փաստաբանը կարող է իր հաճախորդից վերցնել 10 միլիոն դրամ, բայց եթե նա այդ պայմանագիրը ներկայացրեց դատարան, պարտվող կողմի վճարած գումարը պետք է լինի ողջամտության սահմաններում»,- ասում է Զոհրաբյանը եւ շեշտում, որ հակառակ դեպքում դա կարող է առաջացնել իրավունքի չարաշահում: Քանզի բոլոր այն գործերով, երբ հաղթելու հավանականությունը մեծ կլինի, փաստաբանական ծառայությունների համար պահանջվող գումարի չափն արհեստականորեն կմեծացվի:

Արա Զոհրաբյանը քննարկման ժամանակ մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նաեւ այն իրավիճակի վրա, երբ որեւէ մեկին թերթը վիրավորում է, գործը մտնում է դատարան, սակայն մինչեւ դատավարության ավարտը (ինչը կարող է ամիսներ տեւել), թերթը նախ գրում է՝ այն մարդը, որին ասացինք հիմար, հայց է ներկայացրել դատարան: Հետո տեղեկացնում է դատավարության ընթացքի մասին եւ հիշեցնում, որ գործը կապված է նրա հետ, որ իրենք հայցվորին անվանել են հիմար:

«Եվ այնքան են հիմար ասում տվյալ անձին, որ եթե նույնիսկ ասեն ներողություն, նստվածքը մնում է,- հավելում է Զոհրաբյանը,- այս տեսակետից եւս լուրջ խնդիրներ կան: Պետք է բազմակողմանի մտածենք, որովհետեւ փաստաբանական ծառայություն մատուցողներս այնպես չէ, որ միայն մեկ կողմին ենք պաշտպանում»:

Ինչ վերաբերում է վերջին դեպքերին, երբ դատարանները, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք են դնում լրատվամիջոցի գույքի եւ դրամական միջոցների վրա, Արա Զոհրաբյանը նկատում է, որ դատարանը նման իրավունք ունի միայն տեսականորեն: Քանի որ վիրավորանքի եւ զրպարտության գործերով ներկայացվող պահանջն առաջին հերթին վերաբերում է պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանությանը, իսկ գումարայինը ուղղակի ածանցյալ պահանջ է:

«Հայցվորի հիմնական նպատակը պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելն է, այսինքն՝ հերքել տեղեկությունը կամ ներողություն խնդրել հասցված վիրավորանքի համար: Եվ այս պայմաններում, մենք կարծում ենք, որ հայցի ապահովման միջոց չի կարող կիրառվել: Ավելին՝ մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն միջազգային մի շարք պայմանագրեր է վավերացրել եւ խոսքի ազատության, պաշտպանության հարցում ունի լուրջ առաքելություն»,- ասում է Արա Զոհրաբյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter